«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#124, 2006-07-05 | #125, 2006-07-06 | #126, 2006-07-07


ՍԽԱԼՆԵՐԻ ՏԱԿ ԿՔԱԾ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸՙ ԱՆՍԽԱԼԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերակա շահի առկայությունը որոշելիս նույնպես

ՆԱՆԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ

«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը երեկ կայացած ԱԺ արտահերթ նիստում ակտիվ քննարկման առարկա դարձավ: Ընդդիմադիր պատգամավորներն այն ապահովեցին: Տարբեր ձեւակերպումներով համոզմունք հայտնելով, որ օրինագիծը նպատակ ունի արդեն տեղ գտած անօրինականությունները օրինականացնելու: «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանի կարծիքով այդ եզրահանգման պատճառը «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի 19-րդ հոդվածով սահմանվածն էՙ մինչ օրենքի ընդունումը սկսված սեփականության օտարման գործընթացները շարունակվում են այդ պահի օրենսդրության համաձայն, այսինքն այն օրենքով, որը ՍԴ համարել է ՀՀ սահմանադրությանը չհամապատասխանող:

Իսկ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հավաստմամբ, կառավարության ներկայացրած օրինագիծը միտված է առաջին հերթին անիմաստ արգելքները հանելու մեխանիզմների, սեփականատիրոջից սեփականության օտարման հիմք տվող խնդիրների հստակեցումը ապահովելուն եւ ամրագրելու է սեփականատիրոջ պաշտպանության ինստիտուտը, պատասխանատվությունը, դատական վերահսկողության հիմնական մեխանիզմները: Հանրային շահը, օրինագծի համաձայն, գերակա է լինելու օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից, իրականացվելու է սեփականատիրոջը նվազագույն վնաս հասցնելու սկզբունքով, որոշվելու է կառավարության կողմից: Կառավարության սխալվելու դեպքում էլ արդարությունը սահմանելու իրավասությունը տրվելու է դատարանինՙ գերակա հանրային շահի առկայությունը կարող է որոշվել դատական կարգով: Գերակա շահի առկայությունը որոշելու իրավասությունը կառավարությանը շնորհելը Դավիթ Հարությունյանի կարծիքով օպերատիվություն կապահովի, իսկ սխալները կուղղի դատարանը, որի սխալվելն էլ կանխարգելելու եղանակ կարող է լինել բարձր ատյանում բեկանվող որոշում ընդունած դատավորին պաշտոնանկ անելու դրույթը, սա էլ ըստ Վիկտոր Դալլաքյանի:

Արդարադատության նախարարի հավաստմամբ, «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրենք ունենալու անհրաժեշտությունը բխում է Երեւանի կենտրոնում բնակիչների սեփականության օտարումը հակասահմանադրական համարելու սահմանադրական դատարանի որոշումից: Իսկ օրինագծի անձանց կյանքի առողջության կամ սեփականության պաշտպանությունը հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման բացառիկ գերակա հանրային շահ համարող 4-րդ հոդվածը ընդդիմության օրինագծից դժգոհ լինելու հաջորդ հիմքն է, քանի որ, ինչպես սահմանեց Վիկտոր Դալլաքյանը, կարող է «մի հաստավզի կամ մի չինովնիկի սեփականության համար խլվել քաղաքացու սեփականությունը»: Պատգամավորների դժգոհության մյուս հիմքը կառավարության շտապողականությունն է: Մինչ երեկ առավոտ պատգամավորները օրինագծին սահմանված կարգով ծանոթանալու հնարավորություն չեն ունեցել, այն վերջին մեկ ամսին տեղադրված է եղել ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում եւ փոփոխություններ կրել շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիմքով: Նախարարն ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից մեկ ժամից էլ քիչ անց օրինագիծը ներկայացնելու համար դրա հասանելիության եղած չափը բավական համարեց: Մինչդեռ պատգամավոր Թաթուլ Մանասերյանի հավաստմամբ, օրինագիծը ԱԺ որեւէ հանձնաժողովում չի քննարկվել եւ հարկ է հետ ուղարկել, ապա միայն համապատասխան կարգով ներկայացնել: Բացի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից, միայն ՄԱԿ խմբակցության ներկայացուցիչ Գրիգոր Ղոնջեյանը, որը թերեւս խմբակցության մոտեցումն արտահայտեց, դրականապես արտահայտվեց ԱԺ առաջին ընթերցման ներկայացված «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագծի առնչությամբ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4