«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


ԲԱՑՎԵՑ «ՌԵԺԻՍՈՐՆԵՐ ԱՌԱՆՑ ՍԱՀՄԱՆԻ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԵՄԻՆԱՐԸ

Կինոյի բազմաթիվ մասնագիտությունների տեր Ալեքսանդր Ադաբաշյանը երեկ առավոտյան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում վարպետության դասընթաց էր կարդում հետաքրքրասերների համար: Պրն Ադաբաշյանը ներկայացրեց կինոյի ու կինոարտադրության վերաբերյալ իր պատկերացումները: Ադաբաշյանի համոզմամբ, կինոն մշակույթ չէ, դա արտադրանք ու արտադրություն է: «Ամեն բան, ինչպես կինոն, որն ունի ծննդյան թիվ, ունենալու է եւ վախճանի տարեթիվ: Տարիների ընթացքում կինոն անճանաչելիորեն կփոխվի, կմնա միայն սցենարիստի հաստիքը, քանի որ միշտ էլ պետք կլինի մեկը, որ սցենարներ գրի»:

Ադաբաշյանը նշեց, որ կինոն իբրեւ արտադրանք առաջինն ամերիկացիներն են ընկալել, եւ երբ Եվրոպան սկսում էր հանդիսատես կորցնել, Ամերիկան աշխատում էր 13-14 տարեկանների ճաշակի համար: «Նոստրադամուսը չեմ, որ կարողանամ ասելՙ վերջն ինչ կլինի, բայց հաստատ լավ կլինի», լավատեսական նոտայով հանդիպումն ավարտեց Ադաբաշյանը:

Փառատոնի շրջանակներում Ազգային պատկերասրահում բացվեց հայկական ֆիլմերի աֆիշաների ցուցահանդեսը, տեղի ունեցավ «Ռեժիսորներ առանց սահմանների» միջազգային սեմինարի առաջին հանդիպումը:

Փառատոնի կազմակերպիչներից Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ սեմինարի գաղափարը Մոհսեն Մախմալբաֆինն է, որն, ի դեպ, ներկա էր միջոցառմանը: Սեմինարին մասնակցում էին ռեժիսորներ ու կինոգործիչներ Վրաստանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Իրանից, Հայաստանից: Մախմալբաֆի խոսքերով, կինոն ժողովրդինն է, հատկապես այն մարդկանցը, որոնք BBC-ով կամ CNN-ով խոսելու ոչ մի ուժ չունեն: Նա հույս ունի, որ այս կազմակերպությունը կզբաղվի ժողովրդի խնդիրները ներկայացնելով: «Մշակույթը թռչունի պես պետք է կարողանա երկրից երկիր անցնել առանց որեւէ թույլտվության: Երբ Փարաջանովը խորհրդային բանտում էր, նրա «Նռան գույնը» ֆիլմը երկրից երկիր էր անցնում», ասաց Մոհսեն Մախմալբաֆը:

Թ. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4