«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


banks.am-Ը ԿՏԵՂԵԿԱՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԱՆԿԱՅԻՆ ԲՈԼՈՐ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Մեդիամաքս» լրատվական գործակալությունը երեկ ներկայացրեց իր «Ֆինանսական Հայաստան» նախագիծըՙ ի դեմս www.banks.am ինտերնետային էջի: Ներկայացնելով Հայաստանի բանկային ծառայություններին վերաբերող տեղեկատվությունն ամփոփող վեբ կայքը, գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը այն կարծիքը հայտնեց, որ մինչ այժմ «Մեդիամաքսը» քաղաքական լրատվության դաշտում կարեւոր դիրքեր է զբաղեցրել եւ համեստ դիրքեր, տնտեսական դաշտում: Այդ բացը լրացնելու նպատակով էլ ստեղծվել է վերոնշյալ վեբ կայքը:

Ըստ Արա Թադեւոսյանի, իրենց նպատակն է մարդկանց մատչելի ձեւով տեղեկություններ տրամադրել ներկայումս Հայաստանի ֆինանսական շուկայում մատուցվող բոլոր ծառայությունների մասին: Օրինակՙ եթե որեւէ մեկը ցանկանում է իմանալ, թե որ բանկերն են հիպոթեկային վարկավորում տրամադրում եւ ինչ պայմաններով, որ բանկերն ի՞նչ դրամական փոխանցումներ են կատարում կամ ի՞նչ տոկոսադրուքներ տալիս ավանդների դիմաց, պարտադիր չէ մեկ առ մեկ զանգել Հայաստանի բոլոր բանկերին, այլ կարող է այցելել banks.am վեբ կայք եւ առնվազն կողմնորոշիչ տեղեկություն ստանալ այդ ամենի մասին:

Ինտերնետային էջում լինելու են նաեւ այս ոլորտին առնչվող մամուլի հրապարակումներ, տարածաշրջանային նորություններ Վրաստանի եւ Ադրբեջանի բանկային ոլորտների մասին, իսկ աշնանը նախատեսվում է ստեղծել հատուկ ֆորում բանկային մասնագետների համար: Տեղեկատվությունը կայքում զետեղված է երեքՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերեն լեզուներով:

Բանկային ոլորտի մասին տեղեկություններ հաղորդող ինտերնետային էջի ստեղծմանը աջակցել է Կենտրոնական բանկը: ԿԲ խորհրդի անդամ Վարդան Մովսիսյանը նույնպես այն կարծիքը հայտնեց, որ այս վեբ կայքը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ստանալու բանկային ոլորտի մասին: Նա ԿԲ անունից խոստացավ մշտապես աջակցել այս կայքին եւ ցանկություն հայտնեց, որ նման նախագծերը շատ լինեն:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4