«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՁՐԻ ԱՐՎԵՍՏ ԵՎ ԻՍԿԱԿԱՆ ՍԵՐ ՄԵՐ ՕՐԵՐՈՒՄ «ՆԱՐԵԿԱՑԻ» ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Արդեն մեկ տարուց ավելի է, ինչ Հայաստանի հասարակությունն ակնդիրն ու մասնակիցն է մշակութային բազմաթիվ նախաձեռնությունների, որ իրականանում են Նարեկացի արվեստի միությունում: Ջերմ մթնոլորտով այս արվեստի կենտրոնը գործում է Կինոյի տանը հարող նկուղային տարածքում, որ ժամանակին ընդամենը մի աղտոտ փոս էր (դրանցից դեռ շատ կտեսնեք Երեւանի նույնիսկ կենտրոնական փողոցներում): Արվեստի միությունը միշտ բաց է, նույնիսկ հանգստյան օրերին, մուտքն ազատ է եւ անվճար: Այստեղ բացի ցուցահանդեսներից, համերգներից, քննարկումներից, մամուլի ասուլիսներից, տարբեր մշակութային խմբակներ անցկացնում են իրենց պարապմունքները եւ առաջին ելույթները: Ակնհայտ է, որ այս հասարակական կազմակերպությունը մեծ ներդրումների եւ անսպառ հոգատարության արդյունք է, ուր, կարծես թե, «փող չեն լվանում» եւ աչքակապությամբ գաղափարներ չեն մեռցնում: Այդ առումով կենտրոնը ոչ միայն գովելի, այլեւ հետաքրքրական է դառնում` ծնելով «մեր օրերում ձրի արվե՞ստ» հարցը: Վերջինիս պատասխանը փորձեցինք ստանալ ՆԱՄ-ի հիմնադիր բեյրութահայ, բայց ամերիկաբնակ Նարեկ Հարությունյանից: «ՆԱՄ-ը նպատակ ունի ձեւավորելու հայ արվեստասերների հանրություն», ասում է Նարեկը, ով րոպե առաջ ցանկանում է պարզաբանել, որ միության անվանումը ոչ թե իր, այլ սուրբ Գրիգոր Նարեկացու պատվին է` որպես պատասխանատվության, հավատարմության ուխտ: Իրեն էլ ժամանակին հայրենանվեր ծնողները Նարեկացու պատվին են անվանակոչել: «Այս միությունը սիրո արդյունք է, ասում է Նարեկը: Սեր` մեր ազգային մշակույթի, արվեստի ու մարդկանց նկատմամբ: Սա մի տեղ է, ուր պետք է հույս տանք ու ստանանք իրարից ու հասկանանք, որ արվեստը մեր ազգի ուժն է: Ճիշտ է, մինչ միության ստեղծումը էլի մեր ընտանիքը` հայրս, մայրս եւ երկու եղբայրներս օգնում էին շատ արվեստագետների, բայց պետք է լիներ մի կենտրոն, որ համախմբեր մեր ծրագրերն ու արվեստագետներին»:

ՆԱՄ-ի առավելություններից մեկն այն է, որ այստեղ ստեղծված են հատուկ պայմաններ հաշմանդամների համար: «Այդ առումով զարգացման կարիք ունի այս քաղաքը, որտեղ արհամարհված են ֆիզիկական խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները», ասում է Նարեկը: Նա պատմում է, թե ինչպես Հայաստանի օդանավակայանում մի անգամ հանդիպել է Գոհարին, որ տեղաշարժվում է անվասայլակով: Հետո Գոհարիկը կպատմի Նարեկի ուշադրության եւ հոգատարության մասին: Ուշացած լինելով ԱՄՆ տարանցիկ թռիչքից, Նարեկը ուղեկցել է իրեն մինչեւ Ուելս քաղաքը` դարձնելով իր ճամփորդությունը անմոռանալի եւ ուրախ: «Նրա վիճակով պատկերացրի, որպիսի վիճակում են նմանատիպ խնդիրներ ունեցող մարդիկ եւ ցանկացա, որ իրենք մեր կենտրոնում լավ զգան իրենց: Սա փաստորեն առաջին նկուղային վայրն է, ուր վերելակ սարքվեց հաշմանդամների համար: Նրանք իրենց այստեղ հավասար են զգում: Մինչդեռ նույն զգացողությունները պետք է քաղաքի մեջ զգային` խանութ ու թատրոն գնային», ասում է Նարեկը: Նա համեստորեն լռում է այն մասին, որ Գոհարի հետ հանդիպումից առժամանակ անց, երբ ՆԱՄ-ն արդեն իրականություն էր ու փաստ, ինքը զանգահարել է Գոհարին եւ հրավիրել աշխատանքի ՆԱՄ-ում: «Դա ինձ համար վերածնունդ էր, ասում է Գոհարիկը: Նարեկն իմ պահապան հրեշտակն է, ՆԱՄ-ը` հարազատ օջախ, ուր ես ինձ լիարժեք մարդ եմ զգում` կարեւոր եւ ռեալիզացված», ժպտում է սայլակին նստած գեղեցիկ աղջիկը, ով երազում է ՆԱՄ-ի նման շատ կենտրոններից բացի, Երեւանում հասանելի տեսնել տրանսպորտային միջոցներ, խանութներ, մայթեր ու անգամ պոլիկլինիկաներ:

www.naregatsi.org եւ www.knaravan.org կայքէջերը առավել մանրամասն են պատմում Հարությունյանների ընտանիքի հայրենանվեր աշխատանքների մասին, որոնց ծաղկեպսակն է Քնարավան գյուղի վերականգնումն ու շենացումը` տների կառուցումով ու հուշարձանների պեղմամբ վերականգնմամբ: «Մենք Շուշիում էլ ենք նմանատիպ Նարեկացի կենտրոն հիմնում: Տա աստված տարեվերջին պատրաստ լինի», ասում է Նարեկը եւ հանդես գալիս ոչ պակաս կարեւոր առաջարկով: «Եթե լինեն մարդիկ, որոնք միանան մեզ, կարելի է նույն միություններից հիմնել այնտեղ, ուր հոգու, ոգու հայ արվեստի ծարավ կա: Օրինակ` Ջավախքում, սփյուռքում»:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4