Մի քանի ամիս առաջ, երբ Մ. Նահանգների դեսպան Ջոն Էվանսն իմացել է, որ «Մալխաս» ակումբը մտադիր է միջազգային ջազ փառատոնին մասնակցելու հրավեր ուղարկել նաեւ Earth, Wind and Fire Experience հանրաճանաչ խմբին, բացականչել է. «Աստված իմ, չէ՞ որ նրանք լեգենդներ են»: Մեկ ամիս առաջ փառատոնի կազմակերպիչներն այդ լեգենդար խմբից դրական պատասխան ստացան եւ ահա հուլիսի 16-17-ը խումբն առաջին անգամ ելույթ կունենա Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Փառատոնը կբացեն հայկական ջազի խմբերըՙ Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի պետական ջազ նվագախումբը, Հայաստանի ջազ նվագախումբը, 70-ականների ջազ բենդը, Արցախ ջազ բենդը, «Չիկոն եւ ընկերներ» եւ ուրիշներ: Ելույթ կունենան անվանի երաժիշտներ, սաքսոֆոնահար Ալեքսանդր Զաքարյանը (Ռուսաստան), դուդուկահար Լեւոն Մինասյանը (Ֆրանսիա), դաշնակահարներ Արթուր Սաթյանը (Լիբանան), Լեւոն Մալխասյանը եւ այլք: Earth, Wind and Fire Experience խումբը ելույթ կունենա փառատոնի երկրորդ օրը:
Ի դեպ, նրանց համերգի տոմսերն արդեն վաճառված են, չնայած որ դրանց արժեքը հասել է 30 հազար դրամի:
Ռ. Պ.