Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղում, հենց հանրապետական նշանակության ճանապարհի եզրին ընկած է մարդաբոյ մի հուշաքար, որի վրա պատկերված չռված աչքերով, անսովոր դիմագծերով արարածը հիշեցնում է այլմոլորակայինի: Դեմքի երկու կողմում եւ պատկերի տակ անհասկանալի համակարգվածությամբ հայերեն տառեր են փորագրված, որոնցից հնարավոր չէ բառեր կազմել, ավելի շուտ` դա կարող է անել միայն մասնագետը: Եթե ողջ լիներ մեր առաջին ժայռապատկերներում տիեզերական նշաններ փնտրող Վարուժան Վասիլյանը, խորհրդավորության շղարշով կգրեր. «Արդյոք սա Հայաստան եկած այլմոլորակայինների մասին վկայություն չէ՞»: Իսկ Պարիս Հերունին անպայման առանց դժվարության կկարդա ու կասի, որ ամենապարզ արամեերենով (այսինքն` հայերենով) քարի վրա գրված է. «Սա հայ առաջին աստղագետն է, որը մի քանի հազար տարի առաջ հիմնադրեց տիեզերքի մասին համաշխարհային գիտությունը»: Ամեն դեպքում, հայոց Գեղարքունիքի մարզում, Սեւանի արեւելյան առափնյակին, ողջ տարածքով ցրված միջնադարյան քրիստոնեական եւ կիկլոպյան հայտնի հուշարձաններից մի քանի կիլոմետր հեռու ընկած է մի անսովոր քար, որի տարիքը կարող է մի քանի հարյուր տարուց մինչեւ երկու-երեք հազարամյակ լինել, իսկ նրա վրա պատկերվածը հայոց հուշարձաններին բավական ծանոթ մարդուս չհիշեցրեց մինչ այդ տեսածս եւ ոչ մի հուշարձան: Այնտեղ վարպետ ձեռքով պատկերված է դեմքի մեղմ-զարմացած արտահայտությամբ մեկը, պատկերի վրայի գրերը տեղակայված են մեր ծաղկողների ոճով, մինչդեռ ողջ քանդակի վրա ոչ մի խաչ չկա: Հուսով ենք` մենք ենք հուշաքարի մասին առաջինը բարձրաձայնում` հրավիրելով հնագետների ուշադրությունը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ