«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՓԱՌԱՏՈՆՆ ԱՎԱՐՏՎԵՑ ՄՐՑԱՆԱԿՆԵՐԻ ՀԱՆՁՆՈՒՄՈՎ

Առաջին քայլերից հայ թատրոնի մեծերի կողքին ու մեծերի հետ մարալ-ջեյրանի պես Մետաքսյա Սիմոնյանը գերեց բոլորի սրտերը իր խաղով, կանացիությամբ, հմայքով ու նազանքով: Խորհրդային Միության ժողովրդական արտիստուհի, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր դերասանուհու ծննդյան 80-ամյակին նվիրված փառատոնը, որը սկսվեց հուլիսի 2-ին, ծրագրում ընդգրկել էր հանրապետության եւ Թբիլիսիի թատրոնների ներկայացումները: Մեկ շաբաթ տեւած թատերական շքերթը շատ հիշողություններ արթնացրեց թատերասերների մոտՙ ամեն ներկայացումից առաջ եւս մեկ անգամ սիրելի դերասանուհի Մետաքսյայի ձայնը լսելով: «Ազգը» անդրադարձել է թե՛ փառատոնի կազմակերպիչներին (Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն, ՀՀ մշակույթի նախարարություն), թե՛ ծրագրում ընդգրկված փառատոնային ներկայացումներին, որոնք անցնում էին լեփ-լեցուն դահլիճներում: Փառատոնի վերջին օրըՙ հուլիսի 8-ին շնորհվեցին Մետաքսյա Սիմոնյանի անվան «Թատերական հույս» անդրանիկ մրցանակները:

Փառատոնը փակվեց Գյումրիի Վ. Աճեմյանի անվ. թատրոնի «Փուղի զորությունը» (Գ. Սունդուկյան) ներկայացումով (բեմադրիչՙ թատրոնի գեղ. ղեկ. Նիկոլայ Ծատուրյան): Ներկայացումից հետո Գ. Սունդուկյանի մայր թատրոնի գեղ. ղեկ., ռեժիսոր Վահե Շահվերդյանն ի լուր ներկաների տեղեկացրեց նոր մրցանակի շնորհման մասին եւ ասաց, որ այն դառնալու է ավանդական: «Թատերական արվեստին մատուցած մեծ վաստակի եւ անբասիր ծառայության համար» Մետաքսյա Սիմոնյանի անվան «Արտիստ» մրցանակներ շնորհվեցին Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոնի դերասանուհի, ՀՀ ժողովրդական արտիստուհի Լեյլա Խաչատրյանին, ՀՀ վաստակավոր արտիստուհի Ռոզա Մխիթարյանին (Վանաձոր), Գրետա Գալստյանին (Արտաշատ) եւ Անահիտ Մովսիսյանին (Գավառ): Հ. Մաթեւոսյանի «Աշնան արեւ» ներկայացման մեջ Արուսի դերակատարման համար մրցանակ շնորհվեց Գորիսի Վ. Վաղարշյանի անվ. դրամատիկական թատրոնի բեմի վետերան Հրաչյա Գյուրջյանին: Ա. Պետրոսյանի «Արտոնված եղեռն» ներկայացման մեջ Մարիա Յակոբսոնի եւ խելագար կնոջ դրվագային դերերի կատարման համար մրցանակի արժանացան Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվ. թատրոնի դերասանուհիներՙ ԼՂՀ վաստակավոր արտիստուհիներՙ Սվետլանա Թովմասյանն եւ Արեգա Պետրոսյանը:

«Թատերական հույս» մրցանակներ շնորհվեցին երիտասարդ դերասանուհիներ Սուսաննա Սարգսյանին (Գավառի Լեւոն Քալանթարի անվ. դրամատիկական թատրոն) եւ Աննա Բալանդինային (Ստանիսլավսկու անվ. ռուսական թատրոն), Մարիամ Ղազանչյանին (ԵՊՀ թատրոն), Հասմիկ Սուվարյանին եւ Անահիտ Մաթեւոսյանին (Գյումրիի Վ. Աճեմյանի անվ. թատրոն), Աննա Էլբակյանին եւ Լուսինե Սարգսյանին (խամաճիկների պետական թատրոն), թատերագետ Մարգարիտա Յախունտովային, նկարչուհի Մերի Սարգսյանին (Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացման զգեստների ձեւավորման համար): Ա. Խալաթյանի «40 օր համբառնելուց առաջ» ներկայացման մեջ Հասմիկ-Վենեսուելա դերակատարման համար մրցանակի արժանացավ Հ. Աբելյանի անվ. դրամատիկական թատրոնի դերասանուհի Արմինե Աղաբեկյանը: Հ. Պարոնյանի «Ատամնաբույժն արեւելյան» ներկայացման մեջ Մարթայի լավագույն դերակատարման համար մրցանակի արժանացավ Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասանուհի Մարիամ Ղազարյանը: «Պաղտասար աղպար» ներկայացման մեջ Անուշի դերակատարման եւ պարերի բեմադրման համար մրցանակներ շնորհվեցին Նանո Պողոսյանին եւ Նինա Ցերվալիշվիլուն (Թբիլիսի): Հայ թատրոնի պատմությանը եւ թանգարանագիտությանը մատուցած մեծ ծառայության համար մրցանակ շնորհվեց Իզադորա Աքուլյանին: Ա. Պետրոսյանի «Ես մի ծառ եմ ծիրանի» ներկայացման մեջ Խաթունի դերակատարման համարՙ Գրետա Միրզոյանին (վաստակավոր դերասանուհի), Զառեի դերակատարման համարՙ Նելլի Խերանյանին (երկուսն էլ Սունդուկյանի թատրոնից): Բոլոր կին մրցանակակիրներին մրցանակները հանձնեցին անվանի արվեստագետները, իսկ վերջին երկուսըՙ Մետաքսյա Սիմոնյանի որդիներ Գուրգեն եւ Ռուբեն Արզումանյանները, անվանի դերասանուհու երազանքը իրականացնելովՙ Սունդուկյանի բեմում նրա ծոռանըՙ Գրիգորիին, ներկայացնելով:

Բոլոր ժամանակների անկրկնելի Նաստասիա Ֆիլիպովնան (այդպես են նրան բնորոշել Մոսկվայում), մեկ շաբաթ իր հոգու շնչով ու «ներկայությամբ» թեւածում էր հանրապետության բեմերում ու կրկին հաստատում այն համոզմունքը, որ մեր սիրելի Մետաքսյան անմահ է ու այդպիսին էլ կլինի նրան մշտապես սիրող ու կարոտող երկրպագուների համար:

Նյութը եւ լուսանկարըՙ ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆԻ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4