«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#127, 2006-07-08 | #128, 2006-07-11 | #129, 2006-07-12


ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՍԵՌԱՊԵՍ ԱԿՏԻՎ ԵՆ, ԲԱՅՑ ԾՆԵԼԻՈՒԹՅՈՒՆԸ ԴՐԱՆԻՑ ՉԻ ԱՎԵԼԱՆՈՒՄ

Դեռահասների սեռական գիտելիքների, վերաբերմունքի եւ պահվածքի մասին տվյալներ ունենալու նպատակով «Հանուն ընտանիքի առողջության» համահայկական ասոցիացիան հարցում է անցկացրել, որին մասնակցել են քաղաքային 35 եւ գյուղական 20 բնակավայրերի 16-24 տարեկան 1100 երիտասարդներ: Նրանց 80,5 տոկոսն ամուսնացած կամ քաղաքացիական միության մեջ չի եղել, 1 տոկոսը միայնակ մայր է եղել, 0,9 տոկոսըՙ ամուսնալուծված, 0,5 տոկոսըՙ այրիացած: Սեռական հարաբերություն կամ դրա փորձն ունեցել է հարցված 16-24 տարեկան տղաների մոտ 80 տոկոսը, իսկ 16-24 տարեկան աղջիկներիՙ 38 տոկոսը, 22-24 տարեկաններիՙ 67 տոկոսը: Սեռական կյանքի մեկնարկը տղաները սկսել են 16 տարեկանից, աղջիկներըՙ 20: Պտղաբերության կարգավորման առաջին մեթոդը հարցվածների համար պահպանակի օգտագործումն էՙ սեռապես ակտիվ երիտասարդների 80 տոկոսը պահպանակ է օգտագործում: Երկրորդ մեթոդը հորմոնալ հաբերն ենՙ 20 տոկոսը դիմում է դրանց օգնությանը, իսկ երրորդ մեթոդը արհեստական վիժումն էՙ սեռական ակտիվ կյանքով ապրող աղջիկների 25 տոկոսը դիմում է աբորտի: Սեռական վարակի մասին նրանց գիտելիքների պատկերը հետեւյալն էՙ ԴԱՎ-ի մասին իմացել է 90 տոկոսը, սիֆիլիսի մասին ՙ 50 տոկոսը, գոնորեայիՙ 23 տոկոսը: 91 տոկոսն իմացել է, որ պահպանակի գործածումը կանխում է հղիությունն ու ԴԱՎ-ով վարակվելը: Իսկ որտեղի՞ց են երիտասարդները սեռական կյանքի մասին գիտելիքներ ստանում: Պարզվում է, որ 58 տոկոսի ծնողները երբեք չեն խոսել սեռական թեմայով, 29 տոկոսի ծնողները հազվադեպ են խոսել: Ծնողների համար ավելի դյուրին է խոսել աղջիկների, քան տղաների հետ: Երիտասարդների 66 տոկոսի հետ այդ թեմայով երբեւէ չեն խոսել նաեւ ուսուցիչները, վերջիններիս միայն 11 տոկոսն է այդ թեման շոշափել, այն էլՙ կամավորության սկզբունքով: Հարցված աղջիկների 75 տոկոսը եւ տղաների 85 տոկոսը երբեք չեն այցելել բուժհաստատություններ, այցելողների 43 տոկոսն այդ ծառայությունները բարյացակամ չի համարել, 25 տոկոսը ֆինանսական սահմանափակումներ է ունեցել, 11 տոկոսըՙ ֆիզիկապես անհարմարություն է զգացել:

Հիշյալ տվյալները երեկ ներկայացվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակումՙ բնակչության համաշխարհային օրվա առիթով հրավիրված մամլո ասուլիսում:

ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանի ասելով, ամեն տարի նշվող այդ օրը նվիրվում է աշխարհի բնակչության կոնկրետ խնդիրներին, այս տարի ընտրվել էին երիտասարդությանն առնչվող հարցերը, քանի որ ներկա պահին գրանցված է 25 տարեկանից ցածր տարիք ունեցողների երբեւէ գրանցված ամենամեծ թիվըՙ 3 մլրդ մարդ: Նրանց մոտ 30 տոկոսն ապրում է աղքատության շեմից ցածր, 57 մլն տղա եւ 96 մլն աղջիկ կարդալ-գրել չգիտեն, յուրաքանչյուր օր 6 հազար երիտասարդ վարակվում է ԴԱՎ-ով, եւ այլն, եւ այլն:

«Երիտասարդությունը կազմում է Հայաստանի ազգաբնակչության 24 տոկոսը, ունենք 780 հազար մինչեւ 25 տարեկան քաղաքացիներ: Անգրագիտության խնդիր մեզանում չկա, թեպետ վերջին տարիներին նկատվում է գրագիտության մակարդակի անկում: Մեզ մտահոգող խնդիրն այն է, որ մեր երկրում գրանցված ԴԱՎ-ով վարակվածների 40 տոկոսը 16-30 տարեկան է: Նրանց տոկոսը ցածր է, բայց աճի վտանգըՙ մեծ, որովհետեւ աշխատանքային միգրացիայի պայմաններում տղամարդկանց գերակշիռ մասը մեկնում է ԴԱՎ-ի բարձր ցուցանիշներ ունեցող երկրներՙ Ռուսաստան, Ուկրաինա եւ այլն:

Վիճակագրական տվյալներով, մեր երիտասարդների 40 տոկոսը գործազուրկ է, մասնագիտությամբ աշխատելու հնարավորություն չունի բարձրագույն կրթություն ունեցողների 22 տոկոսը: Ցավալի փաստ է նաեւ այն, որ երիտասարդների գերակշիռ մասը հավատ չունի ապագայի հանդեպ, հարցվածների 13 տոկոսը չի վստահում երկրի իշխանություններին: Փաստացի ունենք ծերացող հասարակություն, ծնելիության 1,1 տոկոս ցուցանիշով: Նշյալ խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում պահելու եւ դրանց լուծմանը նպաստելու համար 1995 թվականից գործող հիմնադրամն իրականացնում է առողջապահական, ժողովրդագրական եւ այլ ծրագրեր: Ներկա պահին զբաղված է ծնելիության ցածր ցուցանիշի պատճառների խորքային ուսումնասիրությամբ, քանի որ եվրոպական երկրների ցուցանիշները ցույց են տալիս, որ պատճառները սոսկ տնտեսական չեն, 1-2 երեխա ունեն նաեւ նյութապես ապահով ընտանիքները:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4