Իսկ առողջ հոգով երիտասարդ` նշանակում է ապագա հզոր Հայաստան:
Այժմ արդեն յուրաքանչյուրս լավ գիտակցում ենք այդ եւ առավել գիտակցաբար օգնում, որ տարիների կորսվածը, լքվածն ու անտեսվածը նորից կյանք առնի:
Դրա վառ ապացույցն էր հուլիսի 7-ին Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 մարզադպրոցի վերաբացումը, որն իրականացավ «Տոնուս» ընկերության նախագահ, «Զեյթուն» մարզական ակումբի պատվավոր նախագահ Աշոտ Տոնոյանի անմիջական նախաձեռնությամբ եւ միջոցներով:
Բացման արարողությանը ներկա էին Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, Սպորտի պետական կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, փոխքաղաքապետ Արման Սահակյանը, Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ Քոթանջյանը, համայնքապետեր եւ այլ պատվավոր հյուրեր:
Ողջույնի խոսքում Ա. Քոթանջյանը արժեւորեց մարզադպրոցի վերածնունդը երիտասարդ սերնդի կյանքում` այն համարելով Աշոտ Տոնոյանի մեծահոգության եւ նվիրվածության արդյունք: Համայնքի բարգավաճման գործին մեծապես նպաստելու, նրա ապագայի մասին սրտացավորեն հոգալու եւ հասարակական լայնածավալ գործունեության համար Ա.Տոնոյանին շնորհվեց համայնքի պատվավոր անդամի կոչում: Թաղապետի պատվոգրերի, դրամական խրախուսանքի եւ թանկարժեք նվերների արժանացան համայնքի մի խումբ մարզիկներ, ովքեր հաղթանակներ են տարել եւ մրցանակային տեղեր զբաղեցրել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, Շախմատի համաշխարհային օլիմպիադայում:
Հայաստանի Հանրապետությունում սպորտի զարգացման գործում Ա. Տոնոյանի բացառիկ ավանդի համար Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նախագահ` Գագիկ Ծառուկյանը «Օլիմպիական ոսկե շղթա» շնորհեց նրան: Աշխարհում այդ բարձրագույն օլիմպիական պարգեւին արժանացել է ընդամենը մի քանի տասնյակ մարդ:
Աշոտ Տոնոյանն ունի ներքին հավատ եւ ներքին անխախտ գիտակցություն, որ Հայաստանն է մեր ինքնության դրսեւորման առանցքը եւ պետք է ամեն ինչից վեր դասել մեր ներկա սերնդի դաստիարակությունը: «Չկան վատ երեխաներ, այլ կան անուշադրության մատնվածներ, որոնց հետագա խնամքը դառնում է ողջ հասարակության հոգսը», նշում է նա:
Միջոցառումը վերածվեց տոնակատարության: Մասնակիցներն ու հյուրերը շնորհավորանքի ու շնորհակալական խոսքեր ասացին նրանց` ում համար թանկ է մատաղ սերնդի ապագան, ովքեր գիտակցում են, որ սպորտը, առողջություն լինելուց բացի, նպաստում է նաեւ Հայաստանի եւ հայ ժողովրդի փառաբանմանն աշխարհում: