«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


ՄԵԿՆԱՐԿԵՑ «ՈՍԿԵ ԾԻՐԱՆ» ԿԻՆՈՓԱՌԱՏՈՆԸ

Փառատոներն օգնում են մեծացնելու տեսահորիզոնը

Ջիվան Գասպարյանի դուդուկի հնչյուններով երեկ երեկոյան մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային երրորդ կինոփառատոնը: Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում տեղացիներն ու բազմաթիվ հյուրերը հնարավորություն ունեն դիտելու աշխարհի տարբեր երկրների ռեժիսորների հայտնի ու անհայտ 114 ֆիլմեր:

Փառատոնի պատվավոր նախագահ, ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը բացման արարողությանը նշեց, որ փառատոնի հարատեւության ամենից մեծ գրավականն այն է, որ բոլորս գիտակցում ենք` փառատոնը կարեւոր է թե մշակութային, թե քաղաքական առումներով: Նա նշեց, որ իրենք պատրաստ են հետեւել ռեժիսորներին, ովքեր տարածաշրջանային խնդիրները լուծելու քայլեր են անում:

Փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանը տեղեկացրեց, որ դժբախտաբար Հայաստանում միայն մեկ օր է մնալու, սակայն «ողջ ընթացքում մտածումներս եւ հույզերս ձեզ հետ են լինելու»: Նա ուրախությամբ նշեց, որ փառատոնը մեծ ռեժիսորներին հանդիպելու, ծանոթանալու հնարավորություն է տալիս:

Մինչ փառատոնի պաշտոնական մեկնարկը` ողջ գիշեր հյուրերին ու մասնակիցներին դիմավորելուց հետո վաղ առավոտյան փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ուրախությամբ նշեց, որ Երեւան են ժամանել սպասված բոլոր հյուրերը: Առավոտյան մամուլի ասուլիսը փառատոնի խաղարկային ֆիլմերի ժյուրիի նախագահ Մորից դե Հադելնի, վավերագրական ֆիլմերի ժյուրիի նախագահ Գոդֆրի Ռեջջոյի եւ փառատոնի նախագահ Ատոմ Էգոյանի հետ էր: Ատոմ Էգոյանի գնահատմամբ` մեծ պատիվ է ժյուրիի այսպիսի ղեկավարներ ունենալ մեր փառատոնում:

Մորից դե Հադելնը նշեց, որ ժյուրիի կազմն այնքան պրոֆեսիոնալ է, որ ամեն մեկը կարող էր ղեկավարը լինել: Գոդֆրի Ռեջջոյի համար հայտնություն են եղել Արտավազդ Փելեշյանի ֆիլմերը, եւ նա ուրախ է, որ փառատոնի շրջանակներում կհանդիպի Փելեշյանին:

Հարցինՙ փառատոներն ավելի շատ հասարակությա՞ն, թե՞ մասնագետների համար են կազմակերպվում, պրն Էգոյանը պատասխանեց, որ Հայաստանի դեպքում, թերեւս, փառատոնն ավելի շատ հասարակության համար է, քանի որ հայ հանդիսատեսը հնարավորություն է ստանում դիտելու ֆիլմեր, որոնք այլ պայմաններում դժվար թե դիտեր: Մորից դե Հադելնի գնահատմամբ` նման փառատոները հնարավորություն են տալիս «ուղղելու մեր տեսողությունը, ավելի լայն հայացքով դիտելու այն ամենը, ինչ տեղի է ունենում ողջ աշխարհում»: Գոդֆրի Ռեջջոն գտնում է, որ փառատոները «փոքր» արտադրողներին հնարավորություն են տալիս լայն զանգվածների ներկայացնելու իրենց աշխատանքը: «Այժմ նոր` պատկերների մշակույթ է ստեղծվել, ինչի միջոցով էլ մենք հաղորդակցվում ենք»:

Մորից դե Հադելնի դիտարկմամբ` այսօր հասարակությունը հեռակառավարման վահանակի հասարակություն է, «կորցրել ենք հասկանալու ունակությունը, այլեւս չենք կարողանում հաճույք ստանալ համերգներից: Եվրոպական, արեւելյան մշակույթն առավել բարդ մտածելակերպով է ստեղծվում (քան հոլիվուդյանը - Թ.Մ.), մթնոլորտն ունկնդրից առավել մեծ ուշադրություն է պահանջում»: Մորից դե Հադելնը հույս հայտնեց, որ հասարակությունն ակտիվորեն կհետեւի ֆիլմերի ցուցադրություններին եւ դրանով կօգնի փառատոնին:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4