Ինչպես ամեն տարի, այս անգամ եւս «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչները համագործակցում են եվրոպական երկրների, միջազգային կազմակերպությունների հետ: Միջազգային 3-րդ կինոփառատոնին գրասենյակը համագործակցում է Հայաստանում Ֆրանսիայի, Գերմանիայի, Իրանի դեսպանատների, Բրիտանական խորհրդի, Բաց հասարակության ինստիտուտի հետ:
Երեկ հրավիրված մամուլի ասուլիսին պարզ դարձավ, որ Բրիտանական խորհուրդը տեխնիկական աջակցություն է ցուցաբերել կազմակերպիչներինՙ ենթագրերով թարգմանելով ցուցադրվող ֆիլմերը:
Հուլիսի 14-ին կազմակերպված «Ֆրանսիական օր» ծրագրի շրջանակներում Երեւանի Շառլ Ազնավուրի հրապարակում երաժշտական միջոցառում կկազմակերպվի: Ֆրանսիական ֆիլմերը կցուցադրվեն ինչպես խաղարկային, վավերագրական ֆիլմերի ծրագրերում, այնպես էլ «Հայկական համայնապատկերում»: Վերջին ծրագրում կցուցադրվի Ռոբեր Գետիկյանի «Ճանապարհորդություն դեպի Հայաստան» ֆիլմը, որն անցյալ տարի է ստեղծվել Հայաստանում:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանի խոսքերովՙ քանի որ հայկական կինոն եւ մշակույթն, առհասարակ, եվրոպամետ է, փառատոնի շրջանակներում նախատեսված է «1 օր Եվրոպայում» արտամրցութային ծրագիրը, որտեղ եվրոպական մի շարք ֆիլմեր կցուցադրվեն: Ս. Հարությունյանը տեղեկացրեց նաեւ, որ այս տարվա փառատոնի պատվավոր հյուրերից է Փարաջանովի մտերիմներից Տոնինո Գուերան, ով Հայաստան կժամանի հուլիսի 13-ին եւ փառատոնին կմասնակցի մինչեւ փակման արարողություն: Փառատոնի գեղարվեստական տնօրենի խոսքերովՙ Տ. Գուերան հեռախոսազրույցում նշել է, որ երազել է լինել Հայաստանում, ճանաչել Փարաջանովի ժողովրդին: Փարաջանովի թանգարանում կազմակերպված միջոցառմանը ռեժիսորը մրցանակ կստանաՙ համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար:
Հուլիսի 10-ինՙ փառատոնի բացման արարողությունը, բացի «Նամուս»-ից կցուցադրվի նաեւ ռեժիսորներ Արսեն Ազատյանի եւ Նարինե Մկրտչյանի 15-րոպեանոց «Անդրեյ» ֆիլմըՙ Անդրեյ Տարկովսկու եւ հայկական ու համաշխարհային կինոյի կապի մասին:
Թ. Մ.