«Երիտասարդ քաղաքական գործիչների ակումբը» երեկ բաց նամակ է հղել հայաստանյան կուսակցություններին` պահանջելով հստակեցնել իրենց դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին շրջանի զարգացումների առնչությամբ: Մասնավորաբար նրանք պահանջում էին իրենց ավագ գործընկերներից հստակեցնել իրենց դիրքորոշումը Մինսկի եռանախագահների վերջին հայտարարության հանդեպ, ըստ որի բացահայտվեց սեղանին դրված կարգավորման փաստաթղթի բովանդակությունը: Երիտասարդ կուսակցականները նամակով հարցնում էին քաղաքական առաջնորդների կարծիքը առաջարկված փաստաթղթի, Ռոբերտ Քոչարյանի` ԼՂ-ն դե յուրե ճանաչելու հայտարարության մասին: Երիտասարդ քաղաքական գործիչները հետաքրքրվում էին նաեւ, թե վերջիններս պատրա՞ստ են մասնակցելու համազգային տարողությամբ քաղաքական նոր փաստաթղթի մշակմանը, որը պահին համապատասխան կթարմացնի հայկական կողմի ընդհանրական դիրքորոշումը ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ:
Գ. Գ.