Չեզոքացուցիչների մասին որոշման կիրառումը դարձյալ հետաձգվեց
Հուլիսի 1-ից կառավարական որոշմամբ պիտի դադարեցվեր վնասակար արտանետումների չեզոքացուցիչներ չունեցող ավտոմեքենաների ներմուծումը հանրապետություն: Նախապես արգելքը սահմանվել էր 2006 թվականի հունվարի 1-ից, հետո ռուսական մեքենաների արտադրության 2 ընկերությունների խնդրանքով ժամկետը հետաձգվեց մինչեւ հուլիսի 1-ը: Ներմուծումների նոր պահանջին համապատասխան վերակառուցվելու համար հիմա էլ ռուսական այլ ընկերություններ են խնդրել վերախմբագրել ժամկետը, եւ էլի երկարաձգվել է մինչեւ 2007 թվականի հունվարի 1-ը:
Ոչ միայն Ռուսաստանը, այլեւ ԱՊՀ երկրներից ոչ մեկն առայժմ չի նախաձեռնել մթնոլորտն աղտոտումից ապահովագրելու նման կարեւոր միջոցառում: Հայաստանն առաջինն է նման քայլ անում:
Ըստ պաշտոնական տվյալների, Երեւանի օդի աղտոտվածությունը նորմայի սահմաններից բարձր է 2,5-3 անգամ: Այսօր թունավոր արտանետումների առյուծի բաժինը տրանսպորտինն է: Վերջին տվյալներով դրանք Երեւանում կազմում են արտանետումների ընդհանուր զանգվածի 97 տոկոսը: Դրանց վտանգը կրկնակի մեծանում է, որովհետեւ կուտակվում են մթնոլորտի գետնամերձ շերտերում, այսինքն, մարդն անմիջականորեն շնչում է դրանք: Դրանք շարունակում են վտանգավոր մնալ նույնիսկ 2001 թվականին էթիլացված բենզինի ներկրումներն արգելելուց հետո: Էթիլացված բենզինը կրճատեց խիստ վտանգավոր նյութի` կապարի արտանետումները: Հիշեցնենք, որ փորձագետների համոզմամբ կապարի նորմայից բարձր քանակը քաղցկեղածին եւ մտավոր շեղումներով հիվանդությունների խթանման հավանական պատճառ են համարվում: Կապարը տասնամյակներ կարող է պահպանվել հողում եւ շարունակել վտանգավոր ազդեցությունը: Այս տեսանկյունից մինչեւ այսօր էլ կասկածելի են երեւանյան տնամերձներից սեղաններին ու շուկայում հայտնվող միրգն ու բանջարեղենը, որոնք աճեցվում են դեռեւս կապարի ներկայությունից չազատված հողի մեջ:
Օդն աղտոտումից պաշտպանելու կառավարական միջոցառումների շրջանակում էթիլացված բենզինից հրաժարվելն, իհարկե, կարեւոր, սակայն ոչ բավարար քայլ էր: Այսօր տրանսպորտային սպասարկման ասպարեզում ձեւավորվել է անթույլատրելի ազդեցությունների մի շրջանակ, որ ծնունդ է տվել ոչ պակաս վտանգավոր այլ իրողության: Բնապահպանության նախարարության 2003-2005 թվականների զեկույցում ուղղակի խոստովանություն կա Երեւանի օդային ավազանում առկա վտանգավոր երեւույթի` ֆոտոքիմիական թունամշուշի ((սմոգի) մասին: Աշխարհում հայտնի են ֆոտոքիմիական սմոգի 2 արտահայտություններ` լոնդոնյան եւ լոսանջելեսյան: Լոնդոնյանը թունամշուշի այն տարբերակն է, երբ արտանետումները քամիների բացակայության պայմաններում կուտակվում են օդային ավազանում եւ պարզապես առաջացնում թունավոր մառախուղ: Երկրորդ տարբերակն առաջանում է արեւի ճառագայթների մասնակցությամբ: Բավական է, որ երկրի մակերեւույթի վրա ուժեղանա դրանց ազդեցությունը, մթնոլորտում արագ խթանվում են տարբեր ֆիզիկա-քիմիական ռեակցիաներ, առաջանում են ակտիվ ատոմներ պարունակող ռադիկալներ, որոնք շատ ավելի ագրեսիվ ու շատ ավելի թունավոր են: Եվ դրանց նվազագույն քանակն անգամ կարող է անդառնալի վնասել մարդկային օրգանիզմին: Ըստ «Հանուն մարդկային կայուն զարգացման աոցիացիայի» նախագահ Կարինե Դանիելյանի, քաղաքում ֆոտոքիմիական թունամշուշի առկայության ցուցանիշն ու վկայությունն այդ ռեակցիաների ժամանակ առաջացած օզոնի` նորմայի վերին սահմանը գերազանցող բարձր քանակն է: Բայց թե ֆոտոքիմիական թունամշուշի ո՞ր տարբերակն է առկա Երեւանում եւ ինչպիսի՞ ներգործություն է ունենում մարդկանց առողջության ու ինքնազգացողության վրա, առայժմ ուսումնասիրված չէ:
Տրանսպորտային անկանոն, անկազմակերպ սպասարկման յուրաքանչյուր բաղադրամաս վկայում է այս ոլորտում տիրապետող վայրենի բարքերի մասին, որոնց գումարային ազդեցությունը բազմապատկում է արտանետումների քանակն ու դրանց զանազան սպառնալիքները:
Ավտոմեքենաների տարեկան տեխնիկական զննության տվյալների համաձայն, Երեւանի ավտոմեքենաների պարկում մեքենաների 30 տոկոսը 20 տարուց ավելի շահագործվում է, 60 տոկոսը` 10-20 տարի, 10 տոկոսը` մինչեւ 10 տարի: Համեմատենք Արեւմտյան Եվրոպայի հետ` այստեղ մեքենաների միջին տարիքը 5-7 տարի է: Շահագործվող մեքենաների մեծամասնությունը 80-90-ական թվականներին նախկին ԽՍՀՄ-ում կամ Ռուսաստանում արտադրվածներն են, որոնք չեզոքացուցիչներ չունեն: Այնուամենայնիվ, Երեւանում այսօր շատ են նաեւ չեզոքացուցիչներով աշխատող գերժամանակակից նորաձեւ մեքենաները, որոնք, սակայն, կազմում են ավտոպարկի ընդամենը 5 տոկոսը:
Փողոցների գերհագեցածությունը օդի աղտոտվածության ավելացման հաջորդ պատճառն է: Երեւանում, տարբեր տվյալներով, 140-150 հազար ավտոմեքենա կա: Ամեն տարի ներկրվում է եւս 15 հազարը: Երեւանի կենտրոնից այլ հատվածներ տեղաշարժվելը խցանումների հետեւանքով կարող է ժամեր տեւել: Մայրաքաղաքի 800 լուսացույցներից նվազագույնը 200-ն անբավարար կամ սխալ են աշխատում: Սա եւս մեքենաների կուտակումների ու երթեւեկի քաոսային, հաճախակի ընդհատումների պատճառ է դառնում: Խցանումների ընթացքում, հատկապես որ մեքենաների մեծ մասն արդեն ծերացած փոխադրամիջոցներ են, օդը հագենում է նոր արտանետումներով: Խցանումները սովորական երեւույթ են Երեւանի համար, ավելին, օտարերկրացիների աչքին մեր քաղաքի բնորոշիչներից են դարձել: Եվ այս առումով ապագան ոչ մի լավ բան չի խոստանում: Քաղաքի կենտրոնում բարձրահարկ շենքերը շարունակում են շարվել մեկը մյուսի հետեւից: Քանի որ դրանք էլիտար կոչվող բնակարաններ են, զուտ այն առումով, որ պատկանում են մեծահարուստներին, ամեն բնակարան իր հետ առնվազն մի մեքենա է բերելու, եւ կենտրոնը վերջնականապես անանցանելի կդառնա: Քաղաքի տրանսպորտային խնդիրները համակարգող Երեւանի փոխքաղաքապետ Սլավա Ավանեսյանի հաշվարկներով, 3 տարի անց Երեւանի փոխադրամիջոցների քանակը 190 հազարի կհասնի: Քանի որ փոխադրամիջոցների թիվը քչանալու փոխարեն ավելանում է, գերհագեցած փողոցներն ընդլայնելու խնդիր կառաջանա: Եվ հարվածի տակ կհայտնվեն հավանաբար հատուկենտ կանաչ գազոնները:
Որ մեզ մոտ որոշումներն իրականացվում են քաոսային կարգավորման սկզբունքով, վկայում է թեկուզ էլեկտրատրանսպորտի վերացումը: Տրամվայները բնապահպանական տեսանկյունից ամենամաքուր եւ նախընտրելի փոխադրամիջոցն են, բայց մենք հաջողությամբ կազմակերպեցինք դրանց հուղարկավորությունը: Ինչ վերաբերում է տրոլեյբուսներին, ապա մայրաքաղաքում այսօր երթեւեկում է ընդամենը 60-ը: Երեւանում հաստատվել է միկրոավտոբուսների բռնատիրությունը: Այսօր Երեւանում օրինական հիմքերով գործող 3926 միկրոավտոբուս կա, ստուգումների ժամանակ հայտնաբերվել են ստվերում գործող եւս 1080-ը: Դրանց քանակն ավելանում է քաղաքի կենտրոնի գլխավոր երթուղիներում, չնայած միկրոավտոբուսներից բեռնաթափման վերաբերյալ ամենաբարձր մակարդակի` նախագահական հանձնարարականին: Փորձագիտական ուսումնասիրությունների համաձայն, Երեւանի օդային ավազանի ամենաաղտոտված հատվածը հենց Կենտրոնն է, հաջորդաբար գալիս են Շենգավիթն ու Չարբախը: Համեմատական կարգով բնակության համար նախընտրելի եւ մաքուր տարածքը Նոր Նորքի զանգվածներն են:
Եվ իհարկե, տրանսպորտային փոխադրամիջոցներով գերհագեցած Երեւանը թունավոր փոս դարձնելու սեւ գործում պատկառելի է կանաչ տարածքների հաշվին իրականացվող կառուցապատումների բաժինը, որոնք պակասը լիուլի լրացնում են: Այս բացասական գործոնների համերաշխ գործողությանը պետությունը, այնուամենայնիվ, փորձում է հակադրել որոշակի միջոցառումներ: Գազով աշխատող մեքենաների քանակի ավելացումը որոշակի լումա է այդ արտանետումները պակասեցնելու խնդրում, քանի որ այս տեսանկյունից այս վառելիքն անվնաս է համարվում: Օդը մաքրագործելու պետական քաղաքականության մեջ մյուս գործնական միջոցառումը, ըստ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի, հնամաշ, իրենց կյանքն ապրած մեքենաների շահագործման դադարեցումը կլինի: Նախարարութան նախաձեռնությամբ վերականգնվել է մոնիտորինգային վերահսկողության համակարգը, որն, այնուամենայնիվ, դեռ ողջ հզորությամբ չի գործում: Այս նույն առաքելության շարքում է դասվում Կիոտոյի արձանագրության շրջանակներում մայրաքաղաքում ջերմամատակարարման նախագծի իրականացումը, որի շրջանակներում Երեւանի 2 համայնքներ` Ավանը եւ Դավիթաշենը, կենտրոնացված ջերմամատակարարում կստանան: Սրա նպատակը մթնոլորտում ջերմոցային գազերի կրճատումն է:
Իսկ հիմա գնահատեք, թե ֆոտոքիմիական թունամշուշի առկայության եւ դրան իբրեւ հակաքայլ ձեռնարկվող պետական միջոցառումները որքանով են հավասարակշռվում եւ դրանց համապատկերում որքանով խելամիտ էր չեզոքացուցիչների վերաբերյալ կառավարական որոշման հետաձգումը, ինչքան էլ տնտեսական նպատակահարմարության տեսանկյունից նախընտրելի լիներ:
Ի լրումն ամենայնի, այս տարի հունիսի ջերմաստիճանը միջին տարեկանից բարձր է 5-6 աստիճանով: Թերեւս նաեւ այս իրողությունը գումարվելով թունավոր օդի առկայությանը, հատկապես շնչառական եւ սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդկանց ինքնազգացողության հաճախակի վատացման պատճառ է դարձել:
ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ