«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#123, 2006-07-04 | #124, 2006-07-05 | #125, 2006-07-06


ԱՄԲՈՂՋԱՆՈՒՄ Է ՀՐԱՉՅԱ ԱՃԱՌՅԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՁԵՌԱԳՐԵՐԻ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

Լրացավ աշխարհահռչակ գիտնական ու անվանի մանկավարժ, ՀՀ Ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Սորբոնի համալսարանի շրջանավարտ, Փարիզի Լեզվաբանական ընկերության անդամ, Չեխոսլովակիայի Արեւելյան գիտությունների ինստիտուտի թղթակից անդամ, իր գիտական գործերի հնգակի մրցանակակիր, Երեւանի պետական համալսարանի արեւելյան լեզուների ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Հրաչյա Հակոբի Աճառյանի ծննդյան 130-ամյակը:

Իր ասկետիկ կյանքով ապրած 77 տարիներից 65-ը Աճառյանը նվիրաբերել է հայ գիտության ու մշակույթի զարգացմանը` ստեղծելով այնպիսի կոթողային աշխատություններ, որոնց նմանը դեռ չի ստեղծվել հայերենագիտության մեջ:

Ստոիկյան մեղվաջանությամբ ստեղծած իր 250-ից ավելի աշխատությունների փոքր մասը հրատարակված տեսավ Աճառյանը: Դրանց թվում` իր «Անձնանունների բառարանի» 4 հատորները (հինգերորդը լույս տեսավ հետմահու` 1962 թ., ամբողջըՙ 3138 էջ), «Լիակատար քերականության» միայն 1-ին հատորը, «Հայոց լեզվի պատմության» 2 հատորները` 963 էջ, եւ բառաքննական ու բարբառագիտական աշխատանքներից մի քանիսը միայն:

Մեծ գիտնականի աշխատությունները սկսեցին պարբերաբար լույս տեսնել 50-ական թվականներից` իր շնորհալի սան ու ասպիրանտ, հետագայում ակադեմիկոս Էդուարդ Աղայանի հոգատարությամբ ու խմբագրությամբ:

1954-1971 թվերին իրար հետեւից լույս տեսան «Լիակատար քերականություն հայոց լեզվի» (համեմատությամբ աշխարհի 562 լեզուների հետ) աշխարհում նմանը չունեցող աշխատության 7 հատորները (4-րդ հատորը` 2 մասով), 4946 էջ ծավալով:

1971-1979 թթ. ԵՊՀ-ն հրատարակեց նույնպես նմանը չունեցող քառահատոր «Արմատականը»` 2695 էջ ծավալով (այն ապակետիպ կազմում է 9000 էջ):

1984-ին լույս տեսավ Աճառյանի «Հայոց գրերը» կոթողային աշխատությունը:

Երկարատեւ լռությունից հետո` 2000 թվականներին, Աճառյանի նկատմամբ մեծ սեր ու համակրանք ունեցող բարերարների կողմից շարունակվեց նրա ձեռագրերի հրատարակությունը: Եվ դրա առաջին նախաձեռնողը եղավ «Հրաչյա Աճառյան» համալսարանի ռեկտոր, բ. գ. դ., պրոֆեսոր Ավագ Խաչատրյանը, որի հովանավորությամբ 2002 թվին հրատարակվեց «Հայ գաղթականության պատմություն» հանրագիտական բնույթի եզակի աշխատությունը` 766 մեծադիր էջերով, որի մաշված ու խունացած ձեռագրերը կորստից փրկեց ու հրատարակության պատրաստեց իր հորից ոչ պակաս ազգանվեր Քնարիկ Աճառյանը:

2003 թ. ամերիկահայ բարերար Հարություն Սիմոնյանի հովանավորությամբ Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանը հրատարակեց Աճառյանի «Նամականին»` 312 էջ (նամակները հավաքել ու հրատարակության են պատրաստել Քնարիկ Աճառյանը եւ Մելանյա Եղիազարյանը):

2003 թ. Գալուստ Գյուլբենկյան հիմնարկի հովանավորությամբ ԵՊՀ-ի հրատարակչությունը լույս ընծայեց Աճառյանի «Կիլիկիայի բարբառը», որով գրեթե ամբողջացավ պրոֆեսոր Աճառյանի ուսումնասիրած հայերենի 31 բարբառների հարստությունը. հայ բարբառների ուսումնասիրությանը նրա նվիրած 15 աշխատությունների էջերի ընդհանուր քանակը անցնում է 6500-ի սահմանը:

Նույն հիմնադրամի միջոցներով 2004-ին լույս տեսավ Աճառյանի «Հայոց պատմություն` հյուսված ընդհանուր պատմության հետ» արժեքավոր մենագրությունը:

2005 թ. Երեւանի պետական համալսարանը նորից Գյուլբենկյան հիմնադրամի հովանավորությամբ հրատարակեց «Լիակատար քերականության» լրացուցիչ հատորը, որով ամփոփվում է այդ կոթողային աշխատության Աճառյանի նախատեսած ամբողջ նյութը: Այս հատորը պարունակում է իմաստաբանություն, բառաքննություն եւ շարահյուսություն բաժինները, որոնցից յուրաքանչյուրը Աճառյանի նախատեսածով պետք է մեկական հատորի նյութ դառնար, բայց պրոֆեսորի հիվանդության եւ տեսողության կորստի պատճառով այդ հատորները մնացին անավարտ: Այդ նյութերը մենք պրոֆեսոր Սերգեյ Գալստյանի հետ կարգի բերեցինք, խմբագրեցինք եւ հրատարակեցինք որպես լրացուցիչ հատոր:

Վերջերս ընթերցողի սեղանին դրվեց Հրաչյա Աճառյանի «Պարսից լեզվի պատմություն» ոչ մեծածավալ աշխատությունը, որը հրատարակության է երաշխավորել «Հրաչյա Աճառյան» համալսարանի գիտական խորհուրդը, հրատարակությունն իրականացրել է ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի նախարարությունը: Գրքի տեքստը պատրաստել եւ ծանոթագրել է Քնարիկ Աճառյանը, գիրքը խմբագրել է նույն համալսարանի արեւելագիտության եւ ռոմանագերմանական ֆակուլտետի դեկան, դոցենտ Վրեժ Փարսադանյանը:

Այս փոքրածավալ գիրքը (103 էջ), իհարկե, պարսից լեզվի պատմության ամբողջական քննությունը չէ. կազմված է առանձին դասախոսություններից ու հոդվածներից, որոնք ավելի շատ տեղեկություններ են տալիս պարսից ժողովրդի անցյալի ու նրա պատմության մասին:

3 մասից կազմված գրքի մասում Աճառյանը ներկայացնում է աշխարհի ժողովուրդների 1500 լեզուների դասակարգումը` դրանք խմբավորելով 17 լեզվաընտանիքի (լեզվաբուն) մեջ` նշելով դրանց աշխարհագրական տարածքն ու ազգակցական կապերը: Ասենք, որ լեզվաբանական նորագույն տվյալներովՙ աշխարհի լեզուների թիվն անցնում է 2500-ից:

Գրքի երկրորդ մասում խոսվում է պարսկերենի 3 շրջանների, պարսկական բեւեռագրերի, քերականության, բառարանների, ինչպես նաեւ պարսկերենի հնդեվրոպական արմատների ծագման մասին, որոնց թիվը նա հասցնում է 1129-ի` հայերենի 730-ի դիմաց, որոնք աճած ձեւերով հասնում են մոտ 1000-ի:

Գրքի երրորդ մասը ուրվագիծ է պարսից ժողովրդի պատմությանը` սկզբնավորումից մինչեւ 1920 թ.:

Իհարկե, «Պարսից լեզվի պատմությունը» Աճառյանի անտիպ վերջին աշխատությունը չէ. նրա արխիվում պահպանվում են նաեւ այլ արժեքավոր ձեռագրեր, որոնց բարեհաճ հրատարակիչների նկատմամբ երախտապարտ կլինի հայերենագիտությունը եւ ամբողջ հայ ժողովուրդը:

ԽԱՉԻԿ ԲԱԴԻԿՅԱՆ, Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4