Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած այցից վերադառնալովՙ ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը եւ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը երեկ հրավիրել էին մամուլի ասուլիս:
Աշոտ Ղուլյանը նախ նշեց, որ իրենց ուղեւորության մասին մամուլում պարբերաբար տեղեկություններ են հրապարակվել, ուստի իմաստ չունի այցին մանրամասնորեն անդրադառնալ: Այդուհանդերձ, որոշ կարեւոր հանդիպումներ հիշատակվեցին: ԱԺ նախագահի խոսքերովՙ կարեւոր հանդիպումներ են եղել ինչպես հայկական համայնքի ներկայացուցիչների, այնպես էլ Կոնգրեսի անդամների ու քաղաքական գործիչների հետ: Քննարկումները եղել են հումանիտար եւ քաղաքական ուղղություններով: Ա. Ղուլյանը գոհունակություն հայտնեց, որ Ամերիկայի հայկական համայնքը շարունակում է հոգատարություն ցուցաբերել Արցախի նկատմամբՙ ձգտելով հնարավորինս նպաստել ԼՂՀ-ում առկա խնդիրների լուծմանը: Ամերիկայի հայ գաղութը ոչ միայն մարդասիրական օգնության առումով է աչքի ընկնում, այլեւ ունի քաղաքական ներուժ, որի դրսեւորումը ակնառու է, համոզմունք հայտնեց ԱԺ նախագահը:
ԱՄՆ կողմից ԼՂՀ-ին մարդասիրական օգնության չափը կավելանաՙ դառնալով 5 միլիոն դոլար նախկին 3,5 միլիոն դոլարի փոխարեն: Սա որպես հետեւողական աշխատանքի արդյունք գնահատելով, Ա. Ղուլյանը միաժամանակ նշեց, որ արդեն օգնություններից տնտեսական համագործակցության անցնելու ժամանակն է, քանի որ Ղարաբաղը վստահելի գործընկեր է եւ ունի այն բոլոր իրավատնտեսական պայմանները, որոնք բավարար են տնտեսական արդյունավետ գործունեություն ծավալելու համար: Ընդ որումՙ այս մասին ըմբռնման հորդորանքով խոսվել է անդրօվկիանոսյան համապատասխան շրջանակներում:
ԱԺ նախագահը եւ արտգործնախարարը հանդիպում են ունեցել նաեւ Մինսկի խմբի ամերիկյան նորանշանակ համանախագահ Մեթյու Բրայզայի հետ: Այս առնչությամբ Ա. Ղուլյանն ասաց, որ Բրայզայի հետ իրենց զրույցը ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ վերջինիս գիտելիքները խորացնելու նպատակ է հետապնդել: Արցախցի պաշտոնյաները հետաքրքրվել են ամերիկացի համանախագահի վերջերս արած հայտարարության շարժառիթներով, որի կապակցությամբ Մ. Բրայզան ասել է, որ ինքը պարզապես արտահայտել է համանախագահների տեսակետը:
Աշոտ Ղուլյանը արժենշել է ԱՄՆ խաղաղության ինստիտուտում ունեցած իրենց հանդիպումը, որին, ի դեպ, ներկա են եղել մեկուկես տասնյակից ավելի ադրբեջանցի լրագրողներ եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ:
ԼՂՀ արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը չցանկանալով ոչինչ ավելացնել ԱԺ նախագահի ասածներին, առաջարկեց հարցեր ուղղել իրենց:
Լրագրողների հարցերը հիմնականում ամերիկյան ուղեւորության թեմայից դուրս էին: Այսպես, ԶԼՄ ներկայացուցիչներին հետաքրքրում էր հեռանկարում հակամարտության գոտում խաղաղարար ուժեր տեղակայելու հարցը: Ա. Ղուլյանն ասաց, որ վաղաժամ է հարցի կոնկրետացումը, որովհետեւ ներկա փուլում կարեւորը համապարփակ համաձայնագրի համար բազայի ձեւավորումն է, եւ միայն դրա ապահովումից հետո բանակցությունների ընթացքում պիտի քննարկել կոնկրետ հարցերը: Առհասարակ, օտար ուժերի տեղակայումը ղարաբաղյան շարժման տրամաբանությանը համահունչ չէ, բացի այդՙ հրադադարի ստորագրումից ի վեր խաղաղարար առաքելություն իրականացնող ԼՂՀ պաշտպանության բանակն այդ առումով ավելի հուսալի է:
«Ազգի» թղթակիցը, նկատի առնելով, որ թե՛ Աշոտ Ղուլյանը եւ թե՛ Գեորգի Պետրոսյանը տեւական ժամանակ ի պաշտոնե գտնված լինելով քաղաքական անցուդարձերի առանցքումՙ որոշակիորեն իրազեկված են բանակցային գործընթացին, հարց ուղղեց, թե Քի Վեսթից մինչեւ Բուխարեստ ինչ դինամիկա են ունեցել բանակցությունները: Արդյոք դրանք նո՞ւյն տարրերն են բանակցությունների սեղանին, եւ ընդամենը տեղի է ունենում երկուստեք զիջումների գործընթաց:
Ա. Ղուլյանն ի պատասխան նախ նշեց, որ ԼՂՀ-ն, ցավոք, չի մասնակցում բանակցություններին: Միեւնույն ժամանակ, նրա կարծիքով, նկատելի է, որ միջնորդների պարտադրանք չկա, համանախագահները հակված են կողմերին հնարավորություն տալու ինքնուրույն տեսակետներ արտահայտելու:
Իր հերթին Գեորգի Պետրոսյանն ավելացրեց, որ այդ ընթացքում Ղարաբաղի դիրքորոշումը չի փոխվել, այսինքնՙ մենք կողմ ենք ոչ թե հետեւանքների վերացմանը, այլ խնդրի լուծմանը: Խաղաղության համաձայնագրին ԼՂՀ-ն պետք է մասնակցի, որովհետեւ դրա արդյունքները մենք ենք կրելու, հայտարարեց ԱԳՆ ղեկավարը:
Ղարաբաղում նոր հանրաքվե անցկացնելու մասին հարցին անդրադառնալով, ասուլիսի կազմակերպիչները վերստին շեշտադրեցին Ղարաբաղի ժողովրդի կամարտահայտության անփոփոխ լինելը, բայց եւ չբացառեցին ինչ-որ մի փուլում հանրաքվեի անցկացումը:
ԿԻՄ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ, Ստեփանակերտ