«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՎԱՏԻԿԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԵՄ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅԱՆԸ, ՄԻՆՉԵՎ ՈՐ...

Մոսկվայից, որտեղ մասնակցում է աշխարհի կրոնական առաջնորդների գագաթաժողովին եւ ներկայացնում Հռոմի պապին, կարդինալ Վալտեր Կասպերը հուլիսի 4-ին պատասխանել է իտալական «Կորիերե դելա սերա» թերթի թղթակցի հարցերին, որոնց առիթը եղել է հուլիսի 2-ին Սամսուն քաղաքում թուրք մոլեռանդի ձեռքով կաթոլիկ կղերական Պիեռ Բրյունիսեմի դանակահարումը:

«Այսպիսով, եւս մի եկեղեցական հարձակման ենթարկվեց. Թուրքիան պատրա՞ստ է ընդունվելու Եվրոմիություն» թղթակցի հարցին կարդինալը պատասխանել է. «Ճշմարտությունը ասելով, ես չեմ կարծում, որ Թուրքիայի անդամակցումը Եվրոմիությանը այս պահին իրականանալի է: Այդ երկրին տակավին պակասում է իսկական աշխարհիկ պետականությունը, որն ապահովեր կրոնական ազատությունները: Իսկապես, դա ժամանակ պահանջող խնդիր է: Ներկայիս տիրող թշնամական մթնոլորտը պահանջում է հիշողության մաքրման երկարատեւ գործընթաց»:

«Աստծո անունով գործված վայրագությունը վիրավորանք է նույնինքն Աստծուն եւ բոլոր կրոններին», շարունակել է կարդինալ Կասպերը եւ ավելացրել. «Եվրոպան մշակութային միավոր է, եւ մենք խոսում ենք տարրական ազդակներից` եվրոպական մշակույթի հիմքերից մեկի մասին: Առանց կրոնական ազատության միշտ էլ բախումներ եւ հարձակումներ են լինելու»:

Առավել մանրամասնելով միտքը, կարդինալն ասել է, որ Թուրքիայում թեեւ որոշ հանդուրժողականություն կա, սակայն դեռեւս շատ բան պետք է փոխվի: Դա միայն օրենքների հարց չէ, այլ մտայնության, իսկ մտայնությունը մեկ օրից մյուսը չի կարող փոխվել: Դեռեւս երկար գործընթաց է հարկավոր: Ինքը կարծում է, որ կաթոլիկ եկեղեցականի դանակահարումը կարող էր պատահել միայն քսենոֆոբիայի եւ կասկածանքի մթնոլորտում: «Իսլամական ֆունդամենտալիզմը նաեւ Ստամբուլում է աճում եւ «հայրենասիրությունը» օտարների նկատմամբ թշնամական մթնոլորտ է ստեղծում», ավելացրել է նա:

Ինչ վերաբերում է առաջիկա աշնանը Հռոմի պապի Թուրքիա այցելությանը վերաբերող «Կորիերե դելա սերա» թերթի թղթակցի հարցին, կարդինալ Կասպերը ասել է. «Վատիկանում մենք կացության վերլուծություն ենք կատարում, թե ինչ կարելի է անել կոնկրետ պայմաններում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4