Եռօրյա այցով Ստեփանակերտում էր Հայ կաթոլիկ եկեղեցու բարձրաստիճան պատվիրակությունըՙ Ներսես Պետրոս պատրիարք կաթողիկոսի գլխավորությամբ: Շուշիի մատույցներում պատվիրակությանը դիմավորեց ԼՂՀ իշխանության ներկայացուցիչների եւ Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած Հայաստանի ձեռներեցների պատվիրակությունը: Այդուհետեւ Լեռնային Ղարաբաղի իշխանությունների հետ հանդիպումները ծավալվեցին սոցիալ տնտեսական եւ Շուշիի վերականգնման ծրագրերի շուրջը:
Հայ կաթոլիկ եկեղեցու անդամների մասնակցությամբ մեկնարկած Շուշիի պատմամշակութային ժառանգության հետազոտության առաջին արդյունքներն ու հեռանկարները թեմայով ցուցահանդես-գիտաժողովը կայացավ Ստեփանակերտի պետական համալսարանում: Գիտաժողովի բացման խոսքն ասաց Ներսես Պետրոս ԺԹ պատրիարքը. «Մենք այսօր աստվածաշնորհ արդարության եւ մարդու, ժողովուրդների իրավունքի հաղթանակի վկան ենք եւ մեզ հետ այդ հաղթանակի մասին ուշ թե շուտ վկայելու է, համապատասխան վկայությունը տալու է միջազգային կոչված ընտանիքը, որովհետեւ խաղաղությունն ու բարգավաճությունը, որին ձգտում է համայն մարդկությունը, անհնար են առանց արդարության, մարդու եւ ժողովուրդների ազատության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման»:
Պատվիրակությունը հուլիսի յոթին եղավ Գանձասարում եւ տեղի վանահոր հետ աղոթք մատուցեց: Հուլիսի իննին Ժան Պողոսյանի անվան Շուշիի մշակութային հետազոտությունների եւ վերականգնման թանգարանը բացեցին պատվիրակության մյուս ներկայացուցիչները: Այսուհետեւ խորհրդային տարիներին պահեստարան ծառայած եւ մահմեդականացված Շուշիի հայկական շենքերից մեկը թանգարան կլինի, ուր ցուցադրվելու են քաղաքի պեղումների եւ չափագրման ընթացքում հայտնաբերված արժեքավոր իրերը:
Ն. Պ.