Սակրամենտոյից (Կալիֆոռնիա) ստացված հաղորդագրությունը տեղեկացնում է, որ հունիսի 27-ին Կալիֆոռնիայի նահանգային ասամբլեայի դատաիրավական հանձնաժողովը ձայների 6 կողմ եւ 1 դեմ հարաբերությամբ որոշում է ընդունել թույլատրել Եղեռնից փրկվածներին եւ նրանց հետնորդներին հետ ստանալու Օսմանյան կայսրությունում գործող բանկերում ներդրած իրենց գումարները: «SB 1524» բանաձեւի օգտին արտահայտվելիս Մ. Նահանգների արեւմտյան տարածաշրջանի Հայ դատի տնօրենների վարչության անդամ Սյուզի Ծերունյան-Խանզադյանը նշել է, որ գումարների վերադարձը երբեք չի կարելի գործադրված վայրագությունների փոխհատուցումը համարել: «Դա պարզապես արդարության կիրառումն է որոշ բանկերի դեմ, որոնք օգտվելով առիթից այդ գումարները մինչեւ օրս պահել են եւ շարունակել են օգտվել դրանցից», ասել է նա:
Ըստ հաղորդագրության, նախքան քաղաքապետի հաստատմանը ներկայացնելը բանաձեւը պետք է քննարկվի նաեւ ասամբլեայի ընդհանուր նիստում, որն ակնկալվում է օգոստոսի 7-ին: Նահանգային սենատն արդեն ընդունել է բանաձեւը, որի հեղինակներն են սենատորներ Ջեկի Կանչելյան-Սփիերը եւ Չարլզ (Չաք) Փուչիկյանը:
Հ. Ծ.