«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ԳՈՐԾՈՂ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՇԱՀՆ ԱՅԼԵՎՍ ԲԱՑԱԿԱՅՈՒՄ Է

«Օրինաց երկիր» կուսակցության կոալիցիայից դուրս գալը եւ ընդդիմադիր դաշտ անցնելը, ինչպես նաեւ ղարաբաղյան հակամարտության հարցում վերջին շրջանում եղած նորությունները միջազգային հանրության հետաքրքրությունն ավելի սրեցին Հայաստանի հանդեպ: Այս կարծիքը հայտնեց «Կովկաս» վերլուծական կենտրոնի քաղաքական հարցերով փորձագետ Մանվել Սարգսյանը երեկ «Իրավունք եւ ազատություն» կենտրոնի կազմակերպած քննարկման ժամանակ, որը նվիրված էր Հայաստանի ներքաղաքական իրավիճակին: Փորձագետը համոզված է, որ հատկապես ՕԵԿ-ի հետ կատարվածը պատճառ է դարձել, որ գործող իշխանության ներսում կորչի միասնական շահը: Սրա հետեւանքով սկսվել են իշխանական ճամբարի տարբեր օղակների խմբավորման գործընթացներ, որը, քաղաքական վերլուծաբանի համոզմամբ, մեր երկրում քաղաքական համակարգի բարեփոխման պայմաններ է ձեւավորել:

Մանվել Սարգսյանի ներկայացմամբ, անջատվել են գործող նախագահի, չինովնիկների կորպուսի եւ գործարար շրջանակների շահերը, որոնց ծրագրերն, ի դեպ, հակասում են միմյանց շահերին: Այսպիսով, փորձագետի գնահատմամբ, ՕԵԿ-ի` կոալիցիոն պայմանագիրը խախտելը փոխել է իշխանության տրամաբանությունը. «Իշխանության ճամբարում ռեալ իշխանությունն անցավ Ռոբերտ Քոչարյանի ձեռքը, իսկ կոալիցիայի կուսակցությունները կորցրեցին իրավիճակի վրա ազդելու իրենց լծակները, քանի որ զրկվեցին խորհրդարանական մեծամասնություն լինելու գործոնից»: Փորձագետն անհիմն համարեց այն կարծիքը, թե նախագահի պաշտոնը հանձնելու խնդրի առաջ կանգնած երկրի նախագահը իրական իշխանությունը կհանձնի չինովնիկների դասակարգին` իր զինակից Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Այս համոզմունքը վերջինս հիմնավորում է նրանով, որ վերջերս երկրի չինովնիկական դասը գնաց ինքնահամախմբման` Հանրապետական կուսակցություն եւ պաշտպանության նախարար դաշինքի ձեւով: Փորձագետի կարծիքով, այլ է նաեւ գործարար պատգամավորների վիճակը, նրանք պարադոքսալ վիճակում են: «Ժամանակին նրանց մանդատները «տանիքի» դեր էին կատարում, իսկ ներկայումս պատգամավորական մանդատ ունեցող գործարարների սեփականությունը դարձել է իշխանական ճամբարի տարբեր բեւեռների քաղաքական հավակնությունների թիրախ», նկատեց նա:

«Կովկաս» վերլուծական կենտրոնի փորձագետի եզրակացությամբ, իրավիճակի փոփոխությունն ու ներքաղաքական գործընթացների հետագա զարգացումը կախված է այն հանգամանքից, թե ինչ քաղաքական քաշ ձեռք կբերի հայաստանյան ընդդիմությունը, որից էլ մեծապես կախված է նաեւ բիզնես շրջանակների դիրքորոշումը: Փորձագետը չի բացառում, որ նման ընդդիմության շահերը կարող են համընկնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շահերի հետ:

Հ. Գ. Ներքաղաքական իրավիճակի մասին կազմակերպված այս հետաքրքրական հանդիպումը կարող էր ավելի արդյունավետ լինել, եթե չլիներ քաղաքագետ Իգոր Մուրադյանի` «Ար» հեռուստաընկերության հետ կապված իր խնդիրները տեղում պարզելու նախաձեռնությունը: Ի տարբերություն քաղաքագետի անկիրթ պահվածքի, հիշյալ հեռուստաընկերության լրագրողը բավական բարեկիրթ գտնվեց` առաջարկելով դժգոհությունների համար դիմել դատարան: Մեզ հետ զրույցում «Ար» հեռուստաընկերության լրագրող Արայիկ Մարգարյանն ասաց, որ «դրսում եղած զրույցում» Իգոր Մուրադյանը մեղադրել է իրենց իրեն իշխանամետ անվանելու համար, սակայն, լրագրողի հավաստմամբ, վերջին մեկ տարում նման անուն-ազգանունով անձի իրենք չեն անդրադարձել: Քաղաքագետի վարքը լրագրողը որակեց «ինքն իրեն փիար անելու միջոց»:

ԳՈՀԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4