Հուլիսի 4-ին շախմատի համաշխարհային 37-րդ օլիմպիադայի հաղթողներին հյուրընկալել էր Արցախը: Ստեփանակերտի կայազորային սպայի տանը տեղի ունեցած հանդիսավոր երեկոյին հայ շախմատիստների հասցեին հնչեցին բազմաթիվ շնորհավորական ու հիացմունքի խոսքեր:
Առաջինը ողջույնի խոսք ասաց ԼՂՀ կրթության, մշակույթի եւ սպորտի նախարար Կամո Աթայանը: Այնուհետեւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը «Երախտագիտություն» մեդալներ հանձնեց միջազգային գրոսմայստերներ Սմբատ Լպուտյանին, Լեւոն Արոնյանին, Կարեն Ասրյանին, Արտաշես Մինասյանին եւ Տիգրան Նալբանդյանին: Ա. Ղուկասյանը խորհրդանշական համարեց շախմատի ստեփանակերտյան միջազգային մրցաշարերը, ասելով, որ դրանք եւս ոգեւորել են հայ շախմատիստներինՙ օլիմպիական ոսկին նվաճելիս:
Սմբատ Լպուտյանը իր գոհունակությունն արտահայտելով արցախցի երկրպագուների ջերմ վերաբերմունքիցՙ շեշտեց, որ իրենց հաղթանակում թերեւս նշանակալից դեր է կատարել նաեւ այն հանգամանքը, որ թիմում կան արցախյան արմատներով շախմատիստներ:
ԼՂՀ պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Սեյրան Օհանյանը շախմատի խաղադաշտը համեմատելով ռազմադաշտի հետ, հպարտությամբ նշեց, որ արցախյան ռազմադաշտում եւս թագավորն ու թագուհին, որոնք տվյալ դեպքում հրամանատարներն են, զինվորների հետ միասին միշտ էլ մարտի մեջ են մտել, ուստի կարողացել են հաղթանակներ ապահովել: ԼՂՀ ՊԲ հրամանատարը հուշամեդալներ հանձնեց օլիմպիական չեմպիոններին ու ՀՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանին:
Սերժ Սարգսյանը նույնպես արժեւորելով միջազգային մրցաշարերի անցկացումը Ստեփանակերտումՙ կոչ արեց այսուհետեւ մեծ մրցաշարերին մասնակցելուց հետո անպայման գալ Ստեփանակերտ եւ յուրովի հաշվետվություն տալ արցախցի երկրպագուների առաջ, որովհետեւ նրանց բարոյական աջակցությունն իրոք խորհրդանշական ու ոգեւորիչ է:
Օլիմպիական չեմպիոններին ողջունեց նաեւ ԼՂՀ շախմատի ֆեդերացիայի նախագահ, գործարարների միության նախագահ Սամվել Հակոբյանը: Վերջինս իրենց կազմակերպության անունից դրամական պարգեւներ հանձնեց անվանի շախմատիստներինՙ մաղթելով նորանոր մարզական հաջողություններ:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ