Սահմանադրության օրը Արագածոտնի մարզի եւս 4 գյուղերի համար նշանավորվեց տարերային աղետով: Անցած գիշեր հեղեղումների գրոհին են ենթարկվել Ներքին Սասնաշեն, Վերին Սասնաշեն, Ներքին Բազմաբերդ, Վերին Բազմաբերդ գյուղերը: Ինչպես տեղեկացանք Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանից, կատաղած տարերքն այդ գյուղերում կրկին ճանապարհներ է ավերել, կամուրջներ քշել, տարել եւ օժանդակ կառույցներ փլել: Մարզպետարանի հատուկ հանձնաժողովը կրկին կորուստների հաշվարկներ է անում:
Հիշեցնենք, որ անցած 2 շաբաթվա ընթացքում ուժեղ տեղատարափը եւ կարկուտները վնասել են մարզի 19 համայնքների: Դրանցից առաջ միայն երաշտի պատճառած կորուստներն արդեն հաշվարկվել են` 120 մլն դրամ:
Ընդհանուր առմամբ Հայաստանի 930 համայնքներից 50-ն արդեն այս կամ այն չափով կրել է իրար հերթ չտվող տարերային աղետների ծանր հետեւանքները: Նախնական հաշվարկներով, վնասվել են պտղատու այգիների 70 տոկոսը, կարտոֆիլի եւ բանջարեղենի ցանքերի 60 տոկոսը, խաղողի այգիների 20 տոկոսը: Միայն Տավուշի մարզին գարնանային ցրտահարությունները, գերխոնավությունն ու երաշտը 1,4 մլրդ դրամի վնաս են պատճառել:
Կ. Դ.