«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ԱՆՀԱՆԳՍՏՈՒԹՅԱՆ ԱԼԻՔԸ ՀԱՍԵԼ Է ԻՐԱՑՄԱՆ ԱՄԵՆԱՏԱՔ ԳՈՏՈՒՙ ՖԻՐԴՈՒՍՈՒ ՓՈՂՈՑԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ

«Ազգ» օրաթերթում հունիսի 27-ին տպագրված փոխքաղաքապետ Կարեն Դավթյանի հետ հարցազրույցըՙ «Իրացումը «Ֆիրդուսնոցում» հավանաբար կսկսվի սեպտեմբերին...», ակնկալելի էր, որ անհանգստության ալիք պիտի առաջացներ բնակիչների շրջանում, մանավանդ որ իրացման նախորդ գոտիների համեմատ այստեղ գործն ավելի բարդ է տոնավաճառի առկայությամբ, որտեղ մեծ թվով մարդիկ առավոտից երեկո առեւտուր անելով կերակրում են իրենց ընտանիքներին: Հարցազրույցից հետո չեն դադարում բնակիչների զանգերը: Նրանք, իհարկե, դեմ չեն քաղաքի կենտրոնը կառուցապատելու կառավարության ծրագրին, նրանց մտահոգության ակունքներն ավելի խորն են, քանի որ նախ իրենց զրկում են աշխատատեղից, հարվածում են իրենց ընտանեկան բյուջեինՙ դնելով անորոշ ու անապահով կացության ու հոգեվիճակի մեջ, եւ հետո, ինչպես ժողովուրդն է ասում, նրանց աչքը վախեցած է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչների սեփականության իրավունքները ոտնահարելու պատճառով առաջացած դժգոհություններից ու բողոքներից:

Օհանյան Ամալյան ապրում է Ֆիրդուսու փողոցի թիվ 32 տանը. «Մենք դեմ ենք այս տարածքը աշնանը քանդելուն, որովհետեւ մեզանից յուրաքանչյուրը մի քանի ընտանիք է պահում, այստեղ առեւտուր անողները կերակրում են իրենց ընտանիքներին: Տոնավաճառը քանդելն իսկական ողբերգություն կլինի մեզ համար, որովհետեւ աշխատատեղեր բացելու փոխարեն կառավարությունը մեզանից խլում է դրանք: Բացի այդ, մենք մեր սեփականությունը վաճառելու մտադրություն չենք հայտնել, որեւէ մեկին իրավունք չի տրված մեկ ուրիշի սեփականությունը տնօրինելու: Պետության կարիքների համար ինձ փողո՞ց պիտի նետեն: Ինձ փոխհատուցումը չի հետաքրքրում, մենք լսել անգամ չենք ուզում այս փողոցը քանդելու մասին: Երբ մեր կառավարությունն այնքան կբարգավաճի, որ մեզ բարգավաճ կդարձնի, այն ժամանակ էլ թող քանդելու որոշում կայացնի: Մենք տեսնում ենք, որ «պետության կարիքներ» անվան տակ գումարները գնում են անհատների գրպանները»:

Ռուբեն Աթոյանը կասկած չունի, որ քաղաքի կառուցապատումը բնական ընթացք է, սակայն անընդունելի է համարում, որ դա արվում է ոչ թե կառուցապատման գոտիներում ապրողների հետ համաձայնության գալով, այլ հարկադրաբար: «Պետական կարիքների համար սեփականությունը օտարել չի նշանակում մեր տները քանդել ու նույն տեղում բնակելի շենքեր կառուցել: Բոլորիս համար պարզ է, որ կառավարությունը մարդկանց բնակարաններով ապահովելու խնդիր չի դրել, այլ շուկայական հարաբերությունների պայմաններում այլեւս ձեռնտու չեն քաղաքի կենտրոնում երկհարկանի կամ մի հարկանի շինություններ պահելը: Մենք «Ազգ» թերթից տեղեկացանք, որ տարածքը հանձնվել է ինչ-որ օտար կազմակերպության (խոսքը վերաբերում է City Center Development-ին - խմբ): Անձամբ ես չեմ ուզում, որ իմ փոխարեն որեւէ մեկը որոշի իմ սեփականության ճակատագիրը, ի՞նչ իրավունք ունեն իմ սեփական տարածքը ինձնից վերցնելու ու Պողոսին տալու կամ նրա սրտի ուզած գինը ինձ վճարելու: Եթե պիտի ուժային լծակներով գործեն ու դրանցով ահաբեկեն մարդկանց, դա պետական մոտեցում չէ: Իսկ եթե ուզում են, որ քաղաքացիները համաձայնեն տարածքը քանդելուն, ուրեմն պիտի կարողանան նրանց շահագրգռել այնպես, որ որեւէ դժգոհություն չառաջանա: Եթե Ֆիրդուսու փողոցի բնակիչներն այսօր տագնապում են, պատճառն այն է, որ նրանք տեսել են, թե ինչ է կատարվել իրացման նախորդ գոտիներում, հատկապես Բուզանդի փողոցում: Կառավարության որոշումից հետո, արդեն 3 տարի, իրացման գոտիների տները կալանքի տակ են, չի թույլատրվում ոչ վաճառել, ոչ գրանցել, ոչ փոխանակել, ոչինչ: Ստացվում է, որ «պետական կարիքներ» անվան տակ կառավարությունն առանձին մարդկանց շահերն է պաշտպանում, իսկ մենք մեզ անպաշտպան եւ անապահով ենք զգում»:

Անժելա Աղաջանյանի ընտանիքն ունի 93 քմ բնակելի տարածք, ժամանակին պետությունից ստացել են մեքենա եւ անվարձահատույց տարածքՙ ավտոտնակի համար, սակայն առ այսօր սեփականության վկայական չեն ստացել: «Բողոքել ենք վերին ատյաններին, սակայն ոչնչի չենք հասել: Մերժել են սեփականաշնորհել նաեւ մեր տնամերձ հողամասը: Զարմանալի դատողությամբ, մեր տան տակի հողը նույնպես մեր սեփականությունը չի համարվում: Կասկած չունենք, որ վաղը կգան ու կասեն, որ փոխհատուցելու են միայն տան համար»:

Ֆիրդուսու փողոցի բնակիչները ծանոթ են «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենքի նախագծին, որն անցած ամսվա վերջից հասարակական քննարկման է դրված արդարադատության նախարարության ինտերնետային էջում: Տիկին Աղաջանյանին զարմացնում է, որ նախագծում ոչ մի կետ չկա ծառերի փոխհատուցման մասին: Նա հիշում է, որ խորհրդային տարիներին տները քանդելիս անպայման վճարում էին: «Ինձ զայրացնում է նախագծի այն կետը, որ պայմանագիր չկնքելու դեպքում, 3 ամիս անց հարցը վճռվելու է դատարանի որոշմամբ, որը թույլ է տալու մեկ ամիս անց մեզ մեր տներից վռնդել: Երբ այդ կետը կարդացինք, ես ու ամուսինս սաստիկ վախեցանք, համոզվեցինք, որ զրկված ենք որեւէ իրավունքից, եւ 4 ամսվա ընթացքում կարող են մեզ վտարել մեր տներից»:

Ռուբեն Աթոյանը հույս ունի, որ նախագիծն Ազգային ժողովում չի ընդունվի, որովհետեւ հանրային գերակա շահը լղոզված է ներկայացված, սեփական ամեն մի տարածք օտարելի է համարվում, փոխհատուցման մասին հստակ կետեր չկան, ինչը նրան ենթադրել է տալիս, որ «մի օր կգան, մի գին կնշանակեն, հետո «շուկա» կանեն ու կկոչեն շուկայական արժեք»:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4