«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#126, 2006-07-07 | #127, 2006-07-08 | #128, 2006-07-11


ԹՈՂ ԿԱՐԻՆԵՆ ՎԵՐՋԻՆ ԶՈՀԸ ԼԻՆԻ

Այս սրտառուչ նամակի հեղինակը հունիսի 22-ին Սեբաստիայի փողոցում Սեդրակ Վահանի Զատիկյանին սպանած կրակոցներից պատահաբար զոհված անցորդ Կարինե Մանուկի Սարգսյանի (1969 թ. ծնվ.) ամուսինն է: Նա ոչ միայն ողբում է իր տիկնոջ եւ երեխաների մոր կորուստը, այլեւ «գայլերի ոհմակի կանոններով ապրող մեր հասարակության» կյանքը: Բայց նաեւ ուժ է գտնում իր մեջ պատգամելուՙ «եթե մենք կարող ենք ներել, ներեք նաեւ դուք իրար, մի սպանեք»:

Հունիսի 22-ին մեր ընտանիքի համար պարտադրաբար փակվեց մի ամբողջ էջ, որը կիսեց մեր կյանքը Կարինեի կենդանության եւ նրա ֆիզիկական չգոյության շրջանների: Մեր ընտանիքին պարտադրվեց անդառնալի կորուստ, անափ ցավ, չսպիացող վերք կրող կյանք... Թերեւս պատահականությամբ Կարինեն միակ զոհն էր. կարող էին շատերը լինել... Այդ «երջանիկ» պատահականությունը որբացրեց Կարինեի երեք աղջիկներին: Այդ կույր փամփուշտը մի վայրկյանում եւ չգիտեմ ինչ արագությամբ մեծացրեց ավագ աղջկասՙ Լիլիթին, որը 15 տարեկանում պիտի մայրություն անի կրտսեր քույրերին: Մանկությունն ավարտվեց նաեւ 10-ամյա Արուսիկի համար, որի ճաշակած ցավը նրան սովորեցրեց լռակյաց, աչքերում արցունքը քարացած հրաժեշտ տալ մորը: Որբացավ նաեւ երկամյա Ագապին, որը, ճիշտ է, գուցե դեռ չի հասկանում եղելությունը, բայց շարունակ փնտրում է մորը եւ այլեւս չի գտնելու: Ես չեմ խոսում իմ մասին, ով կորցրեց ոչ միայն սիրելի կնոջն, այլեւ ամենահավատարիմ ընկերոջը: Ես չեմ խոսում Կարինեի հոր մասին, ով տեսավ զավակի մահը: Ես չեմ խոսում ուրիշ շատ բաների մասին: Ես խոսում եմ մանկահասակ երեք երեխաների մասին, որոնք ամբողջ կյանքում ապրելու են գիտակցմամբ, որ այս հասարակության կեղծ եւ մարդկային կյանք չարժեցող բարքերն իրենցից խլեցին մորը, զրկեցին մանկությունից, պարտադրեցին ճաշակել որբությունը: Այդ ո՞ր սկզբունքը, այդ ո՞ր վիրավորանքը կամ ինքնահաստատումը, այդ ո՞ր հարցի լուծումն արժեր հատուցման այս գինը... Այս անգամ հատուցման գինը վճարեց մեր ընտանիքը, բայց սա վերջը չէ, վաղն անմեղ այլ զոհեր կվճարեն իրենց հետ ոչ մի առնչություն չունեցող «հատուցման գին»:

Մեր կորուստը միայն մերը չէ, մեր կորստով գիտակցեք, թե ինչ եք դո՛ւք կորցնում, թե ինչ է կորցնում գայլերի ոհմակի կանոններով ապրող այս հասարակությունը: Մենք բոլորս կորցնում ենք միմյանց վստահելու, միմյանց աչքերի մեջ ուղիղ նայելու արժանիքն ու կարողությունը: Մենք ձեռք ենք բերել ատելություն, որն սպանում է, եւ անտարբերություն, որը խրախուսում է այդ սպանդը... Մարդը մարդու համար գայլ է մեր հասարակությունում... Բայց մենք մի արյունից ենք, մի ցեղից, մենք մի խմորից ենք ու մի ընտանիքից:

Իմ մեջ ատելություն չկա մեր կյանքը գլխիվայր շրջողների հանդեպ: Ես ատելություն չունեմ մեզ զավակից, կնոջից, մորից զրկողի հանդեպ: Մենք ապրում ենք անդառնալի կորստի անափ ցավի մեջ եւ, այդուհանդերձ, այդ ցավը մեզ ուժ է տալիս դուրս գալ ներողամտության ափ ու ասելՙ թող Կարինեն վերջին զոհը լինի: Մարդ, ով իր կյանքի վերջին վայրկյանին մարդու կյանք փրկեց, մարդ, ով իր կյանքով վճարեց մյուսի փրկության գինը: Եվ եթե մենք կարող ենք ներել, ներեք նաեւ դուք իրար, մի սպանեք... Թող դա էլ լինի Կարինեի կյանքը խլելու զղջումիՙ Ձեր վարքագիծը:

ԳԱՐՈՒՇ ԱՆՏՈՆՅԱՆ

Ահա երկու առիթ` հենց հիմա, թեժ ամռանը լարված քննարկումներ եւ ներկուսակցական աշխատանք ծավալելու համար. խորհրդարանական ընտրությունների աշնանային մեկնարկին եւ միջազգային ճնշմանը կազմ-պատրաստ դիմավորելու առիթները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4