«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ԽՈՇՈՐ ՄԱՆՐՈՒՔՆԵՐ

Արզումանը, սոկը, բժնին, ֆեծին եւ ուրիշները

Արզուման Շմավոնյանը «Ազնիվ նիվայի» պատմության մեջ առաջին անգամ, եւ հետո հազար անգամ, որոշեց ջնջել: Նա բոլոր հայկական հեռուստաէկրաններից ասել է, որ 100 տոկոսանոց քոնն է, ջնջիր ու քոնն է: Այսինքն իրենն է: Մի կալոդ, երկու կալոդ վերցրել է, դաժե մի չորս 450 հազարանոց է առե, մի երեք հատ էլ միլիոն 350 հազարանոց, մանրներն էլ չհաշված: Հարցը փողին չէ, կրելու-կրվելունը: Հետո մի քանի անհասկանալի բաներ եւ ապա մի կերպ կարելի էր կռահել, որ գլխավորը հաղթելն է:

Հերթական անգամ ջնջելուց առաջ ցանկացավ Գրանդ քենձիի բատոնչիկ առնել ուտել, սակայն վախեցավ, որ մի պառավ ձեռքից կթռցնի: Չէ, ավելի լավ է ֆեծի հյութ խմել: Սակայն դա էլ չարեց: Ավելի լավ է, մտածեց մեր հերոսը, էլիտար բժնի խմել: Մինչեւ խանութ հասնելը նա նկատեց, որ խնձոր են ծախում, իսկ կողքին մի փոքրիկ աղջիկ: «Աչոն ջան, դու էստեղ ի՞նչ ես անում», հարցրեց նա:

- Սոկ եմ ուտում,-պատասխանեց աղջիկը:

- Ուրեմն ես էլ խնձոր կխմեմ:

Մինչեւ ձեռքը կպարզեր խնձորին, մի կին մոտեցավ ու հարցրեց, թե երկուսով ուրիշի խնձորի մոտ ինչ են անում, նրանք ծիծաղեցին ու միասին պատասխանեցին, որ մեկը սոկ է ուտում, մյուսն էլ պատրաստվում է խնձոր խմել:

Ինչեւէ...

Հնարավոր է գովազդային անհեթեթությունները նրա համար են, որպեսզի մարդիկ հիշեն, որպեսզի մարդկանց մեջ տպավորվի: Բայց ինչո՞ւ մեր լեզվի հաշվին: Ինչո՞ւ գովազդի լեզուն պիտի անպատճառ քուչի լեզու լինի կամ օտար բառերով հեղեղված: Լավ, ասենք թե «Ազնիվ նիվա» ջնջողը կրթություն չունի, գրագետ խոսել չգիտի, բայց չէ՞ որ այն հեղինակները, ովքեր գրում են տեքստերը, թերուս չեն, կամ նրանք, ովքեր գրածները կարդում են, չգիտե՞ն, թե հայերենի որ տառը ինչպես է հնչում: Չեք պատկերացնում, թե որքան վիրավորական է, որ քեզ ինչ-որ բանի տեղ են դնում, անընդհատ բջնին բժնի կարդալով, կամ ֆետին, ըստ որում գրած անգլերեն եւ հայերեն, կարդում են ռուսերեն` ֆեծի: Հետաքրքրության համար բառարաններ եմ բացել, բայց ոչ մի տեղ ֆետի բառ չի եղել: Հնարավոր է հապավում է, չգիտեմ, բայց դա չէ գլխավորը: Գլխավորն այն է, որ տառը հենց «տ» է կարդացվում հայերենում: Կոմիտասի պողոտայում մի խանութ կա «Դայանա» անունով: Անշուշտ, ռուսալեզու ընթերցողը Ձայանա չի կարդա: Ուրեմն ինչո՞ւ հայախոս մարդիկ, կարդալով Դիանա, անպատճառ պետք է արտաբերեն Ձիանա: Այդ ինչ անեծք է ընկել մեր լեզվի վրա:

Հեռուստատեսային հաղորդումներից մեկում խոսվում էր մեր լեզվի մաքրության մասին: Մի հեռուստադիտող ուղիղ եթերում խոսեց այն մասին, թե ինչ պետք է ամեն ինչ թարգմանել, դրանից լեզուն չի զարգանա, կտուժի: Այստեղ, առաջին հայացքից, տրամաբանություն կա, փոխառությունները անհրաժեշտ են: Սակայն չպետք է մոռանալ, որ բնության մեջ ամեն ինչ կա, եւ այն, ինչ մարդուն արդեն հայտնի է, եւ այն, ինչը դեռ հայտնի չէ: Լեզվի մեջ էլ ամեն ինչ կա: Միայն թե չիմացածը անհրաժեշտ է հայտնաբերել: Մի լավ օրինակ բերեմ. մի շատ խելոք մարդ, չգիտեմ ով, ոչ թե ստեղծեց, ոչ թե հնարեց, այլ հայտնաբերեց շատ գեղեցիկ եւ իմաստային տեսակետից անգերազանցելի համակարգիչ անունը: Այն անմիջապես մտավ մեր բառապաշարում, այն էլ այնպես մտավ, որ ասես այդ բառին մենք ծանոթ էինք համակարգչի ստեղծումից առաջ: Բայց ահա, մի շատ ավելի չգիտեմ ինչ մարդ, ըստ որում հայ մարդ, որոշեց, որ կոմպյուտեր անունն ավելի լավ է: Եվ ահա ամեն օր մեր հարազատ հեռուստաէկրաններից օրական քանի անգամ հնչում է. «Էյ Սի Էն կոմպյուտերային դպրոց, կոմպյուտերային բարձրակարգ ուսուցում, բազմազան կոմպյուտերային ծրագրեր...»: Եթե հասցեն էլ ասենք, մենք էլ մասնակից կլինենք հակաազգային այս գովազդին: Ուրիշներն արդեն ազդեցության տակ են ընկել, արդեն հայտնվել են «Կոմպյուտերներ» գրած ցուցափեղկեր: Կարծեք եթե «Համակարգիչ» գրված լինի, այդ խանութում մարդ ոտք չի դնի:

Մեկ ուրիշ օրինակ: Հայաստանի անկախացումից հետո սնկի պես աճեցին ոչ միայն համալսարանները, այլեւ քոլեջները: Իմ կարծիքով, եթե անցած դարի քսանական թվականներին մեր բառապաշարում տեխնիկում ու ինստիտուտ անունները չթափանցեին (իբր հարստացրին հայերենը), այսօր քոլեջը գլուխ չէր բարձրացնի: Տեսեք, թե մեր նախնիները, մեր պապերն ու տատիկները որտեղ են սովորել. դպրոց, վարժարան, ուսումնարան, համալսարան, բոլորը միասին` կրթօջախ: Երբեմն-երբեմն եթերում մի գովազդային հոլովակ է պտտվում. 2-5 տարեկան շնորհալի երեխաներին հրավիրում են սովորելու մի ինչ-որ քոլեջում: Իհարկե, շնորհաշատ երեխաներին անհրաժեշտ է հայտնաբերել եւ նրանց տաղանդը բացահայտելու համար պայմաններ ստեղծել: Բայց ինչո՞ւ քոլեջում եւ վերջապես ի՞նչ է քոլեջը: Քանի որ, համոթ մեզ, մենք չունենք փոխառած օտար բառերի հանրամատչելի բառարան, ապա բացեցի ռուսական համապատասխան բառարանն ու կարդացի, որ քոլեջը անգլերեն բառ է, կարելի է ասել, ուսումնական տարբեր հաստատությունների անուն` համալսարանից մինչեւ միջնակարգ դպրոց, ինչպես նաեւ բարձրագույն դպրոցին կից, ոչ ավել, ոչ պակաս, հանրակացարան: Միացյալ Նահանգներում քոլեջ մեծապես անվանվում են հատուկ բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունները: Իսկ Հայաստանում քոլեջ են հաճախում անգամ 2-3 տարեկան երեխաները: Ի՜նչ հանճարն ենք: Զարմանալին, տարօրինակը եւ, կասեի, վիրավորականը, որ մեր պետական ուսումնարաններն ու վարժարաններն են վերանվանվել քոլեջ:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարության բարձրաստիճան եւ պատասխանատու այրեր, միջոցներ ձեռնարկեք, որ ամեն ինչ, հատկապես կրթության եւ գիտության համակարգում իրերն իրենց անուններով կոչվեն:

Քանի ուշ չէ...

ԼԵՎՈՆ ԱՆԱՆԻԿՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4