Իշխանական կուսակցությունները կփորձեն լցնել նաեւ ընդդիմության տարածքը
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Պարզվում է` մեր քաղաքականները քաղաքական դաշտ ձեւավորելու մեկ տարբերակ ունեն. կամ պետք է մտնեն ՀՀԿ, կամ «Բարգավաճ Հայաստան»: Համենայն դեպս` այս կարգի ընտրության օրինակն անցած շաբաթ արդեն աչքի առաջ էր. իրեն պրագմատիկ դաշտում միայն պատկերացնող «ժողպատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը տրամաբանական է համարում իր խմբի ներսում քննարկումները` գտնելու այն ուժը, որի հետ կարող է ապագա խորհրդարանում մեծամասնություն ձեւավորել: Ամենայն հավանականությամբ այդ ուժը «Ժողպատգամավորի» համար ՀՀԿ-ն է: Այդպիսի տրամաբանական քայլերի կդիմեն նաեւ մի շարք այլ գործարարներ, ում ապահով է թվում ՀՀԿ-ի տանիքը: Իսկ թե ո՞ր ապագան է գայթակղում արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին, չնայած դեռ բարձրաձայն չի ասվել, բայց մամուլում եղած տեղեկությունների համաձայն` արդեն գաղտնիք չէ, դա կարող է «Բարգավաճ Հայաստանը» լինել. արդարադատության նախարարն ումի՞ց է պակաս, որ լրջորեն քաղաքականությամբ չզբաղվի: Ահա այսպես. երկու քաղաքական ուժ պատրաստվում է պայքարել նույն դաշտում, նույն խորհրդարանական մեծամասնությունը գրավելու համար, կարելի է ասել` միմյանց դեմ: Ավելորդ չէ հիշեցնել, որ նրանք փաստորեն համախմբվում են ոչ թե գաղափարների (ՀՀԿ-ի սպասվելիք համալրումները համենայն դեպս), այլ շատ բան վճռող երկու իշխանական անձերի շուրջը:
Այս իրավիճակի նախադեպերն արդեն մի քանի անգամ մեր քաղաքական դաշտը վերապրել է, այժմ փորձ է արվում կրկնել անցյալում հաջողված տեխնոլոգիաները: Այն շտապողականությունը, որ դրսեւորում են այս երկու ուժերն ու նրանց քաղաքական հայրերը, պարզապես ընդդիմությանը վերջնականապես խաղից դուրս են թողնելու, քանի որ վերջինիս բեկորներն այդպես չհասցրին մեջք ուղղել եւ հազիվ թե կարողանան գործունակ ֆորմատ ձեւավորել: Մինչդեռ ընդդիմության այս աստիճանի պահանջարկ, որքան հիմա է, դեռ չի եղել: Փաստորեն` իշխանության «դաբրոյով» նոր ստեղծվող կուսակցությունն է ուզում խլել ընդդիմության ընտրազանգվածը, եւ ոչ միայն: Իշխանությանը խիստ քննադատող «Բարգավաճ Հայաստանի» ստվերային ղեկավարներից մեկը, կրկնելով, թե այդ կուսակցությունում ընդգրկվելու են իշխանության հետ կապ չունեցող, անբիծ կենսագրություն ունեցող, հասարակության հարգանքը վայելող մարդիկ, տեսնես հավատո՞ւմ է իր ասածին, որ «Բարգավաճ Հայաստանը» օլիգարխների ու գումար բաժանողների կուսակցություն չի լինելու կամ չի ծառայելու որեւէ անձի, կամ որեւէ մեկին իշխանության չի բերելու: Չէ որ բոլորին է հայտնի` ում պատվերով է ստեղծվել այդ կուսակցությունը: Իշխանության պատվերով ստեղծվող կուսակցությունը կարատավորվի՞ հենց նույն իշխանության ներկայացուցիչներով համալրվելով, այսպիսի անհեթեթություն ո՞վ է տեսել: Ստացվում է, որ այդ կուսակցությունը կարող են համալրել այն ընդդիմադիրները, ովքեր օրնիբուն քննադատում էին իշխանությանն ու երկրի նախագահին, հենց «Բարգավաճ Հայաստան» բիզնես-նախագծի հեղինակին:
Իսկ ովքե՞ր են նստած այդ կուսակցության տեղական գրասենյակներում, այդ մեր ստվերայինը երբեւէ բացե՞լ է դռները եւ տեսե՞լ է նրանց: Կամ էլ` մի քանի կուսակցություն փոխած Վարդան Այվազյանն է երեւի ամենաանբիծը (մամուլում տեղեկություն կար, որ նա անդամակցելու է ԲՀ-ին): Սակայն անկախ այս ամեն ինչից` ուրվագծված սցենարները կարող են բոլորովին չաշխատել` Հայաստանի բոլորովին նոր իրավիճակում հայտնվելու եւ մի շարք այլ պատճառներով:
Նախ` «Բարգավաճ Հայաստան» բիզնես-նախագիծը, որը նախաձեռնողի փայլուն միտքն է թվում, մեծ հավանականությամբ կարող է նախագծված լինել նրան մրցակից ուժերի կողմից. իրականում արդեն ահռելի ծախսեր տարած եւ հետագայում ավելի շատ ֆինանս կլանող այս ձեռնարկը պարզապես կարող է սնանկացնել Գագիկ Ծառուկյանին` նրան որպես մրցակցի անդառնալիորեն դուրս մղելով քաղաքական դաշտից, այդ ճակատագիրը կկիսի նաեւ նրան չափ տվողը` անկանխատեսելի հետեւանքներով: Վերջինս, հավանաբար այդ բիզնես-նախագծի արտաքին փայլին տրվելով, նրա տակ եղած ականները չի նկատում:
Երկրորդ` քնած չեն նաեւ իշխանական եւ էքսիշխանական մյուս կուսակցությունները. ՀՅԴ-ն, օրինակ, հերթական անգամ քաղաքական խորհրդակցություններ է սկսում քաղաքական բոլոր ուժերի հետ, «Օրինացը» դիրքավորվել է սթափ դիտորդի դերում, խոսք կա աջ-ազատական դաշինքի ձեւավորման մասին (այդ մասին միշտ էլ խոսք կա, բայց ոչինչ էլ չի ձեւավորվում):
Երրորդ` ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանը վտանգավոր սահմանագծի է հասել, այնպես որ հավանաբար «Մեծ ութնյակի» գագաթաժողովից հետո արդեն շատ բան կհստակվի նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի` այսպես կոչված շրջանակային առաջարկի հետ կապված, ինչն էլ կարող է ուղիղ համեմատական ազդել Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա:
Ահա թե ինչու են շտապում մեր քաղաքականները, ինչու չեն գնում արձակուրդ` օգոստոսի վերջին վերադառնալով ու գործի անցնելով, ինչպես որ կարգն է: Հավանաբար պատճառներից մեկն էլ հենց դա է, որ գործընթացներն ուղղորդող ուժը ներսից չէ, այլ քաղաքական դաշտից դուրս է գտնվում եւ, կարելի է ասել, քաղաքական միավորները ստիպված են հարմարվել պարտադրվող ժամանակացույցին. Արեւմուտքն, ի դեմս ԱՄՆ-ի, ինչ-որ արագացված սցենար է կիրարկում, իսկ դրան պետք է հակադրելու բան ունենալ: Ակնհայտ է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը այս հանգրվանում խիստ սրբագրումներ կարող է մտցնել: Եվ ուրեմն, տեսականորեն կարող է գալ մի պահ, երբ մինչեւ այժմ աշխատող սցենարներն արդեն չգործեն, իսկ պարտադրվող փաստաթուղթը մանեւրելու ընդամենը երկու հնարավորություն թողնի` խորհրդարանի լուծարումն ու արտահերթ ընտրությունները կամ երկրի նախագահի հրաժարականը:
Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այն միտքը, թե քննարկելու հարց է` ինչպե՞ս կարող է այս ամենը տանել այն բանին, որ որեւէ մեկը հեռանա իշխանությունից, հենց այդ մասին է ակնարկում: Նա բավականին բաց տեքստով ավելացրել է, որ սպասում է «ինչպես շարժվելու» վերաբերյալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների, ինչպես նաեւ մյուսների որոշմանը: Եթե նկատի ունենանք, որ սովորաբար դիվանագետների պահվածքում եւ խոսքում պատահական ոչինչ, կամ համարյա թե ոչինչ չի լինում` կարելի է հստակ եզրակացություն անել: Եվ Բրայզայի կողմից բանակցային առաջարկների քողազերծումը եւս դեռ չի դիտարկվել երկրի իշխանության ամրությունն ու հակազդեցությունն ստուգելու տեսակետից, սակայն չի կարելի մտածել, որ այդ մասին մեր քաղաքական ուժերը գլխի չեն ընկնում: