«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՋՐԱՄԲԱՐՆԵՐ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ԱՄԵՆ ԴԵՊՔՈՒՄ

Առաջիկա 30-40 տարում ջրի ազգային ծրագրի շրջանակներում կկառուցվեն ջրամբարներ, որոնք հնարավորություն կտան Հայաստանին ամբարելու իր ունեցած ջրի պաշարները: Ներկայացնելով կառավարության հաստատած ջրի ազգային ծրագրի օրենքի նախագիծը եւ պատասխանելով «Ազգի» հարցին, այս մասին հայտնեց բնապահպանության փոխնախարար Հակոբ Մատիլցյանը: Բացի դրանից, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանում առաջիկա տարիներին նախատեսվում է կառուցել նոր ջրամբարներ: Իսկ ընդհանուր առմամբ, ըստ փոխնախարարի «20-30 մեծ, փոքր եւ միջին չափերի ջրամբարներ են կառուցվելու», որոնք հնարավորություն կտան Հայաստանից դուրս հոսող 4,5-5 մլրդ խմ ջուրը կուտակելու այստեղ: Ջրամբարների կառուցման համար հիմք կընդունվեն ինչպես խորհրդային տարիներին կատարված ուսումնասիրությունները, այնպես էլ վերջին 15 տարիներինը: Կիրականացվեն նաեւ նոր ուսումնասիրություններ:

Պատասխանելով այն հարցին, թե ջրամբարաշինությունը չի՞ հակասի միջազգային կոնվենցիաներին, Հակոբ Մատիլցյանը նշեց, որ Հայաստանը դեռ չի միացել այդ կապակցությամբ գոյություն ունեցող միջազգային կոնվենցիային եւ ամեն պարագայում ջրամբարաշինության ծրագրերը պետք է կյանքի կոչվեն:

Բնապահպանության փոխնախարարի ներկայացրած ջրի ազգային ծրագիրը ներառում էր նաեւ այլ բաղադրիչներ, սակայն դրանց վերաբերյալ այդպես էլ հնարավոր չեղավ մանրամասներ իմանալ: Լրագրողների տարաբնույթ հարցերին հետեւում էր դասական դարձած չինովնիկական պատասխանը. «Օրենքը կընդունվի, հետո պարզ կլինի»:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4