ԹԱՄԱՐ ՄԻՆԱՍՅԱՆ
Պաշտոնական եռօրյա այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Լիբանանի արտաքին գործերի եւ սփյուռքի նախարար Ֆաուզի Սալուխի հետ ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը զրուցել է ինչպես հայ-լիբանանյան, այնպես էլ տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջը: Վարդան Օսկանյանն իր գործընկերոջը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերջին զարգացումները, հարեւան երկրների հետ հարաբերությունները, պրն Սալուխն էլ ներկայացրել է իրաքյան դեպքերի հանդեպ Լիբանանի վերաբերմունքը, Իսրայելի հետ իրենց կոնֆլիկտի մանրամասներ:
Հանդիպմանը հետեւած մամուլի ասուլիսին երկու երկրների նախարարները հաստատեցին, որ հայ-լիբանանյան համագործակցությունը բացարձակ լավ մակարդակում է, առկա են «բարի կամք եւ եղբայրական հարաբերություններ»: Վարդան Օսկանյանը նշեց, որ Լիբանանում տեղի ունեցած քաղաքական խառն իրավիճակի պատճառով երկու երկրների տնտեսական հարաբերություններն այդքան էլ ակտիվ չէին, սակայն հույս հայտնեց, որ նախարարի այցով հարաբերությունները կակտիվանան: Ֆաուզի Սալուխն էլ հանդիպումը «շատ կառուցողական» որակեց: «Լիբանանը հայկական մի մեծ համայնքի տուն է, եւ մենք հպարտ ենք, որ այդպիսի քաղաքացիներ ունենք, ուրախ ենք այն դերի համար, որ իրենք ունեցան Լիբանանի պատմության մեջ 1975-1990 թթ.», նշեց պրն Սալուխը:
Պատասխանելով «Ազգի» հարցին` ինչպե՞ս է Լիբանանը լուծել երկքաղաքացիության խնդիրը, ի՞նչ իրավունքներ ու պարտականություններ ունեն Լիբանանի քաղաքացիները Լիբանանում եւ երկրի սահմաններից դուրս, պրն Սալուխն ասաց, որ իրենք հպարտ են աշխարհով մեկ սփռված 15 մլն լիբանանցիներով, ովքեր ողջ աշխարհում մասնակցում են քաղաքակրթության, մշակույթի զարգացմանը եւ արժանի են Լիբանանի քաղաքացի լինելու: Վարդան Օսկանյանն ավելացրեց, որ իրոք մեր երկրի համար կարեւոր եւ հետաքրքրական է Լիբանանի փորձը, եւ հայկական կողմը Լիբանանի օրենսդիրների միջոցով կծանոթանա լիբանանյան օրենքներին:
Խոսելով ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման մասին` Լիբանանի արտգործնախարարը նշեց, որ իրենք ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե կրոնական, այլ հողային հակամարտություն են դիտում, եւ պատրաստ են օգտագործել իրենց ջանքերն ու «աջակցել նրանց, ովքեր փորձում են այս խնդիրը խաղաղ հիմքով լուծել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի եւ Ադրբեջանի կառավարության միջեւ: Մենք համոզված ենք, որ կռիվներն ու պատերազմները չեն բխում հակամարտող կողմերի շահերից, դիվանագիտությունը եւ խաղաղ բանակցություններն են ճանապարհը: Մենք հուսով ենք խաղաղ վերջաբանի, որը կբավարարի երկու կողմերին»:
Պատասխանելով լրագրողների հարցին` մեր երկրի արտաքին գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց, որ այժմ Երեւանն ու Բաքուն որեւէ խորհրդակցություն չեն վարում` ղարաբաղյան հակամարտության կողմերի դիրքորոշումների մերձեցման նպատակով: Նա չի բացառել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի նախատեսվող այցը տարածաշրջան կարող է որոշ աշխուժություն մտցնել խաղաղ գործընթացում, սակայն ավելացրեց. «Դժվարանում եմ ասել` արդյոք ամերիկյան կողմը հանդես կգա՞ նոր նախաձեռնություններով»: ՄԽ համանախագահների հայտարարությունը, թե սպառել են նոր առաջարկներ ներկայացնելու իրենց երեւակայությունը, Վարդան Օսկանյանը չի համարում որպես ՄԽ գործընթացներին վերջ դնելու հայտարարություն, նրանք «պարզապես ցանկացել են ասել, որ սա նախարարների եւ նախագահների` 2 տարվա քննարկումների հավասարակշռված սինթեզն է: Երբ կողմերը սկսեն այլ ուղղությամբ տանել, երեւի թե նոր երեւակայությունների հնարավորություններ կլինեն: Մենք մի քանի անգամ հայտարարել ենք, որ միջնորդների առաջարկած տարբերակն ընդունելի ենք համարում: Այդ փաստաթուղթն իդեալական չէ, սակայն պարունակում է փոխզիջումների ճիշտ համամասնություն: Մենք շարունակում ենք հուսալ, որ Ադրբեջանը կվերադառնա բանակցային սեղանին` միջնորդների այդ առաջարկը քննարկելու համար»:
Ռուս-վրացական սահմանի Վերին Լարս հսկիչ անցագրային կետի փակվելուց առաջացած խնդիրները լուծելու ուղղությամբ, Վ. Օսկանյանի հավաստմամբ, հայկական կողմն ակտիվորեն աշխատում է: Նա շնորհակալություն հայտնեց Վրաստանին, որը սահմանի վրա կուտակված հայկական բեռնատարներին թույլ է տվել անցնել Ռոքի թունելով` միեւնույն ժամանակ ավելացնելով, որ սա խնդրի լուծում չէ, վրացական կողմն այս անգամ «բացառություն է արել մեզ համար, ինչն այլեւս չի արվի»:
Ինչ վերաբերում է Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողությունների ծրագրի բանակցություններին` Վ. Օսկանյանը տեղեկացրեց, որ հուլիսի 1-ից Եվրոմիության նախագահությունը ստանձնած Ֆինլանդիան կողմ է, որ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում Հայաստանի գործողության ծրագրի բանակցություններն ավարտվեն հնարավորինս արագ: Քննարկումների համար տասն օրից Երեւան կժամանի Ֆինլանդիայի դեսպանը: «Ֆինլանդիան կողմ է, որ այս փաստաթուղթը ստորագրվի երկու ամսվա ընթացքում: Մենք հուսով ենք, որ ԵՄ բանակցությունների ձգձգումը երրորդ երկրների հետ այլեւս չի ազդի Հայաստանի եւ Եվրոմիության հարաբերությունների զարգացման տեմպի վրա», նշեց Վ. Օսկանյանը: