«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


ԳՅՈՒՂԱՑԻՆԵՐԻԸ «ՆԱՂԴԸ ՆԻՍՅԱՅԻ» ՀԵՏ ՉԵՆ ՈՒԶՈՒՄ ՓՈԽԵԼ

Օգոստոսի վերջին Գիլլի լճի վերականգնման ծրագիրը կրկին կներկայացվի Գլոբալ էկոլոգիական ֆոնդին

Թեեւ խոնավ տարածքները Հայաստանի ընդամենը 10 տոկոսն են կազմում, այնուամենայնիվ, բնության այս յուրահատուկ բաղադրամասին բնորոշ բուսական եւ կենդանական բազմազանության գրեթե բոլոր արտահայտությունները կան մեր երկրում: Ավելին, աշխարհի խոնավ տարածքներին բնորոշ մոտ 600 բուսատեսակներ աճում են միայն Հայաստանում:

Բնության մյուս տարածքների հետ գերշահագործման ենթակա խոնավ տարածքները եւս կրել են մարդկային ավերիչ գործունեության հետեւանքները: Դրա անմիջական հետեւանքը ցամաքեցման պատճառով հողերի աղակալումն ու էրոզիան են:

Հայաստանը միացել է նաեւ խոնավ տարածքների պահպանությանն առնչվող բազմաբնույթ կոնվենցիաների, որոնք այս տարածքները գնահատում են ոչ միայն տեղական, այլեւ իբրեւ համաշխարհային արժեք ու բնական ժառանգություն:

Ռամսարի կոնվենցիայի օժանդակության շնորհիվ մեր հանրապետությունում հետազոտվեցին ու առանձնացվեցին առանձնապես պահպանության կարիք ունեցող տարածքները: Կազմվեց դրանց ցանկը: Ռամսարի փոքր ծրագրերի ֆոնդի շնորհիվ մեկնարկեց Գիլլի լճի վերականգնման ծրագիրը: 2 տարի առաջՙ հոկտեմբերին Գիլլի լճի վերականգնման համար Երեւանում ստորագրվեց քառակողմ համաձայնագիր ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, բնապահպանության նախարարության, Գեղարքունիքի մարզպետարանի եւ Նորակերտի համայնքի միջեւ:

Հիշեցնենք, որ Գիլլի լճի ցամաքեցումն ու շրջակայքի էկոլոգիական աղետալի փոփոխություններն արագորեն զարգացան Մասրիկ գետի հունը Գիլլիից Սեւան փոխելուց հետո: Գիլլիի վերականգնման ծրագրի համաձայն, գետը ինժեներական համապատասխան միջամտություններից հետո վերադարձվելու է նախկին հունին` կլցվի նախ Գիլլիի մեջ, հետո նոր միայն Սեւանա լիճ: Շրջակայքի էկոլոգիական նախկին հավասարակշռությունը վերականգնելու համար այստեղ կառուցվելու է նաեւ ձկնաբուծարան:

Նախատեսվում է լիճը վերականգնել հին տեղում, 586 հա-ի վրա: Ծրագրի իրականացման համար հատկացվել է մոտ 1 մլն դոլար:

Քանի որ Գիլլին ջրաճահճային տարածք էր, շրջակայքը հարուստ էր ջրլող թռչուններով, ջրային միջավայրի հետ կապված տեսակներով, ինչպիսիք են ջրային լորտուն, ջրային առնետը, կուտորը, աքիսն ու կզաքիսը: Լճի չորացումից հետո տարածքը վերածվեց կիսաանապատային գոտու: Շրջակայքից անհետացան մոտ 100 տեսակի ջրլող թռչուններ, հիմնականում բադերի տարբեր տեսակները, եւ ջրային միջավայրով սնվող թռչունները, ինչպիսին է, օրինակ, հայկական որորը: Ջուրը Գիլլի լցվելուն պես ակնկալվում է, որ նախ աստիճանաբար կվերականգնվի ջրային բուսածածկը: Այստեղ նախատեսվում է նաեւ արհեստականորեն բնական պայմանների ստեղծում, օրինակ, թռչուններին գրավելու համար բնադրավայրերի ստեղծում: Պարզ է, որ լիճը լքած թռչունները եւս աստիճանաբար կվերադառնան, քանի որ նրանց չուի ճանապարհը Գիլլիի վրայով է անցնում:

Սակայն կայուն էկոհամակարգ վերականգնելու միջազգային ու տեղական բոլոր փորձերն արդեն քանի տարի ձախողվում են գյուղացիների համառության պատճառով: Խոսքը վերաբերում է Գիլլի լճի շրջակայքում տեղավորված Նորակերտ, Մեծ Մազրա, Փոքր Մազրա գյուղերին: Գլխավորապես Նորակերտ գյուղն առավել շատ հողագործական տնտեսություններ ունի այստեղ: Գյուղացիների շրջանում սոցիոլոգիական հարցում անցկացվեց, նրանց մեծ մասը համաձայն էր ծրագրի բովանդակությանը, ըստ որի նրանց սեփականաշնորհված հողերը կփոխհատուցվեին համարժեք հողակտորներով:

Հետագա բարդություններից խուսափելու համար պայմանավորվածություն ձեռք բերվեց անհատապես, ամեն մեկի հետ առանձին-առանձին: Ժամանակն անցնում է, բայց գյուղացիների համառությունը չի լինում կոտրել: Նրանք պարբերաբար փոշմանում են, քանի որ իրենց հողերը բերրի են, իսկ նոր առաջարկվելիքը` Աստված գիտի, ինչ կլինի: Նորակերտում նույնիսկ ջրագիծ կառուցվեց, միջոցներ հատկացվեցին գյուղի մշակույթի տան վերանորոգման համար, սակայն գյուղացիներն անդրդվելի մնացին:

Օգոստոսի վերջին Քեյփթաունում կկայանա Գլոբալ էկոլոգիական ֆոնդի նախարարների հանդիպումը, որին կմասնակցի եւ մեր բնապահպանության նախարարը: Նա հանդես կգա 2 ծրագրով, որից մեկը դարձյալ Գիլլին կլինի: «Եթե հաջողվի համապատասխան ֆինանսավորում ձեռք բերել, լիճը կվերականգնենք...», հույս է հայտնում բնապահպանության նախարարը: Վերականգնված Գիլլին կարեւոր ներդրում կլինի նաեւ Սեւանի էկոհավասարակշռության վերականգնման գործում:

Խոնավ տարածքներն իբրեւ էկոլոգիական բարձրագույն արժեք դիտարկելու գիտակցումը, սակայն, դեռ չկա Հայաստանում, նույնիսկ բնության հետ կապված բնակչության շրջանում: Գյուղացուն հատուկ բնածին կասկածամտությամբ նրանք «նաղդը նիսյայի հետ» չեն ուզում փոխել:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4