Թեհրանում հայերին այսպես են ճանաչում
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) հայկական ռադիոժամի լրագրող Կարինե Դավթյանի ներկայացմամբ, հայերին Թեհրանում շատերը ճանաչում են որպես շնորհքով արհեստավորների: Տնտեսության, արդյունաբերության, շինարարության եւ մյուս ոլորտներում եւս ներգրավված են հայեր, որոնցից ոմանք անգամ կոչումների եւ շնորհակալությունների են արժանացել: Կարինե Դավթյանի խոսքերով, օրինակ, օդաչու Արտեմ Մելիքյանը դեր զորավարի կոչում է ստացել: Բասկետբոլի հավաքականում խաղացել է հայազգի Այլին Մելիքյանը, իսկ բոլորը գիտեն, որ Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ֆուտբոլի հավաքականի անդամ է: Շատ ուսանողներ սովորում են Իրանի համալսարանում, որտեղ կան նաեւ հայազգի դասախոսներ: Նշենք, որ պաշտոնական չորս փոքրամասնություններ (հայեր, հրեաներ, ասորիներ եւ զրադաշտականներ) ունեն իրենց միությունները եւ պատգամավորները ԻԻՀ խորհրդարանում:
Հայ համայնքը Իրանում
Իրանում հայերի քանակը հարյուր հազարից ավելի է: Հայկական ռադիոժամի աշխատակից Կարինե Դավթյանի խոսքերով, Հայաստանի եւ հայերի նկատմամբ իրանցիներն իսկապես լավ վերաբերմունք ունեն, ինչում մենք էլ համոզվեցինք: Թեհրանի հայկական մի շարք միություններում եւ բարեգործական կազմակերպություններում` «Սարդարապատ», «Սիփան», «Արարատ», «Նաիրի», հավաքված հայերը կարողանում են կազմակերպել համայնքի մշակութային կյանքը տարատեսակ միջոցառումներով: Օրեր առաջ «Նաիրի» մարզամշակութային միությունը մայիսի 28-ի առիթով տոնական համերգ էր կազմակերպել, որին մասնակցեցինք նաեւ Հայաստանից եկած լրագրողներս: Կարինե Դավթյանը կարծում է, որ հայերի եւ իրանցիների բարիդրացիական հարաբերությունները շատ բնական են, քանի որ երկու երկրները լավ հարեւաններ են, պատմական դարավոր կապերով շաղկապված:
Լավ հարեւաններ լինելու ապացույց է նաեւ մեր բարեկամ երկրի վերաբերմունքը հայկական եկեղեցիների նկատմամբ: Թեհրանում կան մեկ ավետարանական, մեկ հայ կաթողիկե եւ յոթ առաքելական եկեղեցիներ, որոնց Իրանի իշխանությունները, ինչու չէ, նաեւ ժողովուրդը մեծ հոգածությամբ են վերաբերվում: Եթե Նախիջեւանում բարբարոսաբար են վարվում հայկական սրբությունների հետ, ապա հիշյալ երկրի որոշմամբ ոչ միայն պահպանվում, այլեւ նորոգվում են հայկական եկեղեցիները: Այս պահին նորոգվում է Նոր Ջուղայի Սբ. Ամենափրկիչ վանքը:
Հայերի խնդիրներն ու մշակույթը լրատվամիջոցներում
«Ալիք» օրաթերթը Թեհրանում լույս է տեսնում արդեն 75 տարի, որի տպաքանակը հինգ հազար է: Օրաթերթի թղթակից Կարինե Դավթյանի ասելով, «Ալիք»-ը իրանյան «Էթելահաթ» («Տեղեկատվություն») թերթից հետո երկրորդ տեղում է: Հայերի խնդիրների եւ հոգսերի մասին իրանցիները ծանոթանում են պարսկատառ «Փեյման» («Պայման») թերթից:
ԻԻՀ ռադիոհեռուստատեսությունն ունի արտասահմանյան հաղորդումների 26 բաժին, ուր մի գողտրիկ հարկաբաժնում աշխատում է հայկական ռադիոժամի խմբագրակազմը` տնօրեն Մաջիդ Ջաֆարիի ղեկավարությամբ: Հունիսի 3-ին մեր խումբը հյուրընկալվեց հայկական ռադիոժամին եւ ծանոթացավ կեսդարյա պատմություն ունեցող լրատվամիջոցին (հայկական ռադիոժամը 25 տարեկան է, հիմնադրվել է Թեհրանում, սակայն մինչ այդ հեռարձակվել է Թավրիզից:) 16 աշխատակից ունեցող հայկական ռադիոժամը աշխատում է ամեն օր` հեռարձակելով 30 րոպեանոց հաղորդումներ ներքին սփռման եւ մեկ ժամանոց հաղորդումներ Հայաստանի համար: Ներքին հաղորդումների շարքում իրանահայերի համար պատրաստվում են հայկական մշակույթին, արվեստին եւ անցուդարձին, ինչպես նաեւ մանուկներին նվիրված տարբեր հաղորդումներ: Արտաքին ցանցում հեռարձակվում են հիմնականում տարածաշրջանին եւ Հայաստանին վերաբերող քաղաքական լրատվություն, վերլուծություններ: Ինտերնետային կայքում (www.irib.ir) ներկայացվում են նաեւ իրանյան մեկ շաբաթվա իրադարձությունները, գրական, մշակութային անցուդարձը:
ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ, Թեհրան-Երեւան