«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՎԵՐՋԱՊԵՍ ԿԿԱՌՈՒՑՎԻ ԱՂԲԱՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ

Մամուլում հայտնված մի հաղորդման համաձայն, նախատեսվում է Երեւանում կառուցել աղբամշակման գործարան, որտեղ աղբի բաղադրամասերը կառանձնացվեն եւ կօգտագործվեն, իսկ օրգանական աղբը կայրվի փոքր էլեկտրակայանում:

Տասնհինգ տարի առաջ Մոսկվայից Երեւան եկավ այրվող հանածոների ԳՀԻ ակադեմիկոս Պաուշկինը: Նա առաջարկեց օրգանական թափոնները (այդ թվում աղբը) շարժիչի վառելիքի վերափոխելու կայանք: Ակադեմիկոս Պաուշկինի կայանքը ութ տոննա օրգանական թափոնից արտադրում էր մեկ տոննա բարձրորակ դիզելային վառելիք:

Կարծում եմ, որ այժմ` 15 տարի անց, նա կկարողանար զգալիորեն կատարելագործել իր կայանքը եւ մեկ տոննա վառելիք ստանալ արդեն երեք-չորս տոննա օրգանական թափոնից: Իսկ վառելիքի ստացման ժամանակ կայանքի թողած թափոնները կարող են օգտագործվել հենց այդ կայանքում:

Վերջինս այն ժամանակ, չգիտես ինչու, պիտանի չհամարվեց, եւ ակադեմիկոսը արդյունքի չհասնելով` վերադարձավ Մոսկվա: Իսկ մեկ-երկու տարի անց Հայաստանում վառելիքի ճգնաժամ էր, կանգնած էին նույնիսկ կառավարական ավտոմեքենաները:

Ներկայումս ակնհայտ է, որ նման կայանքներն անհրաժեշտ են: Բացի դրանից, Հայաստանում դրանց արտադրությունը կարող էր արդյունաբերության մեջ հազարավոր աշխատատեղեր ստեղծել: Եթե Հայաստանի շուրջ հազար գյուղերից (ավելի քան 300 հազար ֆերմերային տնտեսություն) յուրաքանչյուրն ունենար նման մեկ կայանք (իսկ գյուղում օրգանական թափոնները բավարար են), ապա վառելիքի հարցն այնտեղ լուծված կլիներ: Չէ՞ որ հիմա էլ բազմաթիվ դաշտերում ցանք չի արվում վառելիքի բացակայության պատճառով: Նաեւ բացառված չէ, որ խոշոր ֆերմերներից ոմանք կուզենան ունենալ նմանօրինակ սեփական կայանք: Ուստի կարելի է ենթադրել, որ կայանքի պահանջարկը մեծ կլինի: Դրա արտադրությունը կարելի է կազմակերպել «Հայէլեկտրագործարանում»: Բացառված չէ, որ այդ կայանքն ապագայում արտահանվի հարեւան երկրներ:

Այդ կայանքների տեխնոլոգիաների առնչությամբ կարելի է միայն ենթադրել, որ կօգտագործվի այսօր հնարավոր երեք մեթոդներից մեկը (օրգանական թափոնների չոր զտում, ջրալուծական թորում կամ հիդրոգենացում):

Օրինակ, ամեն օր Երեւանի աղբանոց է բերվում մոտ 450-500 տոննա թափոն, որի շուրջ 60 տոկոսը կազմում են օրգանական թափոնները (առանց շինարարական աղբի), իսկ դա կազմում է մոտ 300 տոննա օրգանական թափոն, որից կարելի է ստանալ 35-40 տոննա դիզելային վառելիք: 365 օրում կստացվի արդեն մոտ 15 հազար տոննա վառելիք: Եթե 1 լիտր դիզելային վառելիքը հաշվարկենք 290 դրամով, ապա կպարզվի, որ միայն աղբանոցից կարելի է ստանալ 10 միլիոն դոլար եկամուտ: Կարծում եմ, չպետք է սպասել, մինչեւ որ ներդնողները կառուցեն աղբամշակման գործարան: Այն կարող ենք ինքներս կառուցել: Նման ձեռնարկության գլխավոր օղակը աղբի հոսքագիծն է: Նման հոսքագծեր արտադրվում են նաեւ Ռուսաստանում եւ ավելի էժան են, քան Արեւմուտքում արտադրվողները: Ուստի կարծում եմ, որ եթե աղբամշակման գործարանը կառուցվի, ապա օրգանական թափոններն ավելի լավ կլինի վերափոխել դիզելային վառելիքի, ինչը տրանսպորտային ձեռնարկություններին թույլ կտա զսպել դիզելային վառելիքի եւ տեղափոխման գների աճը:

Դիզելային վառելիքի ստացման բուսական հումքի աղբյուր կարող էր դառնալ նաեւ աղուտներում աղադիմացկուն եղեգնի տնկումը: Նման եղեգ աճում է Հյուսիսային Կորեայում եւ աշխարհի այլ երկրների աղի ջրամբարներում: Հեկտարից 35-40 տոննա բերքատվության դեպքում դա կկազմի տարեկան մոտ 1 միլիոն տոննա: Հանրապետությունում կան 25 հազար հեկտար ամայի աղուտներ եւ արագ աճող բարդու, գետնախնձորի, աղվեսագու եւ այլ բույսերի տնկարկներ:

Դիզելային վառելիքի ստացման ուրիշ աղբյուր կարող էին լինել կարծր վառելիքի հանքավայրերը: Վառելիքի այդ տեսակներն են քարածուխը եւ գորշ ածուխը, այրվող թերթաքարերը եւ տորֆը: Համապատասխան մշակման (զտման) դեպքում կարծր վառելիքից կարելի է ստանալ 300-ից ավելի տարբեր քիմիական միացություններ: Հայտնի է, որ գորշ ածխից ստանում են հեղուկ վառելիքի այնպիսի տեսակներ, ինչպիսիք են բենզինը, կերոսինը, դիզելային վառելիքը: Հնարավոր է որպես վառելիք օգտագործել նույն հումքը: Դա նշանակում է, որ կարելի է առանց մեծ էներգետիկ ծախսերի հեղուկ վառելիք ստանալ գյուղատնտեսության համար:

Մամուլի հաղորդումներից մենք գիտենք, որ հանրապետությունն ունի կարծր վառելիքի այդ բոլոր տեսակները: Քարածուխ կա Իջեւանի շրջանում, գորշ ածուխ արդյունահանվում է Ջաջուռի մոտակայքում, այրվող թերթաքար կա Թումանյանի շրջանում, իսկ տորֆ արդյունահանվում է Սեւանա լճի շրջանում: Ակադեմիկոս Պաուշկինի կայանքը հարմար կլինի՞ արդյոք կարծր վառելիքի համար: Չգիտեմ, բայց դա կարելի է պարզել Մոսկվայում հենց իրենից: Կարելի է նաեւ ենթադրել, որ մեր հանրապետությունում եւս հնարավոր է մշակել օրգանական թափոններից կամ տեղական կարծր վառելիքատեսակներից դիզելային վառելիք ստանալու տվյալ տեխնոլոգիան, բնականաբար` համապատասխան ֆինանսավորման դեպքում: Մասնավորապես դրանով կարող են զբաղվել ինչպես քիմիական ֆիզիկայի ինստիտուտի, այնպես էլ ճարտարագիտական համալսարանի գիտնականները: Բայց դա ժամանակ է պահանջում: Բայց ինչո՞ւ նորից հեծանիվ հայտնագործենք, եթե Ռուսաստանում այդ տեխնոլոգիաները վաղուց հայտնի են: Մնում է հուսալ, որ այդ նախագծով շահագրգռված համապատասխան կազմակերպությունները կգործեն, մանավանդ որ Ռուսաստանում արդեն ստեղծված է նաեւ դիզելային վառելիքի ստացման շարժական կայանք: Հայտնի է, որ Հայաստանն ու Ռուսաստանն ունեն համաձայնագիր գիտության մի շարք ճյուղերի վերաբերյալ, որտեղ նախատեսվում է համագործակցություն: Ուստի կարծում եմ, որ դժվար չի լինի այդ տեխնոլոգիաներն ստանալ մեր հանրապետությունում արմատավորելու համար:

ԼԵՎՈՆ ՂԱԶԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4