Հայ նավաստիները տունդարձի ճանապարհին այցելել են շվեդ միսիոներ Ալմա Յոհանսոնի շիրիմին: Ինչպես «Կիլիկիայից» հաղորդում է Զորի Բալայանը, ճիշտ է, ողջ ընթացքում ճանապարհը փորձում են հնարավորին կարճել եւ արագ տեղ հասնել, սակայն սխալ կլիներ հարգանքի տուրք չմատուցել մի կնոջ հիշատակին, որն աշխատելով գերմանական միսիոներական կազմակերպությունում եւ որբանոցում, մինչեւ 1915 թ. ոչ միայն ականատես է եղել հայ ժողովրդի ահավոր ողբերգությանը, այլեւ օր ու գիշեր օգնություն է ցուցաբերել տուժածներին:
Ալմա Յոհանսոնը 1930 թ.-ին գրում է իր «Մի արտաքսված ժողովուրդ» գիրքն այն ժամանակ, երբ Եվրոպայում արդեն հասցրել էին մոռանալ հայերի ողբերգության մասին: 1931 թ.-ին տկն Յոհանսոնը հրատարակում է հայերի մասին երկրորդ գիրքըՙ «Արտաքսված հայերի կյանքը» վերնագրով: «Իհարկե, մենք մեզ վրա մեծ մեղք կվերցնեինք, եթե չայցելեինք այդ կնոջ գերեզմանին: «Կիլիկիայի» ողջ անձնակազմով հայ համայնքի ներկայացուցիչներ Մուշեղ Սերոբյանի եւ Կարապետ Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցինք եւ թարմ ծաղկեփունջ տեղադրեցինք Ալմայի գերեզմանին, որտեղ նրա անվան կողքին գրված է. «Միսիոներ Հայաստանում»:
Զորի Բալայանից ստացված հաղորդագրության ամբողջական տարբերակը կարող եք ընթերցել «Ազգի» կայքէջի ռուսերեն տարբերակում:
Թ. Մ.