Երեկ Հովհ. Թումանյանի տիկնիկային թատրոնի դահլիճում տոն էր մանուկների համար, որ պատրաստել էին նրանց հասակակիցներըՙ «Տնակ» մանկապատանեկան երաժշտական թատրոնի սաները: Նրանք «Գաֆեսճյան» հիմնադրամի, «Օրրան» կենտրոնի եւ «Զատիկ» մանկատան սաներին ներկայացրին մեկ ժամից ավելի տեւող ներկայացում, որ կոչել էին «Թե ինչպես գույները ներկեցին աշխարհը»: Բեմում գույներն էին` կարմիր, կապույտ, սեւ, սպիտակ, մոխրագույն: Մռայլ գույները խոստացան մոխրագույն ներկել աշխարհն ու պատել գիշերով: Սակայն երեխաների աշխարհում համախմբվածությունն առավել ընկալելի եւ գործնական է, հաղթեցին արեւն ու ծիածանի գույները:
«Տնակի» կարճ, բայց բովանդակալից գոյությունը մեր բեմերում բարձր եմ գնահատում բարոյական, դաստիարակչական նշանակության համար: Այստեղ երեխան խիստ մանկական պարզությամբ է առնչվում արեւին, գույներին, երկնքին ու այլ տիեզերական երեւույթներին, քան մեծական հետաքրքրությունների կապկումները, որոնք տեղափոխված են փոքրերի դաշտ եւ ուղղակի աղավաղում են նրանց սրբության հասնող պարզությունը», ասում է հանդիսատեսը, այս դեպքում` «Նարեկացի» միության տնօրեն, թատերական մանկավարժ Լեւոն Իվանյանը: «Իսկ «ֆոնոգրամմայի առկայությունը» որքան ֆինանսական լուրջ խնդիր է, նույնչափ էլ երկար ժամանակի աշխատանք է պահանջում: Մենք չունենք միկրոֆոնների նման առատություն, քանի որ դա շատ թանկ հաճույք է մանկական մի թատերախմբի համար», ասում է նա:
Մանուկ հանդիսատեսների շարքում նկատեցինք նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանին, որ գոհունակությամբ նշեց, թե մանկությունն է հիշել, իսկ ավելի լուրջ` եկել է «Տնակ»-ի գեղարվեստական ղեկավար Լիլիթ Դանիելյանի մանկանվեր հերթական միջոցառմանը մասնակցելու:
Մանուկ հանդիսատեսներից Գայանեն եւ Սվետան հուզմունքով դիտում էին երգերով զարդարուն ներկայացումը, առանց կասկածելու, որ ընդմիջման ժամանակ իրենց սպասում է մեկ այլ հաճույք, այն էլ անուշահամ պաղպաղակի տեսքով:
ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ