«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


ՄԵՐ ՋՈՒՐԸ ՉԵՆՔ ՏԱ ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ

ԱՄՆ ՄԶԳ-ն փորձում է զարգացնել Հայաստանի ջրային ռեսուրսների կառավարման սկզբունքները

Հայաստանը մեր տարածաշրջանի միակ պետությունն է, որ չի ստորագրել Հելսինկյան կոնվենցիան: Սրա էական պահանջներից մեկն այն է, որ տարածաշրջանի ջրային ռեսուրսները պիտի հավասար բաժանվեն երկրների միջեւ: Եթե կոնվենցիան ստորագրող որեւէ կողմը մյուսի ռեսուրսը սահմանափակի, պարտավոր է փոխհատուցում վճարել նրան: Հարեւան երկիր գնացող ջրի ճամփան կարելի է փակել ջրամբարներ կառուցելու կամ եղածների մեջ ջուրն ամբարելու միջոցով:

Տարեկան Հայաստանում ձնհալներից, անձրեւներից առաջանում է 9 մլրդ 49 մլն խմ ջրային պաշար, որի միայն 4 մլրդն է օգտագործվում Հայաստանում: Մնացած 5 մլրդ-ը հոսում է տարածաշրջանի երկրներ` Ադրբեջան ու Վրաստան: Այդ 9 մլրդ-ից 1 մլրդ 200 մլն խմ ձեւավորվում է անդրսահմանային Արաքս եւ Ախուրյան գետերում, ջրի մի մասը մեզ մոտ է, մյուսը գնում է հարեւան երկրներ:

Ի դեպ, բնական տեղադրությամբ ու կլիմայական առանձնահատկություններով պայմանավորված մեր հարեւան երկրներ շատ հաճախ գնում է մեր` արդեն մի անգամ օգտագործած ու աղտոտած ջուրը:

Կլիմայի համամոլորակային փոփոխությունները բարձրացնում են ջրի գոլորշացման տոկոսները, երաշտը չորացնում է հողը: Փորձագիտական տվյալներով, վերջին 20 տարում մոլորակի բնակչության թիվն ավելացել է 3 անգամ, ջրի օգտագործման ծավալները` 7 անգամ: Ենթադրվում է, որ 2025 թվականին բնակչության 65 տոկոսը ջրի խնդիրներ է ունենալու: Եվ պատերազմները ծագելու են ոչ թե նավթի, այլ ջրի պատճառով: Նոր իրողությունները նաեւ մեզ են ստիպում վերանայել ջրի կառավարման ավանդական սկզբունքները:

«Ջրի ազգային ծրագիրն» արդեն ներկայացվել է կառավարությանը, հաստատվել եւ այժմ Ազգային ժողովում է: Այն ներկայացնում է ջրային ռեսուրսների եւ ջրային համակարգերի պահպանության ու զարգացման հեռանկարային հայեցակարգը: «Ջրի ազգային ծրագրում» արդեն շեշտադրումներ կան, որ հետագայում մենք մեր ջուրն այդքան շռայլությամբ չենք բաժանի մեր հարեւաններին: Այս մասին երեկ տեղեկացրեց ԱՄՆ ՄԶԳ Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման ինստիտուցիոնալ եւ օրենսդրական հզորացման ծրագրի մասնագետ Մանուկ Մխիթարյանը: Բայց սա հավանական է միայն 20-30 տարի հետո, համապատասխան ֆինանսների առկայության դեպքում:

Ընդհանրապես, տարեկան ձեւավորվող ջրերը չհաշված, Հայաստանի ազգային ջրային պաշարները Սեւանա լճի, բնական լճերի նաեւ սառցադաշտերի ջրերի հետ կազմում են 36 մլրդ խմ: Հայաստանում արդեն 13 տարի չեն հաշվարկվում ստորերկրյա ջրի պաշարները: Մեր խմելու ջրի 96 տոկոսը հանվում է գետնի տակից: Սակայն տարբեր գնահատականներով, ստորերկրյա ջրային պաշարները գնահատվում են 1 մլրդ-ից մինչեւ 31 մլրդ խմ: Ադրբեջանցիները հակված են հնարավորինս շատ ենթադրություններ անելու Հայաստանի ջրային մեծ պաշարների մասին, ասելով, որ այդքանը շատ շատ է Հայաստանի համար, եւ բնական է, որ իրենց երկիր գա այդ ջրի մի մասը:

ԱՄՆ ՄԶԳ ջրային ռեսուրսների կառավարման ու հզորացման ծրագիրը աջակցում է հանրապետական կադաստրին` ջրային ռեսուրսների վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն կուտակելու (ջրի որակ, քանակ, ջրամբարներ եւ այլն) հարցում: Պատրաստվելու են միջնաժամկետ եւ երկարաժամկետ ծրագրեր: Սպասվում է, որ 2007 թվականի վերջին արդեն կավարտվի 7 տեղեկատվական եւ 1 ամփոփիչ տվյալների բազաների ստեղծումը: Այսօր արդեն ոլորտի տարբեր կառույցներ սկսել են իրենց մասնաբաժնով տվյալների հավաքումը: Հետագայում այդ բոլոր տվյալները կհրապարակվեն ինտերնետում:

Ծրագիրն օգնում է նաեւ մոնիտորինգային կայանների վերականգնմանը եւ նորերի կառուցմանը: Այդ կազմակերպություններին տրամադրվում են նաեւ ժամանակակից սարքավորումներ նոր մեթոդաբանությամբ աշխատող լաբորատորիաների համար:

ԿԱՐԻՆԵ ԴԱՆԻԵԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4