«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՀԱՅ ԱՐԻՆԵՐԸ ԱԶԳԻՆ ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԿՈՉ ԵՆ ԱՆՈՒՄ

Հայ արիական միաբանությունը (ՀԱՄ) երեկ բաց նամակ է հղել հայությանըՙ «Թշնամին մեր տանն է, մեր մեջ... դուրս հանենք նրան, որ հարատեւենք» վերնագրով: ՀԱՄ-ի գերագույն խորհուրդը նամակում անդրադառնում է վերջին շրջանում աշխուժացած «հհշածին» տարրերին, հիշեցնելով վերջիններիս, որ նրանք սպառված են որպես քաղաքական ուժ, մեռած այնքան, որ այս իշխանությունների ամենաթողության պայմաններում անգամ հայության բացարձակ մեծամասնությունը չի ցանկանում նրանց վերադարձը: Հայ արիական միաբանությանը զայրացրել է հատկապես «Ժամանակ Երեւան» օրաթերթի մի հրապարակումը, ապա նաեւՙ հհշական «հին գվարդիայի» կարկառուն ներկայացուցիչ Աշոտ Բլեյանի վերջին ապազգային հայտարարությունները:

Անդրադառնալով «Ժամանակ Երեւան» թերթում հուլիսի 5-ին հրապարակված «Մեկ ազգ, մեկ մշակույթը ֆաշիզմ է» վերնագրով հոդվածի հեղինակի դատողություններին, նրա արարքը որակում են որպես օտարի ծառայի պահվածք, որովհետեւ հոդվածագիրն անդեմ արարածին բնորոշ հարցեր է ուղղում հասարակությանը, թե ինչո՞ւ մեկ ազգ, ինչո՞ւ մեկ մշակույթ եւ այլն:

Ամերիկանիզմի եւ սիոնիզմի մեկ այլ կարկառուն ներկայացուցիչ համարելով Աշոտ Բլեյանին եւ անդրադառնալով նրա վերջին հայտարարություններինՙ ՀԱՄ գերագույն խորհուրդը նշում է, որ Բլեյանն իր այդ հայտարարություններով հայիզմի դեմ է հանել իր բլեիզմը: Ապա նամակում կուսակցության գերագույն խորհրդի անդամները հիշեցնում են, որ Բլեյանը պատերազմի տարիներին գնացել է Բաքու, ապա վերադառնալով Հայաստան հայտարարել, թե Ադրբեջանը մեզնից հզոր էՙ փորձելով ընկճել ցրտի ու մութ տարիներին դիմակայող ժողովրդին:

Վերջում ՀԱՄ ԳԽ անդամները նախազգուշացնում են, որ սա «օտարահպատակների» վերջը չէ, նրանք դեռ լուրջ կռիվ ունեն Հայաստանում, ուստի պետք է զգոն լինել եւ համարձակ ասել. «Մեկ ազգ, մեկ հայրենիք»:

Գ. Գ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4