Արդեն մի քանի օր «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի հետ կապված իրարանցումը չի հանդարտվել: Հիշեցնենք, որ թռիչքների համար նախատեսված նավթի պաշարները վերջանում են, եւ քանի որ նոր խմբաքանակն էլ տեղ չի հասել, օդանավակայանում ինքնաթիռներին տրվում է այնքան վառելիք, որ կարողանան հասնել մինչեւ առաջիկա օդանավակայանը եւ այնտեղ լիցքավորվել: Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) մամլո քարտուղար Գայանե Դավթյանը երեկ «Ազգ»-ի հետ զրույցում եւս մեկ անգամ ընդգծեց, որ օդանավակայանում վառելիքի ճգնաժամ կա, որի հետեւանքով որոշ չվերթեր հետաձգվում են, իսկ թռիչքի դուրս եկող ինքնաթիռներն էլ լիցքավորվում են պահուստային եւ այլ օդանավակայաններում` հատկապես Սոչիում: Այս օդանավակայանների ընտրությունը, Դավթյանի խոսքերով, որոշում է չվերթն իրականացնող ավիաընկերությունը:
Մամուլում պտտվող լուրերը, թե իրարանցման պատճառը «Միկա լիմիտեդ» ընկերությունն է, որը չի կարողանում տեղ հասցնել պատվերը, ընկերության գրասենյակում ճշտեցին: Հիշեցնենք, որ վառելիքի մատակարարման պարտավորությունը «Միկա լիմիտեդ»-ը ստանձնել է մի քանի տարի առաջ` ստորագրելով կոնցեսիոն պայմանագիր: «Իսկ վառելիքը չմատակարարելու պատճառը ո՞րն է» հարցին ընկերության մամուլի քարտուղարը պատասխանեց. «Վառելիքն ուշանում է նավահանգստում»:
Մեր մտահոգությանն ի պատասխան, թե վառելիքի անհրաժեշտ պահին տեղ չհասնելու դեպքում մեր պահեստային վառելիքը որքա՞ն կբավականացնի, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին մոտ կանգնած աղբյուրը հայտնեց. «Մոտ մեկ ամիս»:
Գ. Գ.