ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանում Վրաստանն ու Ադրբեջանն առաջարկել են երկու փաստաթուղթ: Առաջինում ասվել էՙ չլուծված հակամարտությունների լուծումը տալ վիճելի տարածքների վերադարձմամբ: ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներից առաջարկին կողմ են քվեարկել միայն երեքըՙ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան: Այս մասին երեկ հրավիրած ասուլիսում հայտարարել է ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, փաստելով. «Այս անգամ մեր համագործակցությունը Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի եւ Ֆրանսիայի հետ շատ արդյունավետ եղավ»: Երկրորդ փաստաթղթում երկրների նշված եռյակը հայտարարել է, որ անկախ նրանից, թե ինչ լուծում կստանա Կոսովոյի հակամարտությունը, այն չի կարող նախապայման ծառայել: Այս խնդրում, Հովհաննիսյանի հավաստմամբ, Ռուսաստանի օգնությամբ հնարավոր է դարձել միայն նշված երեք երկրների կողմ քվեարկությունը: Ինչը նշանակում է, որ Կոսովոյի կարգավիճակը միանշանակ կարող է ծառայել որպես նախադեպ:
ԵԱՀԿ ԽՎ փաստաթղթում առաջին անգամ հաջողվել է ներառել նաեւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքըՙ հիմք ընդունելով Չեռնոգորիայի հանրաքվեն: Սա Վահան Հովհաննիսյանը գնահատեց որպես սահմանների հարցում եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հավասարակշռման հարցում: ԱԺ փոխնախագահի հավաստմամբ, քվեարկությամբ պարզվել է, որ այս սկզբունքով հարցերի լուծումը ընդունելի է: Մարդու իրավունքների, հումանիտար հարցերի եւ ժողովրդավարական բարեփոխումների ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում վեճ է ծավալվել ազգային փոքրամասնությունների, այդ թվում եւ հայաբնակ Ջավախքի առնչությամբ:
Բելգիայի Սենատի ղեկավարն առանց որոշումներ կայացնելու մանրամասների փաստաթուղթ է ներկայացրել: Հայկական կողմը հավելել է, որ ազգային փոքրամասնությունները պետք է քաղաքական հարթությունում, վարչական մարմիններում եւ ոչ կառավարական կազմակերպություններում դրսեւորման հնարավորություն ունենան: Կանադան, Ռուսաստանը եւ Մոնակոն այս հարցում սատարել են Հայաստանին, եւ փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ: Վրաստանը, Ադրբեջանն ու Թուրքիան նշված փաստաթղթում առաջարկել են ներառել երկրի տարածքային ամբողջականությունն ազգային փոքրամասնությունների կողմից պարտադիր հարգելու նորմը: Այս հարցում պատասխան տալու հերթը հայկական կողմին չի հասել: Դա ստանձնել է իսպանական պատվիրակությունը: Հովհաննիսյանի խոսքերով, տառացիորեն ջախջախելով եռյակի առաջարկը. «Ազգային փոքրամասնությունները տարածքային ամբողջականությունը չհարգելու իրավունք ունեն, եթե երկիրը, որտեղ նրանք ապրում են, չի հարգում վերջիններիս իրավունքները»: Հայկական պատվիրակության աշխատանքը հուլիսի 3-8-ը Բրյուսելում կայացած ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանում Վահան Հովհաննիսյանը գնահատեց մեկ նախադասությամբ. «Հաջողվել է անցկացնել բոլոր հայամետ եւ տապալել բոլոր հակահայ նախաձեռնությունները»:
ԼՂ կարգավորմանը նոր կառույցների ներառումը նպատակահարմար չէ
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ կարգավորման ընթացքը մի շարք երկրների համար գործընթացին մասնակցելու գայթակղության մթնոլորտ է ստեղծում: Դա ի թիվս այլ երկրների, առաջին հերթին դրսեւորում է Մեծ Բրիտանիան: Վահան Հովհաննիսյանի կարծիքով, եթե այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցությունները դադարեն, ապա վկա կլինենք մի քանի երկրների ակտիվության դրսեւորմանը: Ինչն ամենեւին ցանկալի չէ, քանի որ մյուս մարմիններն անհրաժեշտ չափով պատրաստված ու տեղեկացված չեն հակամարտության կարգավորման սկզբունքներին: «Որքան խորն է ԵԱՀԿ ՄԽ ուսումնասիրում հարցը, այնքան նպատակահարմար են դառնում մեզ նրա առաջարկությունները: Նոր կառույցները օգուտ չեն բերի գործընթացին», հայտարարեց Վահան Հովհաննիսյանը, տեղեկացնելով, որ ԵԱՀԿ ԽՎ ղարաբաղյան հարցով զեկուցողի ինստիտուտը կարող է վերափոխվել աշխատանքային խմբի: Նրա խոսքերով, այդ ձեւաչափում աշխատանքը կարող է ավելի արդյունավետ լինել:
Ռուսաստանը ճկունություն պետք է դրսեւորի
Անդրադառնալով Կազբեկ-Վերին Լարս ռուս-վրացական սահմանի փակմանը, Վահան Հովհաննիսյանն ընդգծեց, որ ռուսական կողմը պետք է հասկանա, որ Վրաստանի դեմ արվող քայլերը վնասում են Հայաստանին եւ անհրաժեշտ է դրսեւորել հնարավոր ճկունություն: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնումը», գյուղատնտեսության նախարարությունից հավաստել են, որ Կազբեկ-Վերին Լարս սահմանային անցակետում հայկական բեռնատարներ չկան, քանի որ դրանք հասցրել են մինչ նշված կետը փակելն անցնել վրաց-ռուսական սահմանը: Նույն աղբյուրը փաստում է, որ հայկական կողմը որպես այլընտրանք կարող է օգտագործել Փոթի-Նովոռոսիյսկ լաստանավային ուղին:
Ն. Պ.