Փամբակցի այս երիտասարդ մարդիկ եւս աշխարհի բնակչության մի փոքրիկ մասնիկն են: Աշխարհի երիտասարդության մեկ քառորդը ստիպված է ապրել օրական 1 դոլարով, տվյալներ էր տարածում երեկ ՄԱԿ-ը` նշելով աշխարհի բնակչության օրը: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Փամբակ գյուղի դպրոցն այս տարի ավարտեց 14 երիտասարդ: Եթե իրար գումարենք նրանց ծնողների ստացած եկամուտները` դրանք կկազմեն ընտանիքի շնչի հաշվով օրական 1 դոլարից մի փոքր ավելի կամ պակաս: Չգիտեմ` այս երիտասարդները ՄԱԿ-ի հրապարակած վիճակագրության մեջ հաշվառվա՞ծ են, բայց նրանք այդ մասին ոչինչ չգիտեն: Նրանք ամեն օր ապրում են իրենց դժվարին կյանքով, աշխարհի հետ հաղորդակցվում միայն հեռուստացույցով, օգնում իրենց ծնողներին օրվա հաց վաստակելու, շատերն իրենց գյուղից որեւէ տեղ մեկ անգամ էլ չեն մեկնել: Նրանք չեն ապրում Երեւանի երիտասարդության սրճարանային կյանքով, չունեն աշխատանք փնտրել-գտնելու, ուսումը շարունակելու մայրաքաղաքային երիտասարդության հնարավորությունները, առիթ չեն ունեցել եւ հավանաբար չեն ունենա իմանալու` ի՞նչ բնատուր ձիրքերով են օժտված իրենք, ինչո՞վ են ուտում ժողովրդավարությունը կամ ի՞նչ է դա: Բայց նրանք եւս զգում եւ տեսնում են ճիշտ այնպես, ինչպես մայրաքաղաքային երիտասարդները, նույնքան գեղեցիկ են: Նրանց միակ մեղքն այն է, որ ծնվել են փախստական ծնողներից եւ չունեն այն մեկնարկային հնարավորությունը, ինչ որ մայրաքաղաքի երիտասարդներն ունեն: Ապրում են աշխարհից կտրված մի գյուղում, որտեղ հնար չկա դրսեւորվելու, զբաղմունք գտնելու, վերջապես իրացնելու սահմանադրությամբ բոլորին տրված աշխատելու իրավունքը: Նրանց մասին հեռուստաալիքները չեն պատմում` ո՞վ է գժվել վառելիք ծախսել եւ Սեւանի արեւելյան ափի սահմանամերձ հատված մեկնել: Հեռուստաալիքներն ամեն օր զբաղված են երկու տասնյակ մարդկանց անընդհատ ցուցադրելով` այս մեկը սա ասաց, այն մեկն այս մեկին պատասխանեց, երրորդն այսպես պատասխանեց առաջին երկուսին եւ այդպես շարունակ: Այսպես ամեն օր Հայաստանի երեք միլիոնը լսում է, թե ի՞նչ ասաց այդ քսան մարդը, ո՞ւր գնացին, որտեղի՞ց եկան, ի՞նչ մեքենա են վարում, ի՞նչ հագուստ են կրում, ի՞նչ տներ ունեն` ո՞ւմ անուններով: Իսկ թե ի՞նչ են ասում երեք միլիոնի սովորական մասնիկները` այդ մասին լռում են, ոչինչ չեն ասում: Այդպիսով, կա երկու Հայաստան` էկրանի Հայաստանը եւ սովորական մարդու Հայաստանը, որոնք այդպես էլ իրար չեն հանդիպում գոնե հեռուստաէկրանին: Սովորական Հայաստանի անունը ընտրազանգված է, որին առանց անհարմար զգալու մեջ-մեջ են անում այն 20 հոգին բոլոր մեծ ընտրություններից առաջ: Իսկ թե ո՞նց պիտի ապրեն, ինչպե՞ս պետք է ապագա կառուցեն այս 14 երիտասարդները, առհասարակ Հայաստանի սահմանամերձ գոտու երիտասարդ մարդիկ, այդ մասին միայն դատարկ կարգախոսներ են հնչում:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ