Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն օրերս ավարտեց իր հովվապետական այցելությունը Ստամբուլ: Տեղի հայկական համայնքի ղեկավարությունը ամիսներ շարունակ պատրաստվում էր այդ այցելությանըՙ ցույց տալու իր հարգանքն ու հավատարմությունը Սուրբ Էջմիածնին եւ պատմական այդ իրադարձությունը հույզերի ու հպարտության անմոռանալի փորձառություն դարձնելու համար:
Թուրքերը, մյուս կողմից, ցույց տվեցին իրենց իսկական գույնըՙ քաղաքակիրթ վարքի ամենացածր աստիճաններում: Բոլոր առումներով այդ այցելությունը ստուգարքային նշանակություն ունեցավ ինչպես հայերի, այնպես էլ թուրքերի համար եւ առիթ դարձավ, որ քաղաքակիրթ աշխարհը հանգի որոշակի եզրակացությունների:
Հովվապետի այցելությունը առաջին իսկ վայրկյանիցՙ օդանավակայանում արժանացավ թշնամական ընդունելության, երբ մի խումբ աջակողմյան ծայրահեղականներ հավկիթ շպրտեցին բարձրաստիճան հյուրի եւ նրան ուղեկցող պաշտոնական անձնավորությունների ծառայողական մեքենաների վրաՙ աղաղակելով «Թույլ չենք տա որեւէ քրիստոնյա կրոնավորի մուտքը մեր երկիր» բառերը: Փոքր Ասիան, որը նախապատմական ժամանակներից հույների եւ հայերի օրրանն էր, դարձավ «իրենց» երկիրըՙ կողոպուտի եւ էթնիկական զտման բազմաթիվ աղաղակող փաստերից հետո: Եթե թուրքերն իրենց իսկական հայրենիքն են ցանկանում գտնել, պետք է գնան Կենտրոնական Ասիայի տափաստանները: Բայց նույնիսկ այդ տարածքների այսօրվա բնակիչները ապացուցել են, որ ավելի քաղաքակիրթ են, քան իրենց վայրենի ազգակիցները:
Հոգեւոր առաջնորդի այցելության հանդեպ ցուցաբերված այս թշնամանքը սոսկ մոլեգնած ամբոխի կամ «Գորշ գայլերի» արարքներով չսահմանափակվեց: Առավել կրթված շրջանակներիՙ աջակողմյան Մեծ իրավաբանների միության առաջնորդ Քեմալ Քերինչսիզը թուրք ոստիկանների ներկայությամբ անպատվեց Վեհափառին ողջունելու եկած հայազգի մեծահասակ մի կնոջ:
Թուրքիան ինչքան էլ ձգտի ժողովրդավարական երեւալ, միեւնույնն է, փորձը ցույց է տալիս, որ նման հասարակական անախորժությունները բոլորովին էլ պատահական չեն: Հիշենք թեկուզ անցյալ սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած վայրագությունները քրիստոնյա փոքրամասնության դեմ, ինչպես նաեւ վերջերս կատարված սկանդալը Սուսուրլուքում:
Հայոց հայրապետը Թուրքիա էր այցելում Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ի եւ Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանի հրավերով: Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոս Ա-ն, որն ավելի վաղ այցելել էր Հայաստան, իր ելույթում հիմնականում անդրադարձավ չափազանց անբարյացակամ մահմեդական մի երկրում ուղղափառ եկեղեցու միասնականության խնդիրներին: Հունական պատրիարքարանն ինքն էլ զրկված է իր նախկին փայլ ու փառքից, իշխանությունից եւ գոյատեւում է սոսկ որպես Ստամբուլի նոսրացած հույն համայնքը ներկայացնող մի թեմ: Թուրքական կառավարությունը նույնիսկ մերժում է ընդունել նրա առաջնորդիՙ Հույն ուղղափառ եկեղեցու տիեզերական պատրիարք տիտղոսը: Թուրքերը փակել են հունական հոգեւոր դպրեվանքը, որը վերաբացելու միջազգային ճնշումներն առայժմ որեւէ շոշափելի արդյունքի չեն հասել: Թուրքական կառավարության անհանդուրժողականությունը ծառայում է խիստ գործնական մի նպատակի: Հաշվի առնելով, որ հույներին եւ հայերին չի թույլատրվում կրոնավորներ պատրաստել երկրում, եւ այն հանգամանքը, որ թուրքական կառավարությունն արգելում է օտարածին մի կրոնավորի զբաղեցնելու հոգեւոր բարձրաստիճան աթոռը, այդ պատրիարքարանները, ի վերջո, դատապարտված են փակվելու:
Ծիծաղելի փաստ է, որ Մ. Նահանգների կառավարությունը, որը հանդուրժել է, չասելու համար խրախուսել է, Հյուսիսային Կիպրոսի գազանաբարո զավթումը թուրքերի կողմից, շարունակում է ճանաչել Հույն տիեզերական պատրիարքի պաշտոնական տիտղոսը եւ ճնշում է գործադրում Թուրքիայի վրա վերաբացելու հունական հոգեւոր դպրեվանքը: Թուրքիայում կրոնական «ազատությունների» մասին այսքանը բավարար համարելով, անցնենք լրատվամիջոցներին:
Հովվապետական այցելությունը նաեւ փորձաքար էր զանգվածային լրատվության համար, որն ապացուցեց, որ գործում է բացառապես հօգուտ Թուրքիայի: Իրադարձությունը, ինչ խոսք, պետք է անդրադառնար թուրք-հայկական պատմական կապերին եւ նույնիսկ եթե Վեհափառը որպես հյուր քաղաքավարությունից դրդված, զուսպ ու շրջահայաց գտնվեր, լրատվական միջոցները պատրաստ էին վերաբացել հին վերքերը: Դրանցից առաջինն, անշուշտ ցեղասպանության հարցն էր, որն արծարծվեց ոչ թե զոհին պատշաճը հատուցելու, այլ ոճրագործին արդարացնելու նպատակով: Ստամբուլում BBC ռադիոկայանի թղթակից Սառա Ռեյնոֆորդն իր հեռարձակումը սկսեց հետեւյալ սադրիչ նախադասությամբ. «Հայկական եկեղեցու առաջնորդի այցը Ստամբուլ վիճելի հարցեր է առաջացնում: Գարեգին Բ-ն անցյալում մեղադրել է թուրքերին հայերի հանդեպ ցեղասպանություն գործադրելու մեջ: Թուրքիան ժխտում է իր դեմ ուղղված մեղադրանքները»: Ասոշիեյթեդ պրես գործակալությունը գրեթե բառացի կրկնեց նույնը, հասկացնելով հայերին, որ իրենց դատին արդար լուծում գտնելը «սիզիփոսյան աշխատանք» է լինելու: BBC-ն եւ Ասոշիեյթեդ պրեսը դեռեւս գտնվում են քաղաքական անբարոյական ուղու վրա, որը ճշմարտությունն ընդունելու փոխարեն նախընտրում է հաճոյախոսել ոճրագործ թուրքերին:
Հայերի դեմ ցեղասպանություն իրականացնելու փաստը միայն Վեհափառ հայրապետը չէ, որ բարձրացնում է, այլ ողջակիզման եւ ընդհանրապես ցեղասպանության հարցերով զբաղվող հարգարժան գիտնականների մի ամբողջ բանակ:
Այլ հարց է, թե ինչո՞ւ է Թուրքիայի ուրացումը այդքան կարեւորվում, երբ հրեական Հոլոքոսթին անդրադառնալիս ոչ մի խոսք չի ասվում նեոնացիստների արտահայտությունների մասին:
Թուրքիային իր արյունոտ պատմության հետ հաշտեցնելու խնդրից բացի, մենք զուգահեռ պայքար պետք է մղենք նաեւ զանգվածային լրատվության ապատեղեկատվությունների դեմ:
Այժմ, երբ հովվապետական այցելությունն ավարտված է, ստամբուլահայությունը շարունակելու է ապրել պատմական հիշողություններով, մինչ Թուրքիան պետք է արդարացման եզրեր գտնի իր ցուցաբերած վարքագծի համար եւ կարողանա համոզել եվրոպացիներին, որ այն համապատասխանում էր քաղաքակիրթ ազգերի մակարդակներին:
Եվ թող Եվրոմիությունը որոշի, թե արդյոք Թուրքիան իր այդ կեցվածքով արժանի՞ է միանալու քաղաքակիրթ երկրների ընտանիքին:
Յուրաքանչյուրն իր եզրակացությանը պետք է հանգի այս դեպքում:
Armenian Mirror-Spectator, Հուլիսի 1-ի խմբագրական