«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


«ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ» ՆԵՐԽՈՒԺԵՑ ՆԱԵՎ «ՀԱՅ ՍՈՒՊԵՐ ՍԹԱՐ» ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Մրցույթից դուրս մնաց ամենաարժանավորըՙ Աննա Ավետյանը

Ամեն կիրակի «Շանթ» հեռուստատեսությամբ «Հայ սուպեր սթար» մրցույթը դիտողներն անակնկալ շատ պահեր էին ապրել, սակայն այն, ինչ տեղի ունեցավ վերջին 3 մասնակիցներիՙ Աննա Ավետյանի, Սուսաննա Պետրոսյանի եւ Միհրան Ծառուկյանի ելույթները երկուշաբթի երեկոյան ամփոփելու ժամանակ, վեր էր մեր բոլոր սպասելիքներից: Մինչեւ վերջին պահը գրեթե անհեթեթ էր թվում հավատալ Էրիկիՙ «Միհրան, դու մնում ես, Աննա, դու ես դուրս գալիս մրցույթից» խոսքերի իսկությանը, սակայն երբ Աննան հրավիրվեց վերջին անգամ երգելու, ամբողջ նախագիծն իմաստազրկվեց ու թող ներվի ասել, նաեւ հեղինակազրկվեց, որովհետեւ մրցույթից դուրս մնաց ամենատաղանդավոր մասնակիցը, որն իր հանդուգն ու շլացնող կատարումներով, հայ երգչուհու նոր ու անսովոր որակով մեզ ուղղակի գամում էր հեռուստաէկրանի առջեւՙ պարգեւելով անկրկնելի պահեր, ապացուցելով, որ իր նման տաղանդավորներն այսօր ասպարեզում չենՙ ապաշնորհների ճարպիկ խաղերի պատճառով: Այս մրցույթին այդ խաղերից չազատեց անգամ նախագծի բրիտանական լինելը, եւ Միհրան Ծառուկյանի ողջ գերդաստանը ոտքի ելավ հարցերը լուծելու «հայկական տարբերակով»ՙ միայն թե տղան կոչվի «հայ սուպեր սթար», միայն թե դեռատի կույսերը «ղժժան» նրա համար: Իսկ թե ի՞նչ կլինի «ղժժոցից» հետո, քանի՞ սիրտ կկոտրվի, քանի՞ հոգի կնայեն իրար ու ոչինչ չեն ասի, իմանալով, որ պատվով հեռանալու կարողությունը մտքի հասունություն է պահանջում:

Երեկ ամբողջ օրը «Շանթը» դադար չի ունեցել բողոքի զանգերից, արդարությանը հավատալու համար ապտակ ստացած բազմաթիվ հեռուստադիտողներ հավաքվել են հեռուստաընկերության շենքի դիմացՙ արտահայտելու իրենց զայրույթը:

Հեռուստաընկերության տնօրեն Արթուր Եզեկյանի հետ «Ազգի» հեռախոսազրույցը կայացավ մրցույթի ժյուրիի անդամ Միքայել Պողոսյանի օգնությամբ միայն, քանի որ երեկ կատարվածի մասին նրա հետ հասցրել էինք արդեն զրուցել: «Ինչո՞ւ իրական հաղթողը դուրս եկավ մրցույթից», մեր հեռախոսային հարցին Միքայել Պողոսյանը պատասխանեց. «Ժյուրին ու կազմակերպիչները ոչինչ չեն կարող անել, որովհետեւ ամեն ինչ որոշվում է զանգերի քանակով, իսկ Միհրան Ծառուկյանի համար 8 հազար հոգի են ձայն տվել: Միհրանի բարեկամները դրան հասան «ընտրական տեխնոլոգիաներով», այլեւս թաքցնելու ոչինչ չկա եւ կարող եմ ասել, որ նրանք հեռախոսաքարտեր են բաժանել Երեւանի Մալաթիա-Սեբաստիա եւ մյուս տոնավաճառներում առեւտուր անող մարդկանց, դրա դիմաց պահանջելով իրենց ձայնը տալ Միհրանին: Սա բացահայտ անարդարություն է, եւ եթե Միհրանը նախընտրեց գնալ այս ճանապարհով, դրա համար կարելի է միայն ցավել: Եթե նույնիսկ նա դառնա «հայ սուպեր սթար», երբեւէ չի ունենա այն հաջողությունները, որ սպասում են Աննա Ավետյանին: Համաձայն եմ, որ Աննան արդեն իսկ հաղթել է»:

Նախագիծը Հայաստան բերելիս, անշուշտ, բրիտանացիները գաղափար չեն ունեցել հարցերը «հայկական տարբերակով» լուծելու մասին, նրանց մտքի ծայրով անգամ նման բան չէր կարող անցնել: «Նախագիծը մշակելիս բրիտանացիները հաշվի են առել, որ մասնակիցների համար միլիոնավոր զանգեր կլինեն եւ որեւէ ընտանիքի չի հաջողվի եղանակ ստեղծել մի քանի հազար զանգերով, ինչը հնարավոր է Հայաստանի նման փոքր երկրում: Մենք փորձեցինք խոսել Միհրանի հարազատների հետ, սակայն ոչ մի արդյունքի չհասանք», ասաց Եզեկյանը:

Իսկ թե ի՞նչ որոշում կկայացնեն բրիտանացիները, Եզեկյանի համար երեկ պարզ չէր, քանի որ այդպիսի նախադեպ նրանք չեն ունեցել:

Միքայել Պողոսյանն ու Արթուր Եզեկյանը վստահեցրին, որ «Շանթ» հեռուստաընկերությունն ամեն ինչ կանի, որ Աննա Ավետյանն առաջիկայում թողարկի իր առաջին ձայնասկավառակն ու տեսահոլովակը, հանդես գա մենահամերգներով, մասնակցի տարբեր մրցույթներին:

Ավելորդ չէր լինի ասել, որ Միհրան Ծառուկյանը վաղուց արդեն նախագծից դուրս եկած պիտի լիներ, նրա հարազատները պիտի կարողանան սթափ հայացքով նայել իրենց տղային, համոզվելու համար, որ նրա նման երգիչների պակաս, փառք աստծո չունենք, նույնիսկ ԱԼՄ -ում:

Ավելի ուշ «Հորիզոն» լրատվական ծրագրից տեղեկացանք, որ բրիտանացիների որոշմամբ Աննա Ավետյանը կմասնակցի մրցույթի եզրափակիչ փուլին:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4