Ասում են Կոզեռնի բնակիչները
Երեւանի փոխքաղաքապետ Կարեն Դավթյանի հետ մեր թերթի հունիսի 27-ի համարում հրապարակված «Իրացումը «Ֆիրդուսնոցում» կսկսվի սեպտեմբերին, իսկ Կոզեռնում այդ գործընթացը ձգձգվում է» վերնագրով հարցազրույցին արձագանքեցին այդ թաղամասերի բնակիչները: Մասնավորապես իրենց մտահոգությունները ներկայացնելու համար օրերս խմբագրություն էին եկել Կոզեռն թաղամասի բնակիչները: Հիշեցնենք, որ այս թաղամասը կառավարության կողմից իրացման գոտի է համարվել եւ վերցվել պետական կարիքների համար 2004 թ.-ին, բայց դեռեւս չի տրվել որեւէ կառուցապատողի:
Ի՞նչն էր նրանց բերել խմբագրություն եւ ի՞նչ մտավախություններ ունեին: Նրանց հիմնական մտահոգությունն ու պահանջն այն է, որ ճանաչվի իրենց սեփականության իրավունքն այն տարածքում, որտեղ ապրել են տասնամյակներ, բայց սեփականության իրավունքի վկայական չեն ստացել սուբյեկտիվ պատճառներով: «Մենք դեմ չենք քաղաքաշինական ծրագրերին եւ կառուցապատմանը, այլ միայն ցանկանում ենք, որ ճանաչվի մեր սեփականության իրավունքը, ապա նոր սկսվի իրացումը», նշում են նրանք:
Ըստ Կոզեռնի (հիմնականում Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի) բնակիչների, 60-ական թվականներից քաղաքային իշխանությունները, ինչպես նաեւ այն ժամանակվա ինվենտբյուրոն, իրենց մշտապես ասել են, որ այդ տարածքը քանդման ենթակա է, իսկ 90-ական թվականներից, երբ ընդունվեց հողի մասնավոր սեփականությունը, նույն պատճառաբանությամբ հրաժարվել են սեփականության վկայական տրամադրել: Մեզ դիմած կոզեռնցիների հավաստմամբ, իրացման գոտում բնակվող 150-160 ընտանիքներից սեփականության վկայական չունեն 135-ը: Այդ ընտանիքները վախենում են, որ իրացման դեպքում իրենց կվճարեն ոչ թե որպես այդ գույքի կամ հողի սեփականատիրոջ, որտեղ իրենք բնակվում են, այլ ընդամենը որպես այդ տարածքում հաշվառվածի: Առաջին դեպքում փոխհատուցվում է հողի եւ գույքի արժեքը, իսկ երկրորդ դեպքում յուրաքանչյուր անձին միայն 3 մլն դրամ է տրվում:
Մեր հարցին, թե նախկինում դիմե՞լ են իրենց սեփականության իրավունքի գրանցման համար, թաղամասի բնակիչները պատասխանեցին, որ մի մասն այդ հարցով դիմել է մինչեւ 1999 թ.-ը, սակայն մշտապես մերժում է ստացել: Շատերն էլ տեսնելով, որ իրենք նույնպես մերժում կստանան, այլեւս չեն դիմել: Քաղաքապետարանի ստեղծած գույքագրման հանձնաժողովի աշխատանքներին էլ չեն մասնակցում, քանի որ «երաշխիք չկա, որ գույքագրում իրականացնելուց հետո կճանաչեն մեր սեփականության իրավունքը»: Կոզեռնցիները ցանկանում են, որ այդ գործընթացը կատարվի այնպես, ինչպես դա եղավ իրենց հարեւան Կոնդում:
Թաղամասի բնակիչները մեզ տրամադրեցին նաեւ մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի պատասխանը «Պռոշյան փողոցի 1-ին նրբանցքի մի խումբ բնակիչներին», որտեղ նա այն հետեւությանն է եկել, որ իրեն դիմած բնակիչների նկատմամբ կիրառելի է ՀՀ քաղ. օրենսգրքի 187-րդ հոդվածը եւ առաջարկել է Երեւանի քաղաքապետին այդ քաղաքացիների զբաղեցրած տարածությունների նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով ճանաչել սեփականության իրավունքը: «Մենք չենք ցանկանում անհարկի աղմուկ բարձրացնել, չենք ցանկանում քաղաքականացնել այս հարցը, այլ միայն ցանկանում ենք, որ ճանաչվեն մեր օրինական իրավունքները», ասում են կոզեռնցիները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ