Երեւանում մթնոլորտ արտանետումների մեջ ամենամեծ քանակը կազմում են ազոտի օքսիդները եւ տարբեր ածխաջրածիններ: Ցավոք, Երեւանում CO-ի չափումներ չեն իրականացվում, որը տրանսպորտային հիմնական արտանետումներից է: Նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը, սակայն, վստահեցնում է, որ «այս տարվանից արդեն ստեղծվել են լիցենզավորման կետեր, որոնք կչափեն նաեւ CO-ն, եւ առանց այդ չափումների մեքենաները տեխնիկական ստուգատես չեն անցնի»:
Վստահելի չեն նաեւ փոշու պարունակության չափաքանակները, քանի որ մայրաքաղաքում միայն մի դիտակետ կա` Նոր Նորքի զանգվածում, Գայի արձանի մոտ, որը ողջ քաղաքի պատկերը չի կարող տալ:
Բնությունը ծանր մետաղների արտանետումների դեմ ինքնամաքրման մեխանիզմներ չունի: Եթե էթիլային բենզինի արգելումից հետո կապարի պարունակությունը օդում նորմալացավ, ապա փոխարենը, ըստ էկոնոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Արմեն Սաղաթելյանի, Երեւանում մոլիբդենով աղտոտվածության տոկոսն է խիստ աճում, արծաթի պարունակությունն է շատացել: Իսկ որեւէ տարր եթե բարձրանում է բնական խտություններից, արդեն վտանգ է շրջակա միջավայրի համար:
Կենտրոնի վերջին չափումների համաձայն, ձմռանը Երեւանում 1 քառ. կմ-ին բաժին է ընկել 38 կգ փոշի, որի մեջ բնական ֆոնից բարձր 10-12 ծանր մետաղ կար:
Երեւանի ողջ տարածքում հողերը մնում են աղտոտված կապարով, սանիտարահիգիենիկ նորմաներից 5 անգամ բարձր ցուցանիշով: Սա նշանակում է, որ հողից այն ուղիղ ճանապարհով անցնում է նաեւ սննդամթերքի մեջ:
Տարբեր տոքսիկ նյութերի միացություններից կազմված ֆոտոքիմիական թունամշուշի առաջացման մեջ անհայտ է 3,4 բենզոպիրինի դերակատարության չափը: Երբ օրգանական նյութն այրվում է շարժիչներում, այն արտադրվում է: Սա կապարի նման բարձր տոքսայնությամբ նյութ է, առկա է տրանսպորտային բոլոր արտանետումների ժամանակ: Սրա արտանետումները բոլորովին չեն վերահսկվում: Որեւէ նորմա բենզոպիրինի թույլատրելի քանակների վերաբերյալ չկա, պարզապես յուրաքանչյուր թունավոր նյութ չպետք է դուրս գա շրջակա միջավայր:
Նկատի առնելով մեր մեքենաների եւ տրանսպորտի անմխիթար վիճակը, բենզոպիրին հաստատապես արտանետվում է շրջակա միջավայր:
Կ. Դ.