«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


ԳՐԱՆՏԱ-ԾՐԱԳՐԱՅԻՆ ԾԼՆԳՈՑՆԵՐ` ԹԱՆԿԱՐԺԵՔ «ԼԱՆՉՈՎ» ԵՎ ՁԱՆՁՐԱԼԻ ՍԵՄԻՆԱՐՆԵՐՈՎ

Շատ գործենք, քիչ խոսենք

Ամեն օր «Ազգի» եւ հայաստանյան այլ ԶԼՄ-ների փոստերն են լցվում եւ հեռախոսազանգերով հրավերներ են հնչում, թե ո՛ր հյուրանոցի ո՛ր դահլիճում է անցկացվում այս կամ այն սեմինարը, քննարկումը կամ ծրագրի ու նրա մասին պատմող գրքույկի շնորհանդեսը: Միամիտ լրագրողներից ոմանք օրվա իրադարձային կարեւոր թեմաներ լուսաբանելու նպատակով կամ սեմինարի խիստ էական խնդիրներ շոշափող վերնագրից ոգեւորված, գնում են եւ հասկանում, որ իրենք պարզապես «օգտագործվում են»: Այսինքն, եթե որեւէ հասարակական կազմակերպություն որոշել ու «կպցրել է» որեւէ գրանտատուի, ծրագիր է գրել այս կամ այն հասարակական հնչեղություն ունեցող խնդրի թեմաներով եւ գուցե թե շահառու համարվելու խիստ կասկածելի մի խմբի համար արել է մի քանի նպաստավոր գործողություն, ապա դրա մասին պետք է ասեն ու գրեն տեղական հեռուստատեսությունն ու մամուլը: Հրապարակում երեւալու հավակնոտությունն առավել զայրացնում է, երբ հասկանում ես, որ այս ողջ ցուցադրականը 90 տոկոսի դեպքում մի փուչիկ է, ընդ որում այլ երկրներում փորձարկված, մարդկանց համար անօգուտ, անհամ ու անհոտ փուչիկ: Իրականում արտասահմանյան գումարներով ներկրված ծրագրերի հիմնական մասն իրականացվում է գրանտ «կպցնողների» հարազատ-բարեկամների շրջապատում, անկախ այն բանիցՙ այդ մարդիկ գործից հասկանում են, թե՞ ոչ: Մեր տխուր փորձառությունից կարող ենք փաստել, որ նմանատիպ մի գրանտատու կազմակերպության ղեկավար էլ ակնարկում էր անվճար կրթական ծրագրի մեջ ներառել մեզ, ավելի կոնկրետ` ուղարկել սովորելու Ժնեւ, եթե առավել անձնական հոգածություն ցուցաբերեինք իր 55-ն անց անձի եւ անհատական կասկածելի հատկանիշների հանդեպ: Բնականաբար, նմանատիպ առաջարկը եւս ապացուցում է, որ գրանտի շնորհիվ օգուտ բերելն այլ պատմություն է, կասկածելի վարքի շնորհիվ ծրագիր ստանալն ու որեւէ ծրագրում ընդգրկվելը` բոլորովին այլ բան: Սակայն ո՛չ մասնագիտական եւ ո՛չ էլ անձնական վիրավորանքն է մեր հրապարակման առիթը, այլ մտորումը` ի՞նչ արժե «անքննելի» ճանապարհներով վաստակած ծրագրի շնորհանդեսը, սեմինարը` իր ողջ «թաշախուստով»:

Դրա համար, իհարկե, դժվար է որեւէ կազմակերպչից ստանալ իրենց ծախսերի ճշգրիտ ցուցակը, քանզի միայն շատ միամիտ մեկը «փող չի լվանա» սեմինարի ու նրա լանչի «ջրերում»: Այնուամենայնիվ, փորձեցինք համեմատել Երեւանի խիստ հարգի երեք հյուրանոցների դահլիճների վարձակալության ու լանչերի ծառայությունների գնացուցակները, որոնք մսխում են սեմինարի կամ շնորհանդեսի համար տրամադրվելիք գումարի առյուծի բաժինը: Ի դեպ, բավականին հետաքրքրական է նաեւ դահլիճների վարձակալման պարբերականությունը, որոնց մասին էլ սկսեցինք զրույցը «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի բարեկիրթ աշխատակցուհու` միջոցառումների կազմակերպման եւ խմբային ռեզերվացիաների (ամրագրումների) բաժնի ղեկավար Անի Ասլանյանի հետ: «Հատկապես մայիսից հոկտեմբեր շատ են միջոցառումները, որոնց համար պահանջվում են մեր վեց սրահները: Օրական միջին հաշվով մոտ երկու-երեք սրահ զբաղված է լինում: Ամսվա մեջ միայն մեկ-երկու օր է պատահում, որ սեմինարներ չանցկացվեն: Թեմատիկ առումով, դրանք դրսից ներմուծված ծրագրերի քննարկումներ ու ներկայացումներ են», ասում է նա: Անին ասում է նաեւ, որ հյուրանոցային եկամուտների մոտ 15 տոկոսն ապահովում են սրահները` անցկացվող միջոցառումներով, հատկապես սրճային ու ճաշի ընդմիջումներով, որոնց ծառայությունները երբեմն կարելի է համեմատել իրենց ֆինանսական տարողությամբ սրահների վարձակալման գների հետ: Այնուամենայնիվ, Անին նաեւ դրական որակներ է որսում սեմինարների անցկացման փաստի մեջ, քանի որ դրանք նոր մշակույթ են բերում:

Հիմա գանք գների համեմատությանը: «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» անունով ընդարձակ սրահը կես օրով վարձակալելու համար անհրաժեշտ կլինի 150 հազար դրամ, գումարած ավելացված արժեքի հարկը:

«Երեւան» հյուրանոցի գործնական հանդիպումների սրահի 8-ժամյա վարձակալության արժեքն է 110 հազար դրամ, գումարած ավելացված արժեքի հարկը: Կան նաեւ ավելի մատչելի 90, 65 կամ 40 հազարանոց սրահներ, որոնց գնահատման ժամանակ եւս հավելվում է ավելացված արժեքի հարկը:

«Կոնգրես» հյուրանոցում նույնպես սրահներ կան, որտեղ ուտում, խմում եւ իրենց «արածների» մասին խոսում են մեր ճարպիկ «գրանտակերները», վճարելով առավել մատչելի` 35 հազարից սկսվող եւ մինչեւ 375 հազար դրամի հասնող սրահներ (գումարած ավելացված արժեքի հարկը):

Եթե այս թվերի մի մասն անգամ թղթի վրա մնա, իսկ շուկայական հարաբերությունների մեր պայմաններում, սրահների մենեջերները զիջեն գումարի հարցում, կարծում ենք, էլի կարելի է հասկանալ, թե ինչ գումարներ են մսխվում սուրճի կամ ճաշի սեղանների շուրջը խմբվելուց առաջ, չհաշված զանազանՙ մեծամասամբ անպետք բրոշյուրների վրա ծախսվող գումարները: Ի դեպ, «լանչերի» եւ ճաշերի գները մենք դիտավորյալ չհաշվեցինք, մի պարզ մաղթանքովՙ ուտենք, հայրենակիցներ, ուտենք-կշտանանք: Գուցե մի օր էլ իրական ու տեսանելի գործերի իրական արդյունքները ցուցադրելու ժամանակները գան:

ՍՈՒՍԱՆՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հ.Գ.- Սույն հրապարակումը նպատակ ունի ցույց տալու, թե որքան ցուցադրական ու թանկ է նստում չարած գործը (գործ անողները համեմատաբար ցածր են խոսում իրենց արածի մասին եւ տնտեսում են ճոխ սրահների վարձակալության ու ճաշկերույթների գումարներն իրենց շահառուների համար): Սակայն չպետք է թացն էլ չորի հետ խառնել: Բացառություններ էլ կարող են լինել: Իսկ ամենաիրական ու շոշափելի ծրագրեր իրականացնողները գերադասում են լրագրողներին տանել իրենց շահառուների մոտ եւ տեղում ցուցադրել կատարած աշխատանքները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4