«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՆՈՐ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԻԾ ՎԱՆԱՁՈՐԻ ՀԱՄԱՐ

Բնապահպանության նախարարությունում երեկ քննարկվեց հանրապետության երրորդ քաղաքի` Վանաձորի կառուցապատման ու զարգացման խնդիրների հիմնական փաստաթուղթը: Յուրաքանչյուր քաղաքի համար գլխավոր հատակագիծն ուղենշային արժեք ու անձնագրի նման մի բան է, քանի որ կոչված է արտացոլելու քաղաքի զարգացման հիմնական ուղղություններն ու սկզբունքները: Կառավարությունում հաստատելուց հետո գլխավոր հատակագծում մեկ առ մեկ կմանրամասնվեն քաղաքի հեռանկարային զարգացման առանձին ոլորտներ:

Գլխավոր հատակագիծը նախատեսվում է 180 հազար բնակչության համար, ընդ որում, այն հաշվարկով, որ չխաթարվի քաղաքի էկոլոգիական հավասարակշռությունը: Գլխավոր հատակագիծն ընդգրկելու է մինչեւ 2020 թվականը զարգացման ժամանակաշրջանը: Վանաձորը դիտարկվում է մարզկենտրոնի կարգավիճակով, նաեւ միջմարզային գործառույթներ իրականացնելու իրավասությամբ: Նոր նախագծի անհրաժեշտությունը, բնականաբար, պայմանավորված է այն նոր իրողություններով, որ ստեղծվեցին արդյունաբերական համալիրների աշխատանքի ընդհատումից հետո: Քանի որ քննարկումը հակված էր ավելի շատ դեպի հատակագծի էկոլոգիական բաղադրամասը, Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հարկ համարեց մանրակրկիտ անդրադառնալ հատկապես այս թեմային: Սակայն հենց այս ոլորտը դեռեւս հստակեցված չէ: Դեռ հայտնի չէ, թե երբ կաշխատի կամ կաշխատի՞ արդյոք քաղաքի հանրահայտ քիմիական գործարանը, որը կարող է էկոլոգիական լուրջ խնդիրներ առաջացնել: Այժմ հատուկենտ աշխատող ձեռնարկությունները որեւէ չափով մթնոլորտը չեն աղտոտում:

«Էլեկտրոնը» ընդամենը տրակտորի պահեստամասեր է հավաքում, ըստ քաղաքապետի, «Ավտոգենմաշն» աշխատում է նախկին հզորության 25 տոկոսով: Համենայն դեպս, քաղաքի կառուցապատումն իրականացվելու է 1 շնչին 16 քմ կանաչ տարածքի հաշվարկով: Այժմ այդ ցուցանիշը 10 քմ է: Երեւանի գլխավոր հատակագծում համարժեք թիվը 19 քմ է, ինչից կարելի է եզրահանգել, որ վանաձորցիներն այնքան էլ նախանձախնդիր չեն այս հարցում: Նրանք մտածում են, որ քաղաքը շրջապատող անտառները բացը կլրացնեն, բայց Վանաձորի անտառներն էլ ծառերի մեծ սպանդի զոհերից են: Նոր անտառտնկումները բնականաբար առայժմ եւ դեռ երկար տարիներ կորստի փոխհատուցում չեն լինի:

Իբրեւ Վանաձորի տնտեսական զարգացման հիմնական ռազմավարություն, ընտրվել է ռեկրեացիան, հանգստի գոտիների տիրապետումը: Ըստ ներկայացված հաշվարկների, Փամբակ գետի ավազանի ռեկրեացիոն ենթագոտում հանգստի մոտ 7 հազար նոր կետեր է հնարավոր կառուցել: Գնահատվում են Վանաձորի հատկապես կլիմայաբուժական հնարավորությունները, այն էլ կլոր տարին շարունակ: Հանրահայտ է նաեւ Լերմոնտովոյում «Լոռի» հանքային ջրերի հանքավայրը:

Վանաձորի հեռանկարային զարգացումը դիտարկվում է նաեւ զբոսաշրջության խորքի վրա, այնպես որ փորձ է արվելու սոցիալական ենթակառուցվածքների կառուցման ու վերակառուցման տրամաբանությունը ենթարկել այդ հեռանկարին:

Բնականաբար սոցիալական ենթակառուցվածքների բարենպաստ վիճակը եւս յուրաքանչյուր քաղաքի ու նրա բնակչի բարեկեցության ցուցիչներից է:

Գերմանական վարկային գումարի` 11 մլն եվրոյի միջոցով նախատեսվում է վերանորոգել քաղաքի ջրագծերն ու կոյուղագծերը եւս: Հաջորդ փուլում կնախագծվեն ու կկառուցվեն քաղաքի մաքրման կայանները: Ընդհանրապես, բնապահպանական տեսանկյունից Վանաձորի կոյուղու համակարգը ամենախոցելին է, քանի որ կոյուղաջրերը լցվում են քաղաքի միջով անցնող գետը:

Վարդան Այվազյանը շարունակեց, որ ինքը հատկապես կարեւորում է բուսաբանական այգու եւ դենդրոպարկի վերականգնման հեռանկարը:

Վանաձորի բնորոշիչներից մեկը եւ նրա զարգացման վրա էապես ազդող գործոն կարող է դառնալ շրջակայքի ընդերքը:

Քանի որ Լոռու մարզը եւ Վանաձորի շրջակայքն էլ հարուստ են հանքահումքային ռեսուրսներով, չաշխատող ձեռնարկությունների արտադրամասերը նախատեսվում է օգտագործել հանքանյութի վերամշակման համար: Ի դեպ, կանխավ գլխավոր հատակագծի դրույթները ներկայացնող նախագծի գլխավոր ինժեները իրողությունը ներկայացրեց բավական տարօրինակ կտրվածքով` թե հանքահումքը մշակելու համար «հենց քաղաքի վարչական տարածքում, մաքրման կայանի տեղում հանքահարստացուցիչ ֆաբրիկա է կառուցվելու»: Գլխավոր հատակագծի նրա «վերլուծությունը» նախարարն ու քաղաքապետը հետո ստիպված եղան հերթով հերքել, թե խիտ բնակեցված տարածքում բացառվում է վերամշակող գործարանի ստեղծումը: Այնուամենայնիվ, անհասկանալի մնաց, թե որ կողմն էր անտեղյակ իրողությանը, հատակագիծը ներկայացնող գլխավոր իրավասու ա՞նձը, թե՞ զարմանքով նրան լսող նախարարության պաշտոնյաներն ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ, Բուսաբանական այգում գարեջուր կարելի է վաճառել

«Ազգին» հասած տեղեկությունների համաձայն, գլխավոր հատակագծի հաստատումից առաջ արդեն Վանաձորում էկոլոգիական խախտումների առաջին օրինակը եղել է:

Անտառահատումներից հետո բնասեր վանաձորցիների սիրած այցելավայր դարձած բուսաբանական այգում շինարարություն է մեկնարկել: «Ազգի» անդրադարձին, թե վանաձորցիները բողոքում են, որ բուսաբանական այգում գարեջրի սպասարկման տաղավար է կառուցվում, քաղաքապետ Սամվել Դարբինյանը պատասխանեց. «Այգիներում կարող են գարեջուր վաճառել: Այնտեղ շինարարություն չեն անում, մի փոքրիկ կրպակ են դնում կամ կրպակ էլ չեն դնում, մի հատ հովհար են դնում, վաճառում»:

Ինչ վերաբերում է խմելու ջրի ջրամբարի տարածքում կառուցված մի քանի առանձնատներին, քաղաքապետի բացատրությամբ, դրանք կառուցվել են երկրաշարժից անմիջապես հետո, խառնակ տարիներին: Դրանք ապօրինի են, որոնց հարցն էլ լուծվելու է օրենքի շրջանակներում: «Մենք հիմա ներկայացնում ենք «ապօրինաշինությունները»... եւ այն տները, որոնք ջրագծի սանիտարական հատվածում կամ կոնկրետ ջրագծի վրա են, պիտի քանդվեն»:

Կ.Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4