Ֆրանսիական նոր օպերատորի հայտնվելուց հետո ջրամատակարարման եւ ջրահեռացման ասպարեզում վթարների ընդամենը 3 ահազանգ է ստացվել, եւ ըստ Երեւանի փոխքաղաքապետ Վանո Վարդանյանի, այս ոլորտին առնչվող մասնագետների միջեւ հիմա ավելի սերտ համագործակցություն է իրականացվում: «Երեւան ջուր»-ի նոր տնօրենն ամեն շաբաթ խորհրդակցության ժամանակ տեղեկացնում է օպերատիվ աշխատանքների բոլոր մանրամասները: Այս լավատեսական տեղեկատվությամբ ճեպազրույցն սկսելով Վանո Վարդանյանը հակիրճ ներկայացրեց իր ոլորտում առկա իրողությունները ամռան այս շոգերին:
Երեւանի 347 փողոցներում շարունակվում է արտաքին լուսավորման աշխատանքները: Գործընթացը հարստացել է գեղարվեստական բաղադրամասերով` նկատի առնելով սեպտեմբերիՙ անկախության օրվան նվիրված տոնակատարությունները:
Օրեցօր ավելացող բազմահարկ բնակելի շենքերի եւ մասնավոր տնատիրությունների աղբահանությունը կատարվում է համայնքների ենթակայության տակ գտնվող 12 սանմաքրման ձեռնարկությունների միջոցով: Սրանք են մաքրում նաեւ քաղաքի ընդհանուր օգտագործման տարածքները` հրապարակները, փողոցները, կամուրջները, որոնք ընդհանուր առմամբ կազմում են 10,2 մլն քմ: Սրանք տեխնիկապես վերազինելու համար նույնիսկ քույր քաղաքների աջակցությունն է ակնկալվում: Առաջին կիսամյակում ձեռք է բերվել 41 հատուկ նշանակության տեխնիկա, եւ այսօր սանմաքրման, աղբահանության մոտ 350 տեխնիկա է հաշվվում: Աղբամանների գծով եւս առաջընթաց է արձանագրվել, մոտ 3 անգամ ավելացել է դրանց թիվը` հասնելով 6500-ի:
Կոնդի այրված տների բնակիչների փոխհատուցման համար տրամադրվել է 50 մլն դրամ: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին բռնկված հրդեհի ժամանակ 10 տներ վնասվեցին: Հատուկ հանձնաժողովը, ըստ Վանո Վարդանյանի, արդեն ավարտել է ուսումնասիրություններն ու գնահատումը: Բնակիչները, համապատասխան հրդեհից կրած կորուստների չափի, արդեն կարող են ստանալ փոխհատուցման գումարները եւ սկսել բնակարանների վերակառուցումը: Ըստ փոխքաղաքապետի, բոլոր բնակիչները բավարարված են, որեւէ բողոք չկա: Բնակիչների մեծ մասն առայժմ մնում է բարեկամների տանը:
Կ. Դ.