Գաբրիել Սարգսյանն ընդգրկվեց 100 ուժեղագույնների շարքում
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի ուժեղագույն շախմատիստների դասակարգման հերթական ցուցակը: Այն գլխավորում է աշխարհի ներկայիս չեմպիոն, բուլղարացի գրոսմայստեր Վեսելին Թոփալովը, որը 2800-ից բարձր վարկանիշ ունեցող միակ շախմատիստն է: Նա իր վարկանիշը ապրիլի համեմատ բարձրացրել է 9-ով: Իսկ ահա 2-րդ հորիզոնականում ընթացող հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդը, որը եւս 2800-ից բարձր վարկանիշ ուներ ապրիլին, այն նվազեցրել է 24-ով:
Դասակարգման ցուցակում իր առաջընթացն է շարունակում Լեւոն Արոնյանը, որը լավագույն եռյակում է: Լեւոնն իր վարկանիշն ավելացրել է 5-ով եւ այժմ ընդամենը 18 կետով է զիջում Վիշվանաթան Անանդին: Շախմատի համաշխարհային օլիմպիադայում ունեցած գերազանց ելույթների շնորհիվ մեր մյուս գրոսմայստերը` Վլադիմիր Հակոբյանը վարկանիշն ավելացրել է 7-ով եւ այժմ 2713 գործակցով 16-րդ տեղում է: Մեծ առաջընթաց է ապրել Գաբրիել Սարգսյանը, որն օլիմպիադայի մասնակիցների մեջ լավագույն արդյունքներից մեկը ցույց տվեց: Դրա շնորհիվ Գաբրիելն իր վարկանիշը հասցրեց 2667-ի եւ ընդգրկվեց 100 լավագույն շախմատիստների շարքում` միանգամից տեղ գրավելով 41-րդ հորիզոնականում: 100 ուժեղագույն շախմատիստների թվում են նաեւ Կարեն Ասրյանը (2635) եւ Սմբատ Լպուտյանը (2634): Եթե Կարենն իր վարկանիշը նվազեցրել է 11 կետով եւ 62-րդ տեղից նահանջել 75-րդ հորիզոնական, ապա Սմբատն, ընդհակառակն, վարկանիշն ավելացրել է 15-ով ու 94-րդ հորիզոնականից տեղափոխվել 77-րդ տեղը: Սլովակիան ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը 2637 վարկանիշով 73-րդ տեղում է: Նա վարկանիշն ավելացրել է 19-ով եւ վեր բարձրացել 25 տեղով:
100 լավագույնների շարքում 19 շախմատիստներ 2700-ից բարձր վարկանիշ ունեն: Նրանց թվում է չեխ գրոսմայստեր Դավիթ Նավարան, որը 2 ամսում իր վարկանիշն ավելացրել է 61 կետով եւ 50-րդ հորիզոնականից բարձրացել է 14-րդ տեղը: Սա ամենամեծ առաջընթացն է: Իսկ ահա ռուսաստանցի Օլեգ Կոռնեեւը վարկանիշը նվազեցրել է 33-ով: ԱՄՆ-ն ներկայացնող ճապոնացի շախմատիստ Հիկարու Նակամուրան էլ վարկանիշը նվազեցրել է 32 կետով:
Կանանց վարկանիշային ցուցակի առաջատարի դերը արդեն երկար տարիներ ստանձնել է Հուդիթ Պոլգարը, որը վաղուց ի վեր հիմնականում մասնակցում է տղամարդկանց մրցաշարերին: Նա իր վարկանիշով բավական գերազանցում է 2-րդ տեղում ընթացող հնդիկ գրոսմայստեր Համպի Կոներուին: Ուժեղագույն 20 շախմատիստուհիների ցուցակը եզրափակում է Լիլիթ Մկրտչյանը (2459): Էլինա Դանիելյանը 2423 վարկանիշով 39-րդ տեղում է: Այս անգամ էլ 20 ուժեղագույն պատանիների եւ աղջիկների ցանկում Հայաստանը ներկայացուցիչ չունի: Այդ ցուցակները գլխավորում են համապատասխանաբար ադրբեջանցի շախմատիստ Թեյմուր Ռաջաբովը (2728) եւ հնդիկ շախմատիստուհի Համպի Կոներուն (2545):
Հայաստանը շախմատային գերտերությունների ցանկում լավագույն եռյակում է եւ իր միջին վարկանիշով (2627) զիջում է միայն Ռուսաստանին (2713) եւ Ուկրաինային (2661): Երկրի վարկանիշը հաշվարկելիս հաշվի է առնվում տվյալ երկրի 10 լավագույն շախմատիստների վարկանիշների միջինը: Նշենք, որ Հայաստանը ներկայացված է 17 գրոսմայստերներով ու միջազգային 23 վարպետներով: Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում այդ ցուցանիշներն են համապատասխանաբար 156 եւ 428, իսկ Ուկրաինայում` 55 եւ 167:
Ներկայացնում ենք վարկանիշային ցուցակի լավագույն տասնյակները (փակագծում նշված է, թե որքանո՞վ է ավելացել կամ նվազել վարկանիշը):
Տղամարդիկ
1. Վեսելին Թոփալով | Բուլղարիա | 2813 (+9) |
2. Վիշվանաթան Անանդ | Հնդկաստան | 2779 (-24) |
3. Լեւոն Արոնյան | Հայաստան | 2761 (+5) |
4. Վլադիմիր Կրամնիկ | Ռուսաստան | 2743 (+14) |
5. Պյոտր Սվիդլեր | Ռուսաստան | 2742 (-1) |
6. Պետեր Լեկո | Հունգարիա | 2738 (0) |
7. Վասիլի Իվանչուկ | Ուկրաինա | 2734 (+3) |
8. Մայքլ Ադամս | Անգլիա | 2732 (+12) |
9. Ալեքսանդր Մորոզեւիչ | Ռուսաստան | 2731 (+1) |
10. Բորիս Գելֆանդ | Իսրայել | 2729 (+2) |
Կանայք
1. Հուդիթ Պոլգար | Հունգարիա | 2710 |
2. Համպի Կոներու | Հնդկաստան | 2545 |
3. Ալեքսանդրա Կոստենյուկ | Ռուսաստան | 2534 |
4. Պիա Կրամլինգ | Շվեդիա | 2521 |
5. Անտուանետա Ստեֆանովա | Բուլղարիա | 2520 |
6. Հու Յուհուա | Չինաստան | 2517 |
7. Մայա Չիբուրդանիձե | Վրաստան | 2504 |
8. Հոու Յիֆան | Չինաստան | 2488 |
9. Տատյանա Կոսինցեւա | Ռուսաստան | 2479 |
10. Վիկտորյա Ցմիլիտե | Լիտվա | 2476 |
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ