Միշտ էլ մեծ հարգանքի են արժանի այն մարդիկ, ովքեր խոնարհ ու անխոնջ, առանց նյութական ու հոգեւոր ակնկալիքի իրենց գործն են անում, իրականացնում իրենց առաքելությունը: Այդ մարդկանց թվում անշուշտ Արգամ Այվազյանն է, մարդ, ով լուրջ ուսումնասիրող է, լուրջ գիտնական, որի ամեն մի նոր ուսումնասիրությունը հայագիտության, ազգագրության բնագավառում անչափ կարեւոր երեւույթ է դառնում: Այսպես է նաեւ նրա նոր ուսումնասիրությունը` «Գինեւէտ Գողթն» լուսանկարչական պատկերագիրք- պատմաազգագրական ակնարկը (Երեւան, 2006 թ., հեղինակային հրատարակություն, տպագրվել է «Գասպրինտ» տպագրատանը):
Մեր ժամանակների համար շքեղ այս հրատարակությունը ապացուցում է Արգամ Այվազյանի ուսումնասիրության հույժ կարեւորությունը: Առանց ծեքծեքումների, առանց ածականների ու մակդիրների առատության գրված քննախոսությունը լիովին բացում է բանաստեղծական այն աշխարհը, որը հայոց մեջ Գողթն է կոչվում, գինով առատ մի երկիր, որը ցավոք սրտի, այսօր Հայաստանի տարածքում չէ, թեեւ իր ամեն ինչով` մարդկանցով, եկեղեցիներով, տներով, կահ-կարասիով, տարազով, մտածողությամբ ու ոգով հայկական է: Աշխատության հեղինակը զուտ տարածքային-աշխարհագրական տեղեկանք չի տալիս, այլ ներկայացնում է Հայոց աշխարհի լուսավոր այն շրջանը, որն այսօր հարամու բերանում է: Իսկ քոչվոր, ուրիշ ունեցվածքին տեր կանգնած այս հարամին ամեն օր ու ամեն ժամ փորձում է ավերել եղածը:
Մի քանի ամիս առաջ ողջ աշխարհը ականատես եղավ, թե ինչպիսի անգթությամբ ոչնչացվեցին հայոց խաչքարերը Գողթն գավառի վրա այսօր թուխս նստած Նախիջեւանում: Ու այսպես, ամեն օր, ամեն ժամ վտանգված են ոչ թե միայն հայկական, այլեւ համաշխարհային մշակույթի բարձր արժեքները: Այս է, ահա, փորձում փրկել Արգամ Այվազյանը, համաշխարհային մշակույթի պատմության այս հատվածը: Եվ նա իր առաքելությունը կատարում է շատ ավելի մեծ վարպետությամբ, առավել բարեխղճորեն, քան գուցե կարողանար մեր օրերում անել որեւէ ինստիտուտ:
Տասնյոթ գիտական աշխատություն է հրատարակել Արգամ Այվազյանը, «Բանտված հայաշխարհ» ֆիլմաշարի «Խզված մեղեդի` Ջուղա» ֆիլմն է ստեղծել, այժմ էլ նրա սեղանին ութ պատրաստի գիրք կա, որ կարոտ են հրատարակման, նաեւ` նկարահանման պատրաստվող հինգ ֆիլմ... Եվ բոլորը Գողթն, Երնջակ, Նախճավան, Շարուր, Շահապոնք գավառների մասին:
Ազգագրության եւ հայագիտության համար անչափ կարեւոր նշանակություն ունեցող այս աշխատությունները լրջմիտ վերաբերմունքի դեպքում պետք է որ տպվեն պետական պատվերով, պետության հոգացությամբ: Այս ամենի իրականացումը սոսկ Արգամ Այվազյանի կամ բարերարների խնդիրը չէ, մշակութային քաղաքականություն է, որը վաղուց ի վեր (գոնե Հայաստանի անկախացումից հետո) պետք է իրականացվեր: Արգամ Այվազյանը չպիտի գնա այս կամ այն բարերարի, կամ նույնիսկ պետության դուռը: Վերջիններս պիտի գան եւ հարգանք մատուցելով այս գիտնականին, այս խոնարհ ուսումնասիրողին, իրենց համար պատիվ համարեն Արգամ Այվազյանի ուսումնասիրությունները հրատարակելու համաձայնությունն առնելը: Ամեն ինչի համար միջոց ու հնարավորություն գտնվում է: Այս դեպքում առավել եւս պիտի գտնվի: Թեեւ դժվար է, բայց ուզում եմ հավատալ, որ այսպես կլինի, որ կգտնվեն հայոց պատմության եւ հայ մշակույթի նվիրյալներ, ովքեր չեն ունենա նեղ-անձնական շահեր, չեն լինի սեփական գրպանի գերիներ: Այլապես հայ մշակույթի պահպանման այսօրվա պատասխանատուները վաղը, մյուս օրը իսպառ կմոռացվեն: Իսկ, ահա, Արգամ Այվազյանի գործը կմնա, գործ, որ նա այսօր անում է արյուն-քրտինքով: Ի վերջո, մեր պետական իշխանավորները պետք է հասկանան, որ եթե իրենք բարի խոսքով պիտի հիշվեն հայոց պատմության մեջ, ապա Արգամ Այվազյանի նման մարդկանց կատարած գործին աջակից լինելով նաեւ կարող են հիշվել:
Արվեստագետ Շահեն խաչատրյանը մի առիթով ասել է. «Մեր ժողովուրդն ունի յոթերորդ զգայարանի նման մի հատկություն, որից ծնվում են այնպիսի մարդիկ, որոնք իրենց շալակն են առնում այն կարեւորը, այն պատմականն ու անդառնալին, որը հանդիսանում է մայր հողն ու մշակույթը: Ահա այսպիսի մշակ ու գիտնական է Արգամ Այվազյանը, որի անունը ծանոթ է շատ շատերին»: Իսկ աշխարհահռչակ իտալացի գիտնական Պաուլո Կունեոն դեռեւս 1988-ին գրել է. «Հայագիտությունը եւ Նախիջեւանի պատմությունը վերջին 10-15 տարիներում հարստանում են Ձեր հրատարակած բազմաթիվ հոդվածներով ու գրքերով: Հայաստանի ակադեմիան պետք է հպարտանա Ձեզնով, քանզի Ձեր աշխատությունները լրացնում են այն բացը, որը տարիներ շարունակ չի կարողացել կատարել ակադեմիան»:
Արգամ Այվազյանի այս նոր` «Գինեւէտ Գողթն» ուսումնասիրությունը, որի շնորհանդեսը կկայանա հուլիսի 13-ին, ժամը 15-ին Հայաստանի գրողների միությունում, վերը ասվածի եւս մեկ հաստատումն է:
Կրկին անգամ հորդորեմ մշակույթի մեր այսօրվա պաշտոնատերերին. ձեր վաղվա օրը այսօր փրկեք Արգամ Այվազյանի նման մարդկանց գործերին տեր կանգնելով, այնպես, ինչպես Արգամ Այվազյանն է հայ մշակույթը փրկում պատմության համար:
ՍԵՐԳԵՅ ԳԱԼՈՅԱՆ