«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


Ո՞Վ Է ԿԱՌԱՎԱՐՈՒՄ «ՋԵՆԵՐԱԼ ՄՈԹՈՐՍԸ»

Այս խորագրով է սկսում «Ուոլ սթրիթ ջոռնըլ» թերթի հուլիսի 5-ի համարում լրագրող Հոլման Ջենքինսն իր հոդվածը, որն անդրադառնում է մեր հայրենակից Քըրք Քըրքորյանի «Ջեներալ մոթորս» ընկերությունը «Ռենո-Նիսանին» միավորելու առաջարկին: Այդ մասին «Ազգը» արդեն տեղեկացրել է հուլիսի 4-ի համարում:

Ջենքինսը գրում է, որ աշխարհի խոշորագույն ավտոմոբիլաշինական ընկերության խոշորագույն անհատ բաժնետեր Քըրքորյանը «մոգոնել» է 3 միլիարդանոց միավորման գաղափարը պարզապես իր ձեռքի տակ պահելու համար «Ռենո-Նիսանի» գործադիր ղեկավար Կառլոս Գոնին:

Գոնը լավ համբավ ունի ավտոմոբիլաշինական ասպարեզում եւ նույնիսկ եթե արհամարհական արտահայտություններ հնչեցնի «հիբրիդ» մեքենաների արտադրության վերաբերյալ` ասելով, որ թանկ կարժենան եւ մարդիկ ի վիճակի չեն լինի վճարելու, իր հեղինակությունը չի տուժի դրանից:

Հոդվածագիրը հիշեցնում է, որ «Ֆորդն» անգամ վերջերս հրաժարվել է տարեկան 250 հազար «հիբրիդ» մեքենաներ արտադրելու անցյալ սեպտեմբերին հայտնած իր մտադրությունից: 89-ամյա Քըրքորյանը հայտնի է էժան գնելու եւ թանկ վաճառելու առիթը բաց չթողնելու իր եզակի «նորարարությամբ»: Թե յուրաքանչյուր կողմն ի՞նչ է շահելու իր նոր առաջարկից, ըստ հոդվածագրի, հետեւյալն է. «Ռենո-Նիսանը»ՙ շատ բան», իսկ «Ջեներալ մոթորսը»` անորոշ, բացի անմիջական կանխիկ փողի ներհոսքից», որը կարող է փրկել ընկերության ներկա ճգնաժամային վիճակը: Հիշենք Քըրքորյանի «Կրայսլեր-Դայմլեր» ընկերությունների միաձուլումը մոտ մեկ տասնամյակ առաջ: Քըրքորյանը ինքնամփոփ անձնավորություն է եւ ուրիշի խորհուրդներին շատ չի հետեւում: Նորություններ, փոփոխություններ սիրում է: Փոփոխությունների կողմնակից է նաեւ Կառլոս Գոնը: Դրա համար էլ նրան պաշտում են Ճապոնիայում: Նույնը չի կարելի ասել, ըստ Ջենքինսի, «Ջեներալ-մոթորսի» սեփականատեր եւ գործադիր տնօրեն Ռիկ Վագոնետի մասին: Վերջինս «հավասարակշռված քայլերի» եւ «խիստ չափավորված ռիսկի» անձնավորություն է: Գոնը մտադիր է փակել Լոս Անջելեսի մոտակայքում գտնվող «Նիսանի» գրասենյակը եւ տեղափոխել Նաշվիլ, հույս ունենալով կրճատել ծախսերը եւ հետագա լճացման սպառնալիքից խուսափել: Աշխատակազմի կեսը դեմ է տեղաշարժին:

«Ջեներալ-մոթորսի» դեպքում նման տեղափոխությունը Դետրոյթից մեկ այլ քաղաք հավանաբար անխոհեմություն կլինի: «Ջեներալ-մոթորսը» պատմությամբ, ավանդույթներով, տնտեսությամբ եւ արմատներով «դետրոյթցի» է, անկասկած հազարավոր աշխատակիցներ կմերժեն ամեն ինչ զրոյից սկսելու հեռանկարը, եթե դա արվելու է սոսկ արմատական փոփոխություններ մտցնելու նպատակով:

Բայց արմատական փոփոխությունները երբեմն անհրաժեշտ են: «Նիսանն» ու «Ռենոն» պատրաստ են քննարկել Քըրքորյանի առաջարկը, եթե «այդ ընկերության ամբողջ ղեկավարությունն ու վարչական կազմը համաձայն են դրան», եզրակացնում է Հոլման Ջենքինսը:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4