«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


«ԹՈՒՐՔԱՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ, ՈՐ ՕՐԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼՈՒ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆՆ ԷՐ ԱՊՐՈՒՄ, ՈՒՂԵՎՈՐԵԼՈՎ ՆՐԱՆ ՏԽՐՈՒՄ Է ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ»

ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

«Ազգը», անդրադառնալով Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի հունիսի 20-27-ը Ստամբուլ կատարած այցին, ուշադրություն էր հրավիրել այցի նախօրյակին թուրքական որոշ թերթերի ամբարտավանությանը, թե «պոլսահայ համայնքում տիրող կարծիքի համաձայն, Վեհափառը չգիտի որտեղ ինչպես արտահայտվել», «հավանական անախորժությունների» մասին Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի կանխագուշակումներին, դրանց արտացոլմանը թուրքական հետախուզական զեկուցագրում, այցի առթիվ կազմակերպված բողոքի ցույցերին, Նորին սրբության հունիսի 25-ի մամուլի ասուլիսին, որտեղ նա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ էր արել Թուրքիային, ինչպես նաեւ ասուլիսի առնչությամբ Մեսրոպ սրբազանի «Հյուրիեթի» հունիսի 28-ի համարում հրապարակված «պարզաբանումներին»:

Ամենայն հայոց կաթողիկոսի այցին անդրադարձել է նաեւ «Ակօս» շաբաթաթերթը, լուսաբանելով դա հունիսի 16-ի համարում «Գալուստդ բարի, Վեհափառ Տեր», հունիսի 23-ինՙ «Սկսվեց պատմական այցելությունը», իսկ հունիսի 30-ինՙ «Նվաճեց սրտերը» վերնագրերով: Այլ կերպ, «Ակօսի» մոտեցումները մեծապես համընկնում են «Ազգի» մոտեցումներին, եւ այս թերթը անմիջականորեն հետեւելով Վեհափառ հայրապետի այցին, կարեւոր մանրամասներով լրացնում է մեզ:

Հունիսի 16-ի համարում «Ակօսը» նշում է, որ Գարեգին Բ կաթողիկոսի այցով իրականանում է հայրապետական 12-րդ այցելությունը Կ. Պոլիս վերջին 400 տարիների ընթացքում, դառնալով այցի առթիվ պոլսահայերի ուրախության եւ խանդավառության թարգմանը: Վեհափառի այցին նվիրված բոլոր նյութերը «Ակօսում» հրապարակվել են թուրքերեն եւ հայերեն կից խմբագրականներով:

Նույն համարի խմբագրականում «Ակօսը» արձագանքում է նաեւ Ամենայն հայոց կաթողիկոսի մասին թուրքական մեկ-երկու թերթի վարկաբեկիչ արտահայտություններին եւ դրանց առնչությամբ գրում է. «Ամենից առաջ պետք է գիտակցել, որ առանձին որեւէ խոսակցություն գաղտնի չի մնում: «Որտեղ ինչպես արտահայտվելը չիմանալու» վերաբերյալ Վեհափառին վերագրվող այս պնդումը, որը տեղ է գտել հետախուզական զեկուցագրում, հավանաբար երկնքից զամբյուղով չի իջել: Ըստ երեւույթին, մեր միջից ոմանք ամբարտավանությամբ այս կարգի խոսքեր են ասել, որ հետախուզական կառույցները զեկուցագրերում արտացոլել են դրանք»:

Հունիսի 23-ի համարում «Ակօսը» ուշացած է համարում Ամենայն հայոց կաթողիկոսի այցը, դրա իրականացումը պայմանավորում է հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա հրավերով եւ հիշեցնում. «1996 թ. իր նախորդի` երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի այցելությունը դարձյալ կատարվել էր հունաց պատրիարքի այցը փոխադարձելու առթիվ»: «Ակօսի» հրապարակումից պարզվում է, որ այցի ընթացքում Վեհափառ հայրապետին 4 օրով «ընտանեկան հարկի տակ մեծարելու» խնդրանքով Կ. Պոլսո հայոց պատրիարքարանը նախապես դիմել է Հույն ուղղափառ եկեղեցու պատրիարքարանին:

«Ակօսում» խստագույնս դատապարտվում է Գարեգին Բ կաթողիկոսի այցի դեմ Ստամբուլի օդանավակայանի մուտքի մոտ կազմակերպված բողոքի ցույցը եւ նշվում, որ ցուցարարները ձվերով իրականում գնդակոծել են ոչ թե Վեհափառին դիմավորելու եկած զույգ պատրիարքների ծառայողական մեքենաները, այլ դրանց նմանակված տարբերակները, տեղի տալով թուրքական ոստիկանության հնարամտությանը: Խմբագրականի վերջում «Ակօսն» ավելացնում է. «Չնայած տհաճ միջադեպին, պոլսահայ համայնքը երջանիկ է, որ կարողանում է գրկաբաց ընդունել իր հոգեւոր գերագույն առաջնորդին: Բարի գալուստ, Վեհափառ հայրապետ, Դուք մեզ երջանկություն եւ ուրախություն եք պարգեւում»:

Վեհափառ հայրապետի Ստամբուլ կատարած այցի առումով թերեւս ամենաուշագրավը «Ակօսի» հունիսի 30-ի համարի հրապարակումներն են, ինչպես նաեւ խմբագրականի հետեւությունները: Ահա թե ինչ է գրում «Ակօսը». «Օրեր շարունակ Գարեգին Բ կաթողիկոսին հյուրընկալելու խանդավառությունն ապրող թուրքահայ համայնքը, ուղեւորելով նրան Մայր աթոռ Սբ. Էջմիածին, տխրում է Վեհափառի բացակայության համար: Խանդավառված հանդիպումներում նա միշտ ժպտուն դեմքով եւ սիրառատ հոգով նվաճեց Թուրքիայի հայ համայնքի սիրտը»:

«Ակօսը» ամենապատիվ պատրիարքի հարցազրույցը «Հյուրիեթին» համարելով «Վեհափառի այցելությունը մթագնող» նախաձեռնություն, գրում է. «Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ-ն Գարեգին Բ կաթողիկոսի այցը գնահատելու առնչությամբ «համայնքում առկա որոշ մտահոգությունների արդարացման» մասին «Հյուրիեթում» արած հետեւություններով զարմացրեց Թուրքիայի հայ համայնքին»:

Ինչ վերաբերում է նույն համարի խմբագրականին, ապա այնտեղ նշվում է. «Վեհափառի այցի նախօրյակին այս սյունակում ցանկացել էինք, որ հաղթահարվեն Պոլսո հայոց պատրիարքի հետ նրա անախորժությունները: Դա նաեւ մեր համայնքի ցանկությունն էր: Պարզապես ասենք, որ մատնվել ենք կատարյալ հիասթափության: Նորին սրբությունը դեռեւս Ստամբուլից չմեկնած «Հյուրիեթին» տված հարցազրույցով Մութաֆյան պատրիարքը ցույց տվեց, որ ինքը դժվարանում է առաջնորդվել կրոնական գործչին արժանավայել տրամաբանությամբ: Համայնքի ուշադրությունից չվրիպեցին Վեհափառի այցի ողջ ընթացքում նրա անհանգիստ հոգեվիճակը եւ «պարտադրված տանտիրոջ» կերպարը, որին դեռեւս այցի նախօրյակին հուշարարությամբ հաղորդակից էր դարձել (թուրքական) մամուլը: Բարեբախտաբար համայնքը իր ամբողջ հոգով գրկաբաց ընդունեց Վեհափառին: Ամենայն հայոց կաթողիկոսի այցը ցույց տվեց, որ հայոց աշխարհում ուժեղ է հասարակության կապը եկեղեցու եւ հոգեւորական դասի հետ: Այդ կապին նպաստող կրոնական գործիչները գրավում են հասարակության սիրտը եւ հավերժ ապրում այնտեղ: Իսկ նրանք ովքեր փորձում են չարչրկել եւ շահարկել այդ կապը, թեեւ պարտադրանքով կարողանում են ժամանակավորապես տեղ զբաղեցնել մարդկանց սրտերում, սակայն մի օր այլեւս չհիշատակվելու պայմանով մոռացության են մատնվում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4