«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ՀՕՖ-Ը ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ Է «ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ» ԾՐԱԳԻՐԸ

Հայաստանում «Հայ օգնության ֆոնդը» (ՀՕֆ) բազմաթիվ ծրագրեր է իրականացնում: Դրանցից է «ՀՕՖ-ի շարունակական բժշկական կրթության» ծրագիրը: Արդեն մեկ տարի իրականացվող այդ ծրագրի շրջանակներում, ինչպես տեղեկացրեց ծրագրի համակարգող Համբարձում Սիմոնյանը, Հայաստան են ժամանել արտերկրից հինգ լավագույն, առաջատար մասնագետ բժիշկներ, իրենց փորձն ու գիտելիքները, բժշկության բնագավառում եղած նորություններին են ծանոթացնում հայկական բժշկական հաստատությունների մասնագետներին: Իսկ թե ինչպե՞ս է կատարվում բժիշկների Հայաստան այցը, պրն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՕՖ-ի ինտերնետային կայքէջում տեղադրված է «Visiting Doctor՛s Program»-ի վերաբերյալ ողջ ինֆորմացիան, եւ արտերկրում աշխատող մեր հայրենակից բժիշկներն այդ կայքի միջոցով ընդգրկվում են այդ ծրագրում: Բանակցային գործընթացի արդյունքումՙ Նյու Յորքի եւ ՀՀ-ի գրասենյակների պատասխանատուների աջակցությամբ ձեռք է բերվում համապատասխան պայմանավորվածություն մեր երկրում բուժհիմնարկների ղեկավարության հետ ու որոշվում է, թե ինչ թեմաների շուրջ պիտի ընթանան ծրագրում ընդունվածների սեմինար-դասախոսությունները:

Հուլիսի 1-ին Երեւանի «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի հյուրն էր Ֆիլադելֆիա քաղաքի (ԱՄՆ) «Main line» հոսպիտալի առաջատար մասնագետ դոկտոր Կարո Մկրյանը: «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն»-ի գիտական գծով փոխտնօրեն, բժշկական գիտությունների թեկնածու Կարինե Առուստամյանը տեղեկացրեց, որ կենտրոնի բժիշկների որոշմամբ դոկտոր Մկրյանին է ներկայացվել չորս թեմաՙ «Հղիների գեստացիոն շաքարախտի կանխարգելումը», «Պրեէկլամսիայի կանխարգելումը» (հղիության ընթացքում արյան ճնշման հիպերտենսիվ խանգարումների ախտահարում), «Ռեզուս դրական եւ բացասական կոնֆլիկտի ժամանակ կիրառվող նոր մեթոդները» եւ «Հղիության կրելախախտի (մի քանի հղիություն, որոնք մինչեւ վերջ չեն ընթացել...) կանխարգելումն Progesteron պրեպարատի միջոցով»:

Ուշագրավ ու հետաքրքրական էր զեկուցումը, որի ընթացքում դոկտոր Կարո Մկրյանը շատ նորությունների մասին խոսեց: Ուշագրավ է, որ շաքարային դիաբեդի ժամանակ ինսուլին ներարկանյութին արդեն եկել է փոխարինելու «Գլիբուռայդ» դեղահաբը, որը մեծ ազդեցություն ունի հղիների շրջանում: Բազմաթիվ ու բազմաբնույթ նոր բուժական մեթոդներին ծանոթացնելուց հետո դոկտոր Մկրյանը դասախոսության ընթացքում նաեւ պատասխանում էր բուժկենտրոնի մասնագետների հարցերին:

Մեր առանձին զրույցում բուժկենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւը նշեց. «Այսօրվա դասախոսության թեմաները, որ ընտրել էինք կանխավ, մեր մասնագետների համար շատ կարեւոր էին, ուստի հենց այդ թեմաների շուրջը ցանկացանք տեղեկանալ, թե աշխարհում ինչ նոր մեթոդներ ու դեղորայք, ինչ չափաբաժիններով ու հաճախականությամբ են օգտագործվում: Այսօր աշխարհն անցել է «ապացուցողական բժշկությանը», որը մեզանում նորություն է, եւ բավականին դժվարությամբ է ընդունվում մեր բժիշկների կողմից: Այդ մեթոդը մեր վաղվա օրն է: Իսկ ամենակարեւորը այդ նոր մեթոդում առանց բարդ հետազոտությունների հիվանդին ճիշտ բուժելն է, առանց շատ ծախսերի լավ արդյունքների հասնելը, որը այսօր մեր երկրի համար առաջնային է ու կարեւոր: Ի վերջո, կյանքը ապացուցում է, որ ե՛ւ մեծ, ե՛ւ փոքր հետազոտությունների վերջնաելքը լինում է նույնը:

Զրուցեցինք նաեւ Կարո Մկրյանի հետ: Նրա ծնողներըՙ Բաբկեն եւ Անահիտ Մկրյանները ապրում են ԱՄՆ-ում, նրանք մասնակից են Հայաստանում եւ Ջավախքում կրթական, եկեղեցական մի շարք ձեռնարկների: Վերջերս տուն են գնել Երեւանում: Բժիշկ Մկրյանը օգտագործելով իր հրավերը դասախոսության առիթով, երկու շաբաթով իր երեք երեխաների եւ տիկնոջ հետ առաջին անգամ ժամանել է Հայաստան: «Լավ է մեկ անգամ աչքովդ տեսնես, քան բազմաթիվ անգամ դիտես ֆիլմեր ու լուսանկարներ, ասում է նա: Տղասՙ 13 տարեկան Գրիգորը, երազել էր Արարատ լեռան փեշին նկարվել, եւ իր երազանքը կատարվեց: Պետք է տեսնեիք, թե ինչ ոգեւորություն էինք ապրում մեր նոր բնակարանից Արարատը տեսնելիս: Աղջիկսՙ Կարինեն (10 տարեկան), անչափ սիրում է փոքր երեխաների եւ իր խնդրանքով եղանք մանկական ճամբարում ու շատ լավ ժամանակ անցկացրինք: Իսկ 4 տարեկան Հայկը, որ շատ բան չի հասկանում, ասում է, որ այստեղ պետք է մնա: Ուրախ եմ: Ես զգացի, որ Երեւանում ուրիշ զգացողություններ ունեցա եւ որոշել եմ իմ կարողությունների չափ մշտապես օգտակար լինել մայր հայրենիքին»:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4