ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հայազգի եղբայրներ Արթուր Մարգարյանին եւ Արթուր Սարգսյանին հովանավորել է Քենիայի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյա Ուինի Վանգուին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, եղբայրների հետ կապված պատմությունը հետաքննող հանձնաժողովը նախօրեին հրապարակել է որոշ տեղեկություններ, ըստ որոնց տիկին Վանգուին, որը հայտնի քաղաքական գործիչ եւ գործարար Մերի Վամբուիի դուստրն է, զանգահարել է մայրաքաղաք Նայրոբիի օդակայան եւ խնդրել համապատասխան պաշտոնյային հայազգի եղբայրներին անցկացնել բարձրաստիճան պաշտոնյաների եւ պատվավոր հյուրերի համար նախատեսված VIP սրահով:
Դրանից հետո օդակայանում միջադեպ է տեղի ունեցել, երբ եղբայրները հրաժարվել են բացել իրենց պայուսակները եւ զենք հանել: Միջադեպից հետո եղբայրները արտաքսվել են Քենիայից առանց հետաքննության, ինչը առաջացրել է Քենիայի ընդդիմության զայրույթը: